Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ՝

Փետրվար 04,2005 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԵԾ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋ» Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք ԱՄՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սթիվեն Բլանկի՝ Հայաստանին նվիրված վերլուծության բովանդակությունը։ Պրոֆեսորն իր հոդվածը սկսում է այսպես. «Ըստ վերջին հաղորդագրությունների, Հայաստանը թեւակոխել է 2005թ.՝ կանգնելով մեծ ճգնաժամի եւ մեկուսացման վտանգի առաջ: Ներքին կյանքում կառավարությունը համատեղում է կոռուպցիան եւ ուժային ճնշումները»: Ըստ Բլանկի, բացահայտ ընտրակեղծիքները, ընդդիմությանը ճնշելու համար բռնությունների դիմելու պատրաստակամությունը եւս ճգնաժամի ախտանիշերից են: Նրա կարծիքով, քանի հայաստանյան ընդդիմությունը չունի զանգվածային քաղաքական աջակցություն՝ ինչպիսին ունեին ուկրաինական եւ վրացական ընդդիմադիր ուժերը, Քոչարյանի կառավարությունը ձգտելու է ամեն կերպ պահել իշխանությունը: Ու չնայած դրան, պրոֆեսորը վստահ է, որ ներկա իշխանությունները չեն կարող լուծել Հայաստանի առաջ ծառացած տնտեսական եւ արտաքին քաղաքական լուրջ խնդիրները, որքան էլ ցանկանան. «Արդյունքում չի բացառվում հետագայում սուր ճգնաժամի ի հայտ գալը»: Ս. Բլանկը կարծում է, որ Հայաստանի քաղաքականության կարեւորագույն գործոններից է ձգձգվող ղարաբաղյան հակամարտությունը: Նա նկատելով, որ ԼՂ ձեռքբերումը ՀՀ հասարակությունը ընդունում է որպես արդարացի հաղթանակ, միաժամանակ նշում է, որ անկախ դիտորդների համար պարզ է, որ «նման քաղաքականություն Հայաստանը կարող է վարել միայն ի հաշիվ իր տնտեսական զարգացման եւ անկախության»: Ապա ավելացնում է. «Այդ կորուստներն արդեն իսկ նկատելի են»: Եվ բերում է օրինակներ: Նախ նշում է, որ այդ, իր խոսքերով, «անեքսիան» մինչ օրս չի ընդունվում միջազգային հանրության կողմից: Ադրբեջանը հրաժարվում է ընդունել դա, չնայած որ ակնհայտորեն ի վիճակի չէ ուժով ետ բերել այդ տարածքները: Ու քանի որ ՀՀ կողմից այդ տարածքների վերահսկումը աշխարհը չի ընդունում, Հայաստանը մեկուսացման վտանգի առաջ է: Ապա պրոֆեսորը նկատում է, որ Թուրքիան մշտապես օժանդակում է Բաքվին եւ բողոքում է Հայաստանի՝ պատերազմի արդյունքում գրաված վիճելի տարածքների վերահսկման դեմ: Թուրքիան փակել է Հայաստանի սահմանը եւ հրաժարվում է քննարկել 1915թ. կոտորածը Ցեղասպանություն որակելու Հայաստանի պնդումները: Նա նույնիսկ մեջբերում է որոշ փորձագետների հաշվարկներ: Օրինակ, Համաշխարհային բանկը հաշվարկել է, որ եթե Ադրբեջանի հետ փոխզիջումների գնալու դիմաց բացվեն ՀՀ սահմանները, ապա Հայաստանի ՀՆԱ-ն 14%-ով կբարձրանա, իսկ տրանսպորտային ծախսերը կընկնեն 30-50%-ով: Շրջափակումը Հայաստանին զրկում է նաեւ հեռահաղորդակցության այլ ուղիներից: Տարածաշրջանում ընթացող հեռահաղորդակցական ոլորտի զարգացումները շրջանցում են Հայաստանը: Իսկ դեպի Արեւմուտք կամ դեպի ծով ուղղակի ճանապարհների բացակայությունը ստիպում է Հայաստանին կախման մեջ լինել վրացական նավահանգիստներից եւ ռուսական երկաթուղուց: Բայց, ինչպես նկատում է Ս. Բլանկը, այդ ուղիները այնքան էլ հուսալի չեն, քանի որ ռուս-վրացական հարաբերությունները բավականին լարված եւ փխրուն են: Հայաստանը անընդհատ ստիպված է շրջվել դեպի Ռուսաստանը՝ կախման մեջ է նրանից թե ռազմական, թե տնտեսական զարգացման եւ թե ԼՂ խնդրի առնչությամբ դիվանագիտական աջակցություն ստանալու հարցերով: Սակայն, ինչպես գրում է պրոֆեսորը, չնայած այս ամենին՝ ՌԴ-ն պետք է լուրջ պայքարի գոնե ՀՀ-ն իր վերահսկողության տակ պահպանելու համար, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի պարտություններ նա գրանցեց Ուկրաինայի եւ Վրաստանի պարագայում: Եվս մի ցավալի նկատառում մեզ համար, որ արել է Սթիվեն Բլանկը. ըստ նրա՝ քանի դեռ Հայաստանը թուլանում է ԼՂ հակամարտության, տնտեսական ետընթացի, միջազգային մեկուսացման արդյունքում, մեր երկիրը կարող է դառնալ դասագրքային օրինակ այն բանի, թե ինչպես պատերազմը եւ ներքին անհարթությունները միասին կարող են ստեղծել անկայուն եւ փխրուն համակարգ, որը եւ տվյալ պետությանը, եւ նրա հարեւաններին կարող է պահել մշտական լարվածության եւ անկայունության մեջ: Պատրաստեց Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել