Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ

Փետրվար 04,2005 00:00

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ «ԱԶԳՈՒԹՅՈՒՆ» ՉԷ Երգահան Դավիթ Ամալյանը չի ուզում նմանվել բոլորին Վերջերս կայացավ երգահան Դավիթ Ամալյանի «Հոգու հնչյուն» CD-ի համերգ-շնորհանդեսը: Մասնակցում էին Մկրտիչ Մկրտչյանը, երկու Արսեն Գրիգորյանները, Ռուբեն Հախվերդյանը, Նորայր Քարտաշյանն՝ իր խմբով եւ ուրիշներ: Կատարվեցին երգեր ինչպես հայ դասականների, այնպես էլ իր ու ստեղծագործող ազատամարտիկների, այդ թվում՝ Ռուբեն Գեւորգյանի խոսքերով: Միջոցառման բեմադրող ռեժիսորն էր Ռուբեն Ծատուրյանը, նկարիչը՝ Դավիթ Մինասյանը: Վերջինիս հետ Դավիթ Ամալյանը սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված ներկայացում է պատրաստել ժամանակին, պիեսի հեղինակն էլ ինքն էր: «Հոգու հնչյունը» հեղինակի առաջին սկավառակն է, մի քանի տարվա աշխատանքի արդյունք: «Երբ գործիքավորված երգերիս քանակն ավելացավ, հասկացա, որ սկավառակի մասին երեւի արժե մտածել… Առաջին համերգին մտավախություն ունեինք՝ արդյո՞ք հանդիսատես կհավաքվի, Պարոնյան թատրոնի դահլիճը կլցվի՞: Բարեբախտաբար՝ տոմսերը շուտ սպառվեցին, առաջարկ եղավ երկրորդ համերգը կազմակերպելու»,- հիշեց Դ. Ամալյանը, որն այժմ նախապատրաստվում է երկրորդ մեծ համերգին: Նա համագործակցում է նաեւ «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի հետ: «Առաջիկայում, հավանաբար՝ աշնանը կայանալիք երկրորդ համերգս կլինի կենդանի նվագակցությամբ, իսկ մինչ այդ, մարտի վերջին համերգ կունենամ Գյումրիում, հետո՝ Կապանում, Արցախում: Ընդհանրապես մարզերի հետ կապված մեծ ծրագրեր ունեմ»,- տեղեկացրեց երգահանը: Նրա խոսքերով, ամեն երգ գրելուց առաջ հեղինակը նախ պետք է «մի լավ տառապի»: «Օրինակ, իմ «Օրորոցայինը» ծնվել է առաջնեկիս աշխարհ գալուց հետո: Երբ որդիս ծնվեց, չգիտեմ ինչպես՝ մեկ օրում երգ գրեցի: Մի խոսքով, ամեն երգ իր նախապատմությունն ունի, սակայն բոլորի կենտրոնում մարդն է՝ իր ներաշխարհով, այստեղից էլ առաջին համերգի խորագիրը՝ «Հոգու հնչյուն»,- ասաց Դ. Ամալյանը: Թե ո՞րն է երգերում բյուրեղացած թախծի ակունքը, երգահանը ինքն էլ չգիտի. «Ես մռայլ ու թախծոտ մարդ չեմ իրականում: Ուրախ եմ, ասող-խոսող»: Դավիթը պնդում է, որ թե երեխա ժամանակվանից գիտեր, որ ստեղծագործելու ու երգելու է: Ավարտել է Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցը, Առնո Բաբաջանյանի անվան ուսումնարանը, այնուհետեւ Երեւանի պետական կոնսերվատորիան: «1994-ին հիմնեցինք «Ազգային լեգեոն» արվեստի երիտասարդական կենտրոնը, որն իր մշակութային ծրագրերով առանձնանում էր այդ ժամանակաշրջանում եղածներից… Ի դեպ, մեր ջոկատի անունն էլ էր «Ազգային լեգեոն» (Դավիթը մասնակցել է արցախյան պատերազմին- Գ.Հ.)»,- հիշեց երգահանը: Անդրադարձ եղավ նաեւ հայաստանյան շոու-բիզնեսին, որից ինքը ոչ մի կերպ գլուխ չի հանում. «Հայաստանում շոու-բիզնեսի միջավայրը կարծես դարձել է ազգություն: Խոսքը միայն շոու- բիզնեսի մասին չէ: Մեզ մոտ միջավայրը մարդուն դարձնում է տեսակ՝ բժիշկները բոլորն իրար նման են, վարորդները դառնում են ազգությամբ վարորդ, երաժիշտները՝ ազգությամբ երաժիշտ եւ այլն: Էդ շոու-բիզնես կոչվածը ստեղծել է հատուկ միջավայր, որտեղ միանման են խոսում, մտածում, գործում, իսկ ես դա չեմ ընդունում»: Քանի որ Հայաստանում սուղ են արվեստի մարդկանց համար լիարժեք ինքնադրսեւորվելու հնարավորությունները, իր կոլեգաներից շատերի նման Դավիթ Ամալյանը ներկայումս աշխատում է երեւանյան ռեստորաններից մեկում: Ըստ նրա, նման հանդիսատեսի հետ շփվելն այնքան էլ հեշտ չէ. «Պիտի կարողանաս հետաքրքրել հաց ուտողին, որը հաստատ չի եկել հատուկ քեզ լսելու»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել