Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՍՏՈՐԵՆ՝ ՕՐՀՆԵԼ ԵՆ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆԸ

Փետրվար 05,2005 00:00

Ռազմաշուկայական
հարաբերությունները իրենց դրոշմն են թողնում «սուրբ գործերի» վրա Արաբկիր
համայնքում մինչեւ հիմա եկեղեցի չկա, չնայած դրա կառուցման հողհատկացումն արվել է
դեռեւս 1990 թվականին՝ Ժողովրդական դեպուտատների 26 կոմիսարների շրջանային խորհրդի
կողմից: Իսկ 1995 թվականին եկեղեցու նախագիծն ու մանրակերտն արժանացել է Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Ա կաթողիկոսի հավանությանն ու ստացել նրա օրհնությունը՝ անվանակոչվելով «Սուրբ
Հարություն»: Սակայն պարզվում է, եկեղեցի կառուցելն արդիական է մնում այնքան ժամանակ,
քանի դեռ դրանց զբաղեցնելիք տարածքները չեն գայթակղել ազդեցության որոշակի շրջանակ
ունեցող մարդկանց: Հաշվի առնելով «բենզալցակայանային» բիզնես ծավալած գործարարների
տարածքային հավակնությունները, Ազատության եւ Բաբայան փողոցները հատող անտառահատվածը
(«Հաղթանակ» զբոսայգի), չէր կարող վրիպել վերջիններիս աչքից: Արդյունքում՝ եկեղեցու
փոխարեն այժմ այստեղ մի քանի տարի է, ինչ գործում է բենզալցակայան, որն իր զբաղեցրած
տարածքով անհնարին է դարձնում եկեղեցու կառուցումը: Լուսանկարը մասամբ պատկերացում
է տալիս այդ անհնարինության մասին: Մամուլում հրապարակված տեղեկություններով, բենզալցակայանը
պատկանում է գեներալ Հայկազ Բաղմանյանին: Մեր տեղեկություններով, բենզալցակայանն
ունի օրինական թույլտվություններ, սակայն պետական մարմիններն ինչ սկզբունքով են նման
թույլտվություններ տալիս՝ մասնագետներին անհայտ է մնում: Եկեղեցու հողհատկացման,
օրհնության մասին փաստերն անգամ վավերացված են Գառնիկ Մարգարյանի ճարտարապետական
աշխատանքների գրքում (Տես Գ. Ղամբարյան, «Ճարտարապետ», 2002 թվական, էջ. 95-101):
Կառուցման նախաձեռնությունը ցուցաբերել են «Արաբկիր» հայրենակցական միությունը եւ
մի խումբ արաբկիրցիներ՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել կառուցման աշխատանքները:
Ժամանակին եկեղեցու կառուցումը պետական մարմինները հիմնավորել են հետեւյալ կերպ.
«Հարցը քննարկվել է շրջանային խորհրդում եւ ստացել է դրական արձագանք՝ որպես հայրենանվեր
գործ եւ որպես անհրաժեշտություն ժողովրդի հոգեւոր պահանջների բավարարման համար»:
Բայց, պարզվում է, շուկայական օրենքներն իրենց տեսանկյունն ունեն հայրենանվեր գործերի
վերաբերյալ: Արդյունքում՝ եկեղեցու համար ժամանակին գործադիր կոմիտեի կողմից
արաբկիրցիներին հատկացրած 1, 5 հեկտար հողատարածքում երկրորդ լուսանկարում պատկերված
եկեղեցին, ակնհայտորեն, հնարավոր չէ կառուցել: Ուշագրավ է, որ տարածքի օրհնությունից
բացի, տեղի է ունեցել նաեւ եկեղեցուն ժամանակավոր փոխարինող հուշաքարի հանդիսավոր
բացումը: Ավելին, գործադիր կոմիտեի որոշումով, սուրբ գործի համար նույնիսկ նախատեսվել
է մերձակա հարսանեկան ծիսակատարությունների սրահը եւ բացօթյա սրճարանը տեղափոխել
անտառահատվածի խորքը: Ի դեպ, երբ տեղում եղանք, պարզվեց, որ տեղափոխման ենթակա
օբյեկտներն առանձնապես չէին էլ խոչընդոտի եկեղեցու կառուցմանը: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել