Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչն է խանգարում լավ բրեյք պարողին

Փետրվար 04,2005 00:00

Այս
մասին է զրույցը հայաստանցի բրեյքեր Սարգիս Անդրեասյանի հետ Մեր հայրենակցի
ոչ պաշտոնական ռեկորդը բրեյք-դանս պարաոճում առայժմ 42 պտույտն (head spin) է գլխի
վրա, իսկ գինեսյան ռեկորդակիր շարունակում է մնալ հանրահայտ գերմանական «Flying Steps»
խմբի բրեյքեր Քենի Քիմոտոն՝ իր 72 պտույտով: – Շատերի կարծիքով, բրեյք-դանսը
փողոցի ծնունդ է եւ ընդամենը մի քանի անկանոն, վայրենի շարժումներից կազմված պար…
– 70-ականներին ԱՄՆ-ում, կոնկրետ՝ Բրոնգս թաղամասում է ծնվել պարի այս տեսակը,
որի մասին ժամանակին ավագ սերունդը արհամարհանքով ասել է՝ ինչո՞ւ է երիտասարդությունը
«բրեյք» անում (ասել է թե՝ կոտրատվում): Հենց այդ տարիներին էլ աշխարհով մեկ թնդաց
«ֆանկ» երգելաոճի արքա Ջեյմս Բրաունի անունը, որն, ի դեպ, հանդես էր գալիս «Electric
boogalus» պարախմբի հետ: Հենց այդ խմբի անունն է կրում բրեյք-դանսի ուղղություններից
մեկը: Արդեն 80-ականների սկզբին բրեյք-դանսը մուտք գործեց Ռուսաստան, իսկ կեսերին՝
Հայաստան: Ի դեպ, տարիներ առաջ մենք էլ մեր արվեստը ցույց էինք տալիս երեւանյան փողոցներում:
Պրոպագանդման այս տեսակը, կարծում եմ, նույնիսկ անհրաժեշտ է: Վստահ եմ, որ բրեյք-դանսը
ուժեղ տղամարդուն վայել պար է, բաղկացած սպորտային էլեմենտներից: Ցավով պետք է նշեմ,
որ նույնիսկ ադրբեջանցիները արդեն տարիներ շարունակ մասնակցում են մոտ արտերկիր համարվող
ռուսաստանյան ամենամյա բրեյք-դանսի մրցաշարերին: – Բրեյք-դանսը, ի վերջո,
սպո՞րտ է, թե՞ պար: – 50-50: Բայց, ամեն դեպքում, ի տարբերություն սպորտի
գերակշռող տեսակների, այստեղ առանց ստեղծագործական մոտեցման՝ անհնար է: –
Եթե Հայաստանում չկար պրոֆեսիոնալ մասնագետ՝ դուք ինչպե՞ս դարձաք բրեյքեր: –
Բրեյքի մասին ինֆորմացիա մեզ մոտ համարյա չկար: Ես էլ ստիպված արտասահմանյան հեռուստաալիքներից
էի օգտվում, նույնիսկ «պիրատային» տեսաերիզներ էի հայթայթում ու, փաստորեն, զբաղվում
ինքնաուսուցմամբ: Պարապել եմ արեւելյան մարզաձեւերով, որն ինձ շատ օգնեց պարի այս
տեսակի մեջ հմտանալու համար: Մի խոսքով, ղեկավարում եմ հանրապետությունում միակ,
բնականաբար՝ ոչ պետական կարգավիճակ ունեցող բրեյք-դանս խումբը: Արդեն այս տարի կնշենք
մեր խմբի 5-ամյակը: – Փորձե՞լ եք դիմել «վերեւներին» կամ մեծահարուստներին՝
բրեյք-դանսը հանրապետությունում պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելու համար: –
Երեւի նկատի ունեք մշակույթի նախարարությա՞նը: Ոչ, չեմ դիմել: Մտավախություն ունեմ,
որ լուրջ չի ընդունվի իմ առաջարկը՝ հասկանալի պատճառով. վստահ եմ, որ այնտեղ ինֆորմացիա
չունեն այս պարի մասին: Ինչ վերաբերում է հայաստանցի մեծահարուստներին կամ ձեռներեցներին,
ապա ինքս անհարմար եմ զգում դիմել նրանց: Անկեղծ ասած, ես եւ խմբիս բրեյքերները չենք
ընկճվում, ինտերնետի միջոցով մեզ արդեն ճանաչում են Ռուսաստանում: Կոնկրետ՝ Մոսկվայի
բրեյքերներից անցյալ տարի ունեինք հրավեր՝ մասնակցելու միջազգային փառատոնի, սակայն
չմեկնեցինք՝ հասկանալի պատճառով: Երեւի թե կամաց-կամաց հայ բրեյքերներիս ճանապարհն
էլ կհարթվի: Իսկ եթե պրոֆեսիոնալ տեսակետից նայենք, մեզ անհրաժեշտ է դահլիճ եւ, ինչպես
ընդունված է արտերկրում, մի ֆիրմա, օրինակ, Puma, Nicke եւ այլն, որը հոգա մեր բեմական
հագուստի խնդիրները: Էլ չեմ խոսում երաժշտության մասին: Ցանկալի է, որ որեւէ հայ
կոմպոզիտոր, ելնելով ավանդական բրեյք-դանսի պահանջներից, երաժշտություն գրի մեզ համար,
անխոս՝ օգտագործելով հայկական ռիթմեր: Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել