Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն

Փետրվար 04,2005 00:00

Ի՞նչն է խանգարում լավ բրեյք պարողին Այս մասին է զրույցը հայաստանցի բրեյքեր Սարգիս Անդրեասյանի հետ Մեր հայրենակցի ոչ պաշտոնական ռեկորդը բրեյք-դանս պարաոճում առայժմ 42 պտույտն (head spin) է գլխի վրա, իսկ գինեսյան ռեկորդակիր շարունակում է մնալ հանրահայտ գերմանական «Flying Steps» խմբի բրեյքեր Քենի Քիմոտոն՝ իր 72 պտույտով: – Շատերի կարծիքով, բրեյք-դանսը փողոցի ծնունդ է եւ ընդամենը մի քանի անկանոն, վայրենի շարժումներից կազմված պար… – 70-ականներին ԱՄՆ-ում, կոնկրետ՝ Բրոնգս թաղամասում է ծնվել պարի այս տեսակը, որի մասին ժամանակին ավագ սերունդը արհամարհանքով ասել է՝ ինչո՞ւ է երիտասարդությունը «բրեյք» անում (ասել է թե՝ կոտրատվում): Հենց այդ տարիներին էլ աշխարհով մեկ թնդաց «ֆանկ» երգելաոճի արքա Ջեյմս Բրաունի անունը, որն, ի դեպ, հանդես էր գալիս «Electric boogalus» պարախմբի հետ: Հենց այդ խմբի անունն է կրում բրեյք-դանսի ուղղություններից մեկը: Արդեն 80-ականների սկզբին բրեյք-դանսը մուտք գործեց Ռուսաստան, իսկ կեսերին՝ Հայաստան: Ի դեպ, տարիներ առաջ մենք էլ մեր արվեստը ցույց էինք տալիս երեւանյան փողոցներում: Պրոպագանդման այս տեսակը, կարծում եմ, նույնիսկ անհրաժեշտ է: Վստահ եմ, որ բրեյք-դանսը ուժեղ տղամարդուն վայել պար է, բաղկացած սպորտային էլեմենտներից: Ցավով պետք է նշեմ, որ նույնիսկ ադրբեջանցիները արդեն տարիներ շարունակ մասնակցում են մոտ արտերկիր համարվող ռուսաստանյան ամենամյա բրեյք-դանսի մրցաշարերին: – Բրեյք-դանսը, ի վերջո, սպո՞րտ է, թե՞ պար: – 50-50: Բայց, ամեն դեպքում, ի տարբերություն սպորտի գերակշռող տեսակների, այստեղ առանց ստեղծագործական մոտեցման՝ անհնար է: – Եթե Հայաստանում չկար պրոֆեսիոնալ մասնագետ՝ դուք ինչպե՞ս դարձաք բրեյքեր: – Բրեյքի մասին ինֆորմացիա մեզ մոտ համարյա չկար: Ես էլ ստիպված արտասահմանյան հեռուստաալիքներից էի օգտվում, նույնիսկ «պիրատային» տեսաերիզներ էի հայթայթում ու, փաստորեն, զբաղվում ինքնաուսուցմամբ: Պարապել եմ արեւելյան մարզաձեւերով, որն ինձ շատ օգնեց պարի այս տեսակի մեջ հմտանալու համար: Մի խոսքով, ղեկավարում եմ հանրապետությունում միակ, բնականաբար՝ ոչ պետական կարգավիճակ ունեցող բրեյք-դանս խումբը: Արդեն այս տարի կնշենք մեր խմբի 5-ամյակը: – Փորձե՞լ եք դիմել «վերեւներին» կամ մեծահարուստներին՝ բրեյք-դանսը հանրապետությունում պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելու համար: – Երեւի նկատի ունեք մշակույթի նախարարությա՞նը: Ոչ, չեմ դիմել: Մտավախություն ունեմ, որ լուրջ չի ընդունվի իմ առաջարկը՝ հասկանալի պատճառով. վստահ եմ, որ այնտեղ ինֆորմացիա չունեն այս պարի մասին: Ինչ վերաբերում է հայաստանցի մեծահարուստներին կամ ձեռներեցներին, ապա ինքս անհարմար եմ զգում դիմել նրանց: Անկեղծ ասած, ես եւ խմբիս բրեյքերները չենք ընկճվում, ինտերնետի միջոցով մեզ արդեն ճանաչում են Ռուսաստանում: Կոնկրետ՝ Մոսկվայի բրեյքերներից անցյալ տարի ունեինք հրավեր՝ մասնակցելու միջազգային փառատոնի, սակայն չմեկնեցինք՝ հասկանալի պատճառով: Երեւի թե կամաց-կամաց հայ բրեյքերներիս ճանապարհն էլ կհարթվի: Իսկ եթե պրոֆեսիոնալ տեսակետից նայենք, մեզ անհրաժեշտ է դահլիճ եւ, ինչպես ընդունված է արտերկրում, մի ֆիրմա, օրինակ, Puma, Nicke եւ այլն, որը հոգա մեր բեմական հագուստի խնդիրները: Էլ չեմ խոսում երաժշտության մասին: Ցանկալի է, որ որեւէ հայ կոմպոզիտոր, ելնելով ավանդական բրեյք-դանսի պահանջներից, երաժշտություն գրի մեզ համար, անխոս՝ օգտագործելով հայկական ռիթմեր: Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել