Կոմունիստ
Խորեն Սարգսյանը՝ Հայաստանի եվրոպական քաղաքականության մասին «Այսօրվա պառլամենտի
դժբախտությունն այն է, որ կոմունիստական խմբակցություն չկա: Տարբեր պետությունների
կոմունիստ պատգամավորների հետ բավականին օգտակար աշխատանք էինք տանում: Եթե այսօրվա
խորհրդարանականները խիղճ ունենան՝ դա չեն ժխտի»,- կարծում է կոմունիստ, նախկին խորհրդարանական
Խորեն Սարգսյանը: Քանի որ նա հայկական պատվիրակության շրջանակներում նաեւ եվրոպական
կառույցներում աշխատանքի փորձ ունի, այսպիսի կարծիք էլ հայտնեց. «Այդ եվրոպական պառլամենտ
(այսպես է Թռչունիչը անվանում ԵԽԽՎ-ն- Ն. Գ.) հասկացությունն այսպիսին է՝ եթե մի
բան են ասում եւ դու այսօր դա կուլ ես տալիս, երկրորդն ավելի են խտացնում, եւ այդպես
շարունակ»: Վերհիշելով եւ համեմատականներ տանելով իր ժամանակների եւ ներկայիս խորհրդարանական
պատվիրակների աշխատանքի միջեւ՝ Խորեն Թռչունիչն ասում է. «Իմ եղած ժամանակ միշտ եղել
է կռիվ, պայքար. ցավոք, ես ըմբոստությունը ե՛ւ մեր պատգամավորների հետ էի տանում,
ե՛ւ նրանց: Այդ պայքարը զսպաշապիկ էր, եւ շատ բաների դեմն առնում էինք: Այսօր դա
չկա, դրա համար էլ այդպիսի փաստաթուղթ ընդունվեց»։ Փաստաթղթի առիթով Խ. Սարգսյանի
տեսակետն այսպիսին է. «Ինչքան էլ ասեն դա նշանակություն չունի՝ դա մեծ նշանակություն
ունի, այն էլ՝ բավականին խոցելի տեղերով: Ես չգիտեմ՝ մեր մեջ ուժ կգտնե՞նք սրա դեմն
առնելու: Իսկ եթե սրա դեմը չառանք, հաջորդը ճնշման տակ կլինի, եւ ամեն ինչ էլ կանեն
այնպես… Էդ պետությունների անձնական շահն ավելին է, քան այդքան որ խոսում են մարդկայնությունից,
մարդու իրավունքներից: Ինչքան էլ քարկոծեն՝ մարդու իրավունքները լավագույնս պաշտպանված
էին ԽՍՀՄ-ում»: Ի ապացույց վերջինիս, մեր զրուցակիցը վերհիշեց անվճար ուսումն ու
առողջապահությունը, ծնող-երեխա փոխադարձ պարտավորությունները: «Ասում եք՝ կթվորուհի
պատգամավոր էիք բերում. այո, նրա յոթը պորտը նայում էին՝ բարոյական է էդ կինը, ընտանիքը:
Իսկ օրենքները ստեղծվում էին գիտության ակադեմիայում, բարձրագույն հաստատություններում,
մեծ, խելոք մարդիկ աշխատում էին՝ օրենքը դառնում էր օրենք, ակադեմիկն էլ էր ձեռք
բարձրացնում, կթվորուհին էլ: Մարդու իրավունքն էն է, որ մարդը ծնվել է՝ պետք է ապրի:
Խորհրդային Միությունը դա տալիս էր: Մարդն իրեն մարդ էր զգում, էն՝ ինչ որ արտասահմանում
չկար»: «Աստված ոչ անի, որ վաղը-մյուս օրը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները
գործի վերածվեն: Այսօր Հայաստանում հերթ հասկացությունը մի տեղ է՝ Ամերիկայի դեսպանատան
մոտ: Իսկ մեզ ասում էին՝ խանութներում հերթ կար: Է, մարդը գումար ուներ, գնում առեւտուր
էր անում»,- ասում է Խորեն Թռչունիչը ու հավելում. «Եթե ՀՀ իշխանություններն ու քաղաքական
գործիչները նույն մեխին չխփեն՝ սա է: Կարապ, խեցգետին, գայլաձուկ. սայլն էլ մնացել
է տեղում: Հաղթանակը կար, բայց այն պահել է պետք: Էդ Եվրոպայի դռները մենք խի նո՞ր
ենք ծեծել. 300 տարի առաջ մեր պապերը գնացին ու խեղճուկրակ հետ եկան: Էդ էն ժամանակ
նավերը մեր լեռները չէին ելնում, հիմա ելնո՞ւմ են»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ