Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ-Ն ՊԻՏԻ ՆԵՐԳՐԱՎՎԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

Փետրվար 05,2005 00:00

Ըստ Եվրախորհրդի Նախարարների
կոմիտեի Հայաստանի պարտավորությունների դիտարկման հանձնախմբի զեկույցի՝ այս պնդումն
արել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դեսպան Ռոլանդ Վեգեների ղեկավարած
այս հանձնախմբի 5-րդ ընթացիկ զեկույցի մի բաժին նվիրված է Հայաստանին, մի բաժին էլ՝
Ադրբեջանին, եւ առանձնակի անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղին: Այս բաժնում նշվում
է, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը մոտ չի թվում գլխավորապես փոփոխված
հանգամանքների պատճառով՝ Հայաստանը չի շտապում հասնել լուծման, իսկ Ադրբեջանը թվում
է՝ այլեւս չի շտապում. «Հայաստանը բավարարված է թվում առկա վիճակից՝ փաստացի անկախություն
է ապահովված Լեռնային Ղարաբաղի համար եւ առավելություն այն հիմքով, որ գրավված են
Ադրբեջանի 7 շրջաններ: Իսկ Ադրբեջանը կարծում է, թե ինչքան ավելի շատ ժամանակ անցնի՝
այնքան ավելի կզարգանա երկիրը, կդառնա ավելի հարուստ եւ առավել հստակ ու ակնհայտ
կդառնա տարբերությունն իր հարեւանի համեմատ»: Նախարարների կոմիտեի հանձնախումբը,
ըստ այս զեկույցի, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում ընդգծել է, թե Եվրոպայի խորհուրդը
հակամարտության խաղաղ կարգավորումը դիտարկում է իբրեւ պարտավորություն, որի կատարումը
պիտի վերահսկի այնպես, ինչպես եւ՝ այլ պարտավորություններինը, որոնք երկու երկրներն
առայժմ չեն կատարել. «Եվ քանի դեռ այս պարտավորությունը չի կատարվել՝ դիտարկման գործընթացը
չի ավարտվելու»: Պատվիրակությունը նաեւ նշել է, թե հակամարտության լուծումների փնտրտուքը
չի փոքրացնելու ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին առաջադրվող պահանջը, որ իրականացվեն
ներքին ժողովրդավարական բարեփոխումներ. «Եվ հակառակը՝ այս ոլորտում առաջընթացը կխթանի
կարգավորումը»: Հայկական եւ ադրբեջանական կողմերը Ռոլանդ Վեգեների գլխավորած
պատվիրակությանն են ներկայացրել իրենց տարաբեւեռ գնահատականները բանակցային գործընթացի
վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ երկու կողմն էլ Աստանայում քննարկումները համարել են օգտակար,
սակայն հայերը, ըստ ադրբեջանցիների՝ առաջարկներին արձագանքել են երկամսյա լռությամբ.
«Մյուս կողմից էլ՝ հայերը պնդում էին, թե իրենք մտադիր էին դրականորեն պատասխանել
Աստանայում արված առաջարկներին, սակայն Ադրբեջանի նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր
Վեհաժողովի օրակարգում գրավյալ տարածքների հարցը ներառելու վերաբերյալ, հարցական
դարձրեց ամեն ինչ»: Զեկույցում մեջբերված են Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, թե այս նախաձեռնությունը
մշակված էր բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար, եւ դա վտանգեց այն մանդատը,
որն ինքը ստացել էր Լեռնային Ղարաբաղի իշխանություններից բանակցություններ վարելու
համար: Ուստի նա ԵԽ Նախարարների կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ պնդել
է, թե Ղարաբաղը պիտի ներգրավվի բանակցություններում, եթե ձախողվի այս գործընթացը:
Ըստ զեկույցի, սակայն՝ «Նախագահ Ալիեւն ասաց, որ դա քաղաքական նախաձեռնություն չէր,
որը մշակվել էր բանակցային ձեւաչափերի քանակը մեծացնելու համար, այլ կանխարգելիք
միջոց, որը պայմանավորված էր բանակցություններում ոչ բավարար առաջընթացով եւ այն
փաստով, որ այդ ընթացքում հայերը վերաբնակեցնում էին ադրբեջանական տարածքները»: Պատվիրակությունն,
ըստ զեկույցի, երկու կողմին էլ հիշեցրել է, թե ժամանակը ոչ մեկի օգտին չէ, քանի որ
ձգձգվող հակամարտությունը լրջորեն խոչընդոտում է երկու երկրների ու նաեւ տարածաշրջանի
զարգացումը. «Թշնամանքի տարիներից հետո այժմ հարկավոր է վերջ տալ անցյալին եւ քաջություն
ունենալ խաղաղություն հաստատելու համար: Դուր է գալիս դա, թե ոչ՝ երկու երկրների
ճակատագրերը փոխկապակցված են եւ նրանք երկուսով պիտի գրավեն իրենց օրինական տեղը
եվրոպական կառույցներում»: Եվ դիտարկման հանձնախմբի այս զեկույցի հիման վրա
Նախարարների կոմիտեի ներկայացուցիչները հունվարի 19-ին իրենց 912-րդ հանդիպման ընթացքում
որոշում են ընդունել, որը վերաբերում է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին: Մասնավորապես՝
երկու երկրներին կոչ է արված, որ առավել արդյունավետ դարձնեն իրենց ջանքերը՝ գտնելու
Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծումը՝ այն պարտավորությունների համաձայն, որոնք
տրվել են ԵԽ Նախարարների կոմիտեին եւ ԵԽԽՎ-ին: Կրկին հիշեցնենք, որ հաջորդ զեկույցն
այս հանձնախումբը ներկայացնելու է 2005-ի ամռանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել