«Քնում էինք մետլախի վրա» ԱԺ պատգամավորի արկածները Դուբայի բանտում «Մեր բանտերից որ շատ լավն էին: Մերը ոնց որ պիոներական լագեր ըլնի: Ընդեղ կանդիցիաներ կար, տելեվիզր կար, թերթ կար, հոտ-մոտ չկար: Միակ վատ բանն էն էր, որ լուսամուտ չկար, չէինք իմանում՝ ցերեկ ա, թե գիշեր: Բայց գետնի, մետլախի վրա էինք քնում: Ես էլ առաջի օրը տեսա՝ կողքի սենյակը սենց փոքր խալիներ կան: Բերի, քցի տակս, ադյալը քաշի վրես ու քնա: Մի երկու հատ էլ գիրք կար՝ դրի գլխիս տակ (պարզվեց՝ Ղուրանն էր- Ն.Գ.): Մեկ էլ դրանց ղըլը-բըլը լսա՝ ասի՝ ի՞նչ ա, արա, ի՞նչ եք ուզում: Պարզվավ՝ էդ իրանց աղոթքի շորերն ա՝ ոտների տակ քցելու համար»,- երեկ պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսպիսի տպավորություններ փոխանցեց Դուբայի բանտախցում անցկացրած օրերից: Բանտախցում նա վեցուկես օր է անցկացրել, եւ այդ ընթացքում մահմեդականների աղոթքը ծանրակշիռ տպավորություն էր գործել նրա վրա. «Իրեք ժամը մեկ դրանց ոռնոցը լսվում էր, ասում էինք՝ ըհը, իրեք ժամ էլ անցավ»: Ինչպես հայտնի է, Հակոբյանը բանտում էր հայտնվել, ըստ վարկածի, գողության մեղադրանքով: Երեկ հրավիրված ասուլիսի նպատակն այն հերքելն էր: Ըստ այդմ, պարոն Հակոբյանի ընկերոջը՝ Հրանտ Դավթյանին «թյուրիմացաբար» (խանութում վաճառողուհին 8800 դոլարի փոխարեն 880 դոլար է գանձել նրա «Գոլդ» քարտից) տարել են ոստիկանություն: Հակոբյանը գնացել է ընկերոջ ետեւից: Ու մինչ նա ծանոթանում էր իրավիճակին՝ ըմբոշխնելով ոստիկանների հյուրասիրած թեյը եւ մտածում՝ «էս ինչ լավ ոստիկաններ են», նրան տեղեկացրել են, որ ինքն ու որդին Հայաստանի Ինտերպոլի հետ կապված խնդիր ունեն: Այնուհետեւ նա կրկնեց արդեն հրապարակված վարկածը, ըստ որի՝ անուն-հայրանվան զուգադիպություն է եղել: Այլ պարամետրերի առումով լրագրողների տարակուսանքին պարզաբանեց, որ «ընդեղ մեր մոտի նման չի՝ քննություն անեն, նոր բռնեն: Իրանք հակառակն են անում»: Եվ մինչ կստուգեին Հակոբյանի բոյի, տարիքի, քաշի համապատասխանությունները հետախուզվողի այդ տվյալների հետ, հարցում կանեին Հայաստան, պաշտոնական պատասխաններ կստանային՝ ՀՀ ԱԺ-ն մի «նստած-հելած» պատգամավոր էլ ունեցավ: Հրանտ Դավթյանը դեռ նստած է: Նրա փաստաբանը հակընդդեմ հայց էլ է ներկայացրել՝ 700 հազար դոլարի պահանջով՝ զրպարտության մեղադրանքով: Հակոբյանն այդ ճանապարհով չի գնա. «Չէ դե, ցանկալի էլ չի, որ նման… բայց ումի՞ց պահանջեմ… էդ էն երկիրը չի, որ քեզ բերի, տա…»: Բայց քանի որ իր հետ պատահածը եզակի դեպք չէր, նա, լինելով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, կաշխատի օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։ Այդպիսով, պատգամավորի ձերբակալումը մի օգուտ, այնուամենայնիվ, տվեց: Իսկ իր՝ մի քանի օրում ազատություն ստանալու գործում մեծ լումա ունի «Ժողպատգամավոր» խումբը, նույնիսկ՝ Մհեր Շահգելդյանն ու Արթուր Բաղդասարյանը: Մինչդեռ դա չի նշանակում, որ Հակոբյանը հաշտություն կնքեց ՕԵԿ-ի հետ. եթե իր սկզբունքներին հակառակ բան անեն՝ նա անպայման կընդդիմանա: Ի դեպ, կոալիցիոն որոշ ուժեր, ենթադրաբար ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն, Հակոբյանի «գլուխը տանում էին»՝ առիթն ՕԵԿ-ի դեմ օգտագործելու համար: Նա սադրանքների չի տրվել. «Երբ ես հետաքննություն իրականացնեմ եւ համոզվեմ, որ իրանց մատը խառն ա՝ կասեմ»: Հ. Հակոբյանը խոստացավ նորից գնալ Դուբայ. «Եթե վախենայինք, ուրեմն պատգամավոր էլ չէինք լինի, 27-ին մտան՝ կրակին…»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ