Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ

Փետրվար 04,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՊԱՏՇԱՃ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՉԷ Այս եզրահանգմանն են գալիս մեր երկիրը չճանաչող մարդիկ, որոնք փորձում են Հայաստանի մասին պատկերացում կազմել ինտերնետի միջոցով: Փորձենք ինքներս՝ օգտագործելով դա անելու ամենատարածված ձեւը: Այսպիսով՝ ի՞նչ ենք տեսնում հայտնի google.search համակարգում armenia հասցեն փնտրելիս: Ի դեպ, հարցն արդիական է մեր տնտեսության գերակայությունների տեսակետից. կառավարության առաջիկա աշխատանքն ուղղված է զբոսաշրջության զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, բարձր տեխնոլոգիաների զարգացմանը: Իսկ ինտերնետը պոտենցիալ զբոսաշրջիկների ու ներդրողների համար նախնական պատկերացում կազմելու միջոց է: Ինտերնետում Հայաստանի մասին պատմող կայքերը հագեցած են հնարավոր բոլոր ոլորտներին վերաբերող անդրադարձով, ինչը, ավելի ուշ թվում է, մեր երկրի մասին տեղեկություններ պարունակող էջերի միակ նկատելի առավելությունն է: Քիչ թե շատ հաջողված է ընդհանուր տեղեկություններ պարունակող էջը, որը ներկայացնում է երկրի տնտեսական ցուցանիշները, տարածքի, արտադրության, բանակի մասին տվյալներ (միայն ցուցանիշներ): Սակայն պոտենցիալ զբոսաշրջիկին ի՞նչ է առավել հետաքրքրում. զվարճանքի, տեսարժան վայրերի մասին պատկերացում տվող տեղեկություններ: Բայց մեր երկրի էջերում տեսարժան վայրերի, մշակութային օբյեկտների, ռեստորանների, հյուրանոցների նկարները, առաջարկվող պայմանները ոչ միայն առաջին պլան չեն մղված, այլեւ մեծ ջանքեր են պահանջվում դրանք գտնելու համար: Ավելին, ցանկացած տեղեկություն միայն նկարագրական է, չկան լուսանկարներ: Չհաշված, որ նկարագրական տեղեկատվությունն էլ բավականին սուբյեկտիվ է: Կամ Հայաստանի գյուղերն ու քաղաքները նկարագրված են, բայց պատկերված չեն: Մեր երկրի մասին պատմող էջերը հավաստիացնում են, որ Հայաստան այցելելու լավագույն սեզոնն աշունն է, եւ մեր երկրի բնակլիմայական պատկերի մասին նկարագրություններ է տալիս, սակայն՝ ոչ մի գեղատեսիլ պատկերով լուսանկար (համենայնդեպս թեմային առնչվող), ինչն, ի դեպ, տարածված է այլ երկրների, քաղաքների մասին պատմող կայքերում: Ներդրողներին ուղղված տեղեկատվությունն էլ խոսուն չէ: Դարձյալ մեծ ջանքեր պետք է գործադրես հետաքրքրող տեղեկությունները ստանալու համար: Մասնավորապես տրանսպորտային, հեռահաղորդակցության, այլ ենթակառուցվածքների, տնտեսության հնարավորությունների մասին ամփոփ պատկեր տրված չէ: Ի դեպ, տպավորությունն այն է, որ Հայաստանում ճաշակով ինտերնետային դիզայներ չկա, որովհետեւ հայկական գերատեսչությունների ու կազմակերպությունների ինտերնետային էջերին բնորոշ միապաղաղությունն արտահայտված է նաեւ վերոհիշյալ սայթերում: Այսպիսով, տպավորությունն այն է, որ Հայաստանն ինտերնետում պատշաճ ու պատկերավոր ներկայացված չէ, եւ մեր կառավարության հայտարարած տնտեսական գերակայությունների հետ կապ չունի: Այս ամենը նրբություններ են, բայց կարեւոր: ՎԱՐԴՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել