Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱ ԱՍՈՒՄ ԵՔ՝ ԻՆՏԵԳՐՈՒՄ ԵՆՔ

Փետրվար 04,2005 00:00

Երբ խոսում ենք հաշմանդամների իրավունքների մասին, պաշտոնյաները երկար-բարակ պատմում են այն մասին, թե ինչպիսի «եվրոստանդարտ» օրենքներ են մշակել եւ ընդունել, ինչ ցնցող ծրագրեր են իրականացնում հաշմանդամների հետ, որ նրանք հասարակության խորթ անդամներ չդառնան, եւ իրենք էլ «սեւերես չմնան» Եվրախորհրդի առջեւ:

Իրականում այսօր էլ, ինչպես նախկինում էր, հաշմանդամների հիմնական մասը աշխատանք չունի եւ ստանում է միջինը 3000 դրամ թոշակ, ապրում սրա-նրա օգնությամբ, խոցված արժանապատվությամբ: Ճիշտ է, կան դրամաշնորհներով աշխատող հասարակական կազմակերպություններ, որոնք փորձում են ինչ-որ ձեւով մասնակից դարձնել հաշմանդամներին տարբեր աշխատանքների, սպորտային միջոցառումների:

Բայց դրամաշնորհները, անմնացորդ գործին ծառայեցնելու դեպքում անգամ, անընդմեջ ու բավարար չեն հաշմանդամներին հասարակության լիարժեք անդամ դարձնելու աշխատանքում: Եվ կազմակերպությունների նախագահները ստիպված են ժամանակ առ ժամանակ ձեռք պարզել այս կամ այն հարուստին՝ գումար ստանալու ակնկալիքով: Ճիշտ նույն նպատակով մեր թերթի օգնությանն է դիմել մասնագիտությամբ հոգեբան, 1-ին կարգի հաշմանդամ Մարինե Մանուկյանը՝ Գյումրիից: Նրան անհանգստացնում է հաշմանդամների SKARP առողջարարական հասարակական կազմակերպության, ավելի ստույգ՝ նրա անդամների հետագա վիճակը:

Այս ՀԿ-ն, ի թիվս այլ աշխատանքների, հնարավորություն է ստեղծել հաշմանդամների համար՝ զբաղվել սպորտով. շաշկի, ծանրաձող, շախմատ ու բասկետբոլ: Սայլակների վրա տեղավորված բասկետբոլի թիմը մասնակցել է Հայաստանում եւ արտերկրում կազմակերպված մրցույթներին: Աշխատանքի հինգ տարիների ընթացքում, ըստ մեր նամակագրի, SKARP-ը չի կարողացել ձեռք բերել կայուն հովանավորներ, եւ բազմաթիվ ծրագրեր մնացել ու մնում են անկատար: Մեր նամակագիրը խնդրել է հրապարակել կազմակերպության ինտերնետային հասցեն՝ http.www.manmar78

@mail.ru:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել