Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վախճանվեց

Փետրվար 04,2005 00:00

Վախճանվեց Զուրաբ Ժվանիան 42 տարեկան հասակում ողբերգական պատահարի հետեւանքով կյանքից հեռացավ վրաց ականավոր քաղաքական եւ պետական գործիչ, Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան: Պաշտոնական վարկածով՝ նրա մահվան պատճառ է դարձել փակ տարածքում օդափոխության բացակայության հետեւանքով շմոլ գազից թունավորումը, ինչը տեղի է ունեցել իրանական արտադրության գազավառարանում գազի թերայրումից: Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, նախօրեին Ժվանիան հյուրընկալվել էր Քվեմո-Քարթլի երկրամասի նահանգապետի տեղակալ Ռաուլ Յուսուպովի տանը, որն, ի դեպ, նույնպես մահացել է շնչահեղձությունից: Հաղորդվում է, թե փողոցում վարչապետին սպասող թիկնապահների խումբն սկսել է անհանգստանալ, երբ վարչապետը երկար ժամանակ չի պատասխանել հեռախոսազանգերին: Մոտավորապես ժամը 4:30-ին թիկնապահները կոտրել են բնակարանի դուռը, ներս մտել: Խոհանոցում հայտնաբերվել է վարչապետի ընկեր եւ տանտեր Ռաուլ Յուսուպովի դիակը: Ժվանիայի դիակը հայտնաբերվել է հյուրասենյակում, որտեղ, ամենայն հավանականությամբ, նրանք նարդի խաղալիս են եղել: Երեկ նախագահ Սահակաշվիլու հրամանով վարչապետի պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն: Արդեն երեկ Վրաստանի ղեկավարությանը ցավակցական հեռագրեր են հղել աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Վ. Պուտինը եւ Ռ. Քոչարյանը: ՌԴ նախագահի հեռագրում, մասնավորապես, նշված է. «Զուրաբ Վիսարիոնովիչը քաջ հայտնի էր Ռուսաստանում որպես ռուս եւ վրացի ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների զարգացման կողմնակից»: «Հայաստանում ցավով ընդունեցին վարչապետ Զուրաբ Ժվանիայի ողբերգական մահվան վշտալի լուրը: Ձեզ հետ կիսում ենք կորստի վիշտը»,- իր հերթին հեռագրել է Ռոբերտ Քոչարյանը: Դեպքի կապակցությամբ եղել են նաեւ որոշ քաղաքական դիտարկումներ: «Զուրաբ Ժվանիայի մահվամբ վրացական քաղաքականությունը կարող է կորցնել կանխատեսելիության կարեւոր տարր: Նա ավելի քիչ էր ենթակա էմոցիաների, ավելի շրջահայաց եւ կանխատեսելի էր, քան Վրաստանի նախագահը, որն ավելի շատ է հակված արտաքին ազդեցություններին եւ պոպուլիստական քայլերին»,- հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կ. Զատուլինը: Եղել են նաեւ այնպիսիք, ովքեր կասկածի տակ են առել վարչապետի մահվան պատահական լինելու պարագան: Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Ալեքսանդր Շալամբերիձեն նշել է, թե Գորիի ահաբեկչությունը եւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահը կապված են միմյանց հետ: «Ամեն ինչ համընկնում է: Իմ մեջ տպավորություն է ստեղծվում, որ դա հատուկ հենց հիմա է տեղի ունենում: Այդ ողբերգական փաստերը խոսում են այն մասին, որ որոշակի ուժերի կողմից առկա է լուրջ միջամտություն եւ այդ ուժերը գործում են Ռուսաստանից»,- ասել է պատգամավորը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել