Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ «ԱԶԳՈՒԹՅՈՒՆ» ՉԷ

Փետրվար 04,2005 00:00

Երգահան
Դավիթ Ամալյանը չի ուզում նմանվել բոլորին Վերջերս կայացավ
երգահան Դավիթ Ամալյանի «Հոգու հնչյուն» CD-ի համերգ-շնորհանդեսը: Մասնակցում էին
Մկրտիչ Մկրտչյանը, երկու Արսեն Գրիգորյանները, Ռուբեն Հախվերդյանը, Նորայր Քարտաշյանն՝
իր խմբով եւ ուրիշներ: Կատարվեցին երգեր ինչպես հայ դասականների, այնպես էլ իր ու
ստեղծագործող ազատամարտիկների, այդ թվում՝ Ռուբեն Գեւորգյանի խոսքերով: Միջոցառման
բեմադրող ռեժիսորն էր Ռուբեն Ծատուրյանը, նկարիչը՝ Դավիթ Մինասյանը: Վերջինիս հետ
Դավիթ Ամալյանը սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված ներկայացում է պատրաստել ժամանակին,
պիեսի հեղինակն էլ ինքն էր: «Հոգու հնչյունը» հեղինակի առաջին սկավառակն է, մի քանի
տարվա աշխատանքի արդյունք: «Երբ գործիքավորված երգերիս քանակն ավելացավ, հասկացա,
որ սկավառակի մասին երեւի արժե մտածել… Առաջին համերգին մտավախություն ունեինք՝
արդյո՞ք հանդիսատես կհավաքվի, Պարոնյան թատրոնի դահլիճը կլցվի՞: Բարեբախտաբար՝ տոմսերը
շուտ սպառվեցին, առաջարկ եղավ երկրորդ համերգը կազմակերպելու»,- հիշեց Դ. Ամալյանը,
որն այժմ նախապատրաստվում է երկրորդ մեծ համերգին: Նա համագործակցում է նաեւ «Օվացիա»
պրոդյուսերական կենտրոնի հետ: «Առաջիկայում, հավանաբար՝ աշնանը կայանալիք երկրորդ
համերգս կլինի կենդանի նվագակցությամբ, իսկ մինչ այդ, մարտի վերջին համերգ կունենամ
Գյումրիում, հետո՝ Կապանում, Արցախում: Ընդհանրապես մարզերի հետ կապված մեծ ծրագրեր
ունեմ»,- տեղեկացրեց երգահանը: Նրա խոսքերով, ամեն երգ գրելուց առաջ հեղինակը նախ
պետք է «մի լավ տառապի»: «Օրինակ, իմ «Օրորոցայինը» ծնվել է առաջնեկիս աշխարհ գալուց
հետո: Երբ որդիս ծնվեց, չգիտեմ ինչպես՝ մեկ օրում երգ գրեցի: Մի խոսքով, ամեն երգ
իր նախապատմությունն ունի, սակայն բոլորի կենտրոնում մարդն է՝ իր ներաշխարհով, այստեղից
էլ առաջին համերգի խորագիրը՝ «Հոգու հնչյուն»,- ասաց Դ. Ամալյանը: Թե ո՞րն է երգերում
բյուրեղացած թախծի ակունքը, երգահանը ինքն էլ չգիտի. «Ես մռայլ ու թախծոտ մարդ չեմ
իրականում: Ուրախ եմ, ասող-խոսող»: Դավիթը պնդում է, որ թե երեխա ժամանակվանից գիտեր,
որ ստեղծագործելու ու երգելու է: Ավարտել է Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցը,
Առնո Բաբաջանյանի անվան ուսումնարանը, այնուհետեւ Երեւանի պետական կոնսերվատորիան:
«1994-ին հիմնեցինք «Ազգային լեգեոն» արվեստի երիտասարդական կենտրոնը, որն իր մշակութային
ծրագրերով առանձնանում էր այդ ժամանակաշրջանում եղածներից… Ի դեպ, մեր ջոկատի անունն
էլ էր «Ազգային լեգեոն» (Դավիթը մասնակցել է արցախյան պատերազմին- Գ.Հ.)»,- հիշեց
երգահանը: Անդրադարձ եղավ նաեւ հայաստանյան շոու-բիզնեսին, որից ինքը ոչ մի կերպ
գլուխ չի հանում. «Հայաստանում շոու-բիզնեսի միջավայրը կարծես դարձել է ազգություն:
Խոսքը միայն շոու- բիզնեսի մասին չէ: Մեզ մոտ միջավայրը մարդուն դարձնում է տեսակ՝
բժիշկները բոլորն իրար նման են, վարորդները դառնում են ազգությամբ վարորդ, երաժիշտները՝
ազգությամբ երաժիշտ եւ այլն: Էդ շոու-բիզնես կոչվածը ստեղծել է հատուկ միջավայր,
որտեղ միանման են խոսում, մտածում, գործում, իսկ ես դա չեմ ընդունում»: Քանի որ Հայաստանում
սուղ են արվեստի մարդկանց համար լիարժեք ինքնադրսեւորվելու հնարավորությունները,
իր կոլեգաներից շատերի նման Դավիթ Ամալյանը ներկայումս աշխատում է երեւանյան ռեստորաններից
մեկում: Ըստ նրա, նման հանդիսատեսի հետ շփվելն այնքան էլ հեշտ չէ. «Պիտի կարողանաս
հետաքրքրել հաց ուտողին, որը հաստատ չի եկել հատուկ քեզ լսելու»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել