Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԷԼԻ ԽԱԽՏՎԵՑ

Փետրվար 05,2005 00:00

ԱԺ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԷԼԻ ԽԱԽՏՎԵՑ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը
երեկ հետաձգեց նախորդ նստաշրջանը բոյկոտած ընդդիմադիր 24 պատգամավորների բացակայությունների
հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ քվեարկությունների կեսից ավելին բացակայած այլ պատգամավորներ՝
Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Սարգսյանը եւ այլք, բժշկական կամ այլ փաստաթղթեր էին ներկայացրել,
եւ նրանց բացակայությունները համարվել էին հարգելի: Իսկ ընդդիմադիրների բացակայությունների
հարցի քննարկման հետաձգման հայտարարված պատճառն այն էր, որ ԱԺ կանոնակարգի փոփոխությունները,
որոնցով փորձ է արվել կանոնակարգել օրենսդրական աշխատանքի բոյկոտը, պաշտոնապես հրապարակվել
են հունվարի 31-ին եւ ուժի մեջ կմտնեն փետրվարի 9-ին: Պետաիրավական հանձնաժողովը
նպատակահարմար համարեց քննարկումը հետաձգել նաեւ այն պատճառով, որ ընդդիմադիրները
ներկա չէին նիստին, թեեւ նախօրոք պաշտոնապես ծանուցվել էին: Այս հետաձգմամբ,
սակայն, խախտվեց ԱԺ կանոնակարգը, որի համաձայն՝ մինչ նստաշրջանի սկիզբը պետաիրավական
հանձնաժողովը պետք է քննարկի նախորդ նստաշրջանից բացակայությունների հարցը եւ առաջին
լիագումար նիստի քննարկմանը ներկայացնի համապատասխան եզրակացություն ու որոշման նախագիծ:
Եվ կանոնակարգի այս դրույթը հիշեց ոչ միայն դրա հեղինակը՝ «Արդարություն» խմբակցության
քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, այլ նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Վերջինս նշեց. «Կարծում եմ, կար կանոնակարգի խախտում: Բայց որովհետեւ նաեւ բացակայողների
եւ հանձնաժողովի միջեւ կա վեճ հին եւ նոր կանոնակարգերի վերաբերյալ, փորձեցինք վեճը
սահմանափակել նրանով, որ հանձնաժողովի հաջորդ նիստին նորից անդրադառնանք խնդրի քննարկմանը»:
Նշենք նաեւ, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը
հանձնաժողովի անդամներին հայտնեց, թե ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն իրեն տեղեկացրել
է, որ կոալիցիան է որոշել հետաձգել տվյալ հարցի քննարկումը: «Շառը մի՛ գցեք կոալիցիայի
վրա: Մենք նման որոշում չենք կայացրել»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել