Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՊԱՏՇԱՃ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՉԷ

Փետրվար 04,2005 00:00

Այս
եզրահանգմանն են գալիս մեր երկիրը չճանաչող մարդիկ, որոնք փորձում են Հայաստանի մասին
պատկերացում կազմել ինտերնետի միջոցով: Փորձենք ինքներս՝ օգտագործելով դա անելու
ամենատարածված ձեւը: Այսպիսով՝ ի՞նչ ենք տեսնում հայտնի google.search համակարգում
armenia հասցեն փնտրելիս: Ի դեպ, հարցն արդիական է մեր տնտեսության գերակայությունների
տեսակետից. կառավարության առաջիկա աշխատանքն ուղղված է զբոսաշրջության զարգացմանը,
ներդրումների ներգրավմանը, բարձր տեխնոլոգիաների զարգացմանը: Իսկ ինտերնետը պոտենցիալ
զբոսաշրջիկների ու ներդրողների համար նախնական պատկերացում կազմելու միջոց է: Ինտերնետում
Հայաստանի մասին պատմող կայքերը հագեցած են հնարավոր բոլոր ոլորտներին վերաբերող
անդրադարձով, ինչը, ավելի ուշ թվում է, մեր երկրի մասին տեղեկություններ պարունակող
էջերի միակ նկատելի առավելությունն է: Քիչ թե շատ հաջողված է ընդհանուր տեղեկություններ
պարունակող էջը, որը ներկայացնում է երկրի տնտեսական ցուցանիշները, տարածքի, արտադրության,
բանակի մասին տվյալներ (միայն ցուցանիշներ): Սակայն պոտենցիալ զբոսաշրջիկին ի՞նչ
է առավել հետաքրքրում. զվարճանքի, տեսարժան վայրերի մասին պատկերացում տվող տեղեկություններ:
Բայց մեր երկրի էջերում տեսարժան վայրերի, մշակութային օբյեկտների, ռեստորանների,
հյուրանոցների նկարները, առաջարկվող պայմանները ոչ միայն առաջին պլան չեն մղված,
այլեւ մեծ ջանքեր են պահանջվում դրանք գտնելու համար: Ավելին, ցանկացած տեղեկություն
միայն նկարագրական է, չկան լուսանկարներ: Չհաշված, որ նկարագրական տեղեկատվությունն
էլ բավականին սուբյեկտիվ է: Կամ Հայաստանի գյուղերն ու քաղաքները նկարագրված են,
բայց պատկերված չեն: Մեր երկրի մասին պատմող էջերը հավաստիացնում են, որ Հայաստան
այցելելու լավագույն սեզոնն աշունն է, եւ մեր երկրի բնակլիմայական պատկերի մասին
նկարագրություններ է տալիս, սակայն՝ ոչ մի գեղատեսիլ պատկերով լուսանկար (համենայնդեպս
թեմային առնչվող), ինչն, ի դեպ, տարածված է այլ երկրների, քաղաքների մասին պատմող
կայքերում: Ներդրողներին ուղղված տեղեկատվությունն էլ խոսուն չէ: Դարձյալ
մեծ ջանքեր պետք է գործադրես հետաքրքրող տեղեկությունները ստանալու համար: Մասնավորապես
տրանսպորտային, հեռահաղորդակցության, այլ ենթակառուցվածքների, տնտեսության հնարավորությունների
մասին ամփոփ պատկեր տրված չէ: Ի դեպ, տպավորությունն այն է, որ Հայաստանում
ճաշակով ինտերնետային դիզայներ չկա, որովհետեւ հայկական գերատեսչությունների ու կազմակերպությունների
ինտերնետային էջերին բնորոշ միապաղաղությունն արտահայտված է նաեւ վերոհիշյալ սայթերում:
Այսպիսով, տպավորությունն այն է, որ Հայաստանն ինտերնետում պատշաճ ու պատկերավոր
ներկայացված չէ, եւ մեր կառավարության հայտարարած տնտեսական գերակայությունների հետ
կապ չունի: Այս ամենը նրբություններ են, բայց կարեւոր: ՎԱՐԴՈՒՀԻ
ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել