Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բժիշկների «զտումներ» Շիրակի մարզում

Փետրվար 04,2005 00:00

Կադրային փոփոխությունների պատճառով Գյումրիի քաղաքապետարանում սկիզբ առած սկանդալները տեղափոխվեցին մարզպետարան:

Այն, որ Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են կատարյալ բռնակալի կեցվածք ընդունել ու կադրային փոփոխություններ կատարելիս տվյալ ոլորտի մասնագետների կարծիքն արհամարհել, մեկ անգամ եւս ապացուցվեց փետրվարի 1-ին: Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը նույն օրվա մեջ աշխատանքից ազատել ու ընդունել է մի քանի առողջապահական հիմնարկների տնօրենների: Ընդ որում, ի տարբերություն դպրոցների, ուր դաշնակցական տնօրեններ նշանակելիս գոնե ձեւականորեն պահպանվում է ընդունված կարգը ու հատուկ մշակված սցենարով, թատերականացված քվեարկություն կազմակերպվում՝ առողջապահական ոլորտում մարզպետը որեւէ մեկի կարիքը չի զգում: Համենայնդեպս այս մասին է վկայում Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում կատարված կադրային փոփոխությունը. հոգեբույժի փոխարեն տնօրեն է նշանակվել նեոնատոլոգ (նորածինների բժիշկ) 44-ամյա Նադյա Վարդանյանը, որը տվյալ պահին աշխատում էր առողջապահության վարչությունում որպես գլխավոր մասնագետ: Իսկ վաստակաշատ հոգեբույժ Ջուլիետա Մարգարյանը աշխատանքից ազատվել է կենսաթոշակային տարիքի անցնելու պատճառով: Նման «սյուրպրիզը», բնականաբար, կենտրոնի կոլեկտիվի կողմից թշնամանքով է ընդունվել: Նույնիսկ այն աստիճան, որ երեկվա դրությամբ որոշ պրոֆեսիոնալ հոգեբույժներ (իսկ մարզում նրանց թիվը խիստ սահմանափակ է) պատրաստվում էին աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Նրանց կարծիքով՝ Նադյա Վարդանյանը «դիլետանտ է», որը չպիտի իրեն թույլ տար նման պաշտոն ստանձնել:

Ռոմիկ Մանուկյանի կազմակերպած փետրվարյան «զտումները» սրանով չէր սահմանափակվել: Հենց նույն օրը մարզային հիվանդանոցի տնօրեն, ոչ թոշակառու Վլադիմիր Համազարյանը «հիշել էր», որ իր առողջական վիճակը շատ վատ է ու աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Կայծակնային արագությամբ հենց նույն օրը տնօրեն էր նշանակվել ճանաչված նեյրովիրաբույժ, արթիկցի Անդրանիկ Հովհաննիսյանը: Ինչպես շատերն են ենթադրում, վերջինիս այս պաշտոնն առաջարկվել է մարզպետի «զեմլյակը» լինելու պատճառով: Չգիտես ինչու, Ռ. Մանուկյանը հենց փետրվարի 1-ին էր որոշել թոշակի ճանապարհել նաեւ Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի 72-ամյա տնօրեն Ալեքսան Գրիգորյանին: Մեր լավատեղյակ աղբյուրները վկայում են, որ սա միակ հիվանդանոցն էր, ուր կադրային փոփոխություններն անցել են առանց ցնցումների, տնօրենն էլ միակն էր, որին Ռոմիկ Մանուկյանը չի նեղացրել: Այստեղ տնօրեն նշանակվել է նույն դիսպանսերի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վալերի Շիրինյանը՝ իր նախկին պաշտոնը զիջելով նախկին տնօրեն Ալեքսան Գրիգորյանին:

Ըստ որոշ լուրերի՝ մոտ օրերս նման փոփոխություններ սպասվում են Շիրակի մարզի եւս 4-5 բուժհիմնարկներում: Այնպես որ, նոր ցնցումները չեն բացառվում, քանի որ մարզպետը իրեն իրավունք է վերապահում բժիշկներին մասնագիտական նոր որակավորումներ շնորհել:

Մեզ չհաջողվեց պարզել նորանշանակ տնօրենների կուսակցական պատկանելությունը: Չնայած որ առողջապահական ոլորտի որոշ աշխատակիցների խորին համոզմամբ՝ եթե տնօրեններն անգամ դաշնակցական չեն, վաղ թե ուշ նրանք կերդվեն՝ առնվազն հերձադանակի վրա:

«Առավոտը» պատրաստ է տպագրել Շիրակի մարզպետի պարզաբանումները եւս:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել