Ո՞Վ ԿԼԻՆԻ ԱԶԳԱՅԻՆԻ ՄՐՑԱԿԻՑԸ Պատասխանը, հավանաբար, կիմանանք մոտ օրերս, իսկ մինչ այդ՝ ՀՖՖ ղեկավարությունը աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայում: Իր վերջին ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով լրագրողների՝ 2005 թվականին Հայաստանի ազգային հավաքականի անցկացնելիք ընկերական հանդիպումներին վերաբերող հարցին, ասաց, որ ներկայումս առաջարկ կա երկու երկրներից՝ Մեքսիկայից եւ Սաուդյան Արաբիայից, եւ հիմա մեր ֆեդերացիան նրանց հետ բանակցությունների փուլում է: Սակայն երեկ Ռուսաստանի ինտերնետային մարզական կայքերը տեղեկատվություն են տարածել, թե մեքսիկացիները մարտի 9-ին ընկերական խաղ են անցկացնելու ֆուտբոլի աշխարհի 2006 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հարավային Ամերիկայի գոտու առաջատար Արգենտինայի հավաքականի հետ: Ստացվում է, որ ՖԻՖԱ-ի սահմանած ընկերական հանդիպումների այդ օրերի համար Հայաստանի հավանական մրցակից մնում է միայն Սաուդյան Արաբիան: Սակայն հարցի վերջնական եւ սպառիչ պատասխան, հավանաբար, կստանանք ՀՖՖ նախագահի Հայաստան վերադառնալուց հետո: Նա ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի հետ գտնվում է Շվեյցարիայի Նիոն քաղաքում: Նրանք երեկ մասնակցեցին ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների եւ գործադիր տնօրենների արտահերթ նստաշրջանին: Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունում երեկ մեզ տեղեկացրին, որ նստաշրջանի օրակարգի բազմաթիվ հարցերի թվում է նաեւ ՈՒԵՖԱ-ի «Առաջնահերթ գործադիր ծրագիր» փաթեթի շնորհանդեսը, ինչպես նաեւ «Հեթ-տրիկ» ծրագրի փոխկապակցվածության խնդրի քննարկումը վերոհիշյալ ծրագրի հետ: Եվրոպական ֆուտբոլային ղեկավարների համաժողովը գլխավորելու էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարտ Յուհանսոնը: Համաժողովի շրջանակներում նախատեսված էր նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահների եւ գործադիր տնօրենների հանդիպում ՈՒԵՖԱ-ի ղեկավարության մասնակցությամբ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան տարբեր առիթներով, հատկապես Լեռնային Ղարաբաղի առաջնությունում հայաստանյան թիմերի եւ Հայաստանի առաջնությունում ԼՂ թիմերի մասնակցությամբ, այսպես կոչված, փաստերի կապակցությամբ բողոքներ է հղել ՈՒԵՖԱ, որն, անշուշտ, մշտապես համարժեք պատասխաններ է ստացել ՀՖՖ-ից: Ելնելով փոխհարաբերությունների քննարկման անհրաժեշտությունից, ՈՒԵՖԱ-ն նախաձեռնել է եռակողմ հանդիպում՝ հստակեցնելու բոլոր հարցերի շրջանակները: Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը, ըստ ՀՖՖ մամուլի քարտուղարության, վերադառնալու է այսօր կամ վաղը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ