Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վախճանվեց Զուրաբ Ժվանիան

Փետրվար 04,2005 00:00

Վախճանվեց
Զուրաբ Ժվանիան 42 տարեկան հասակում ողբերգական պատահարի հետեւանքով
կյանքից հեռացավ վրաց ականավոր քաղաքական եւ պետական գործիչ, Վրաստանի վարչապետ Զուրաբ
Ժվանիան: Պաշտոնական վարկածով՝ նրա մահվան պատճառ է դարձել փակ տարածքում օդափոխության
բացակայության հետեւանքով շմոլ գազից թունավորումը, ինչը տեղի է ունեցել իրանական
արտադրության գազավառարանում գազի թերայրումից: Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները,
նախօրեին Ժվանիան հյուրընկալվել էր Քվեմո-Քարթլի երկրամասի նահանգապետի տեղակալ Ռաուլ
Յուսուպովի տանը, որն, ի դեպ, նույնպես մահացել է շնչահեղձությունից: Հաղորդվում
է, թե փողոցում վարչապետին սպասող թիկնապահների խումբն սկսել է անհանգստանալ, երբ
վարչապետը երկար ժամանակ չի պատասխանել հեռախոսազանգերին: Մոտավորապես ժամը 4:30-ին
թիկնապահները կոտրել են բնակարանի դուռը, ներս մտել: Խոհանոցում հայտնաբերվել է վարչապետի
ընկեր եւ տանտեր Ռաուլ Յուսուպովի դիակը: Ժվանիայի դիակը հայտնաբերվել է հյուրասենյակում,
որտեղ, ամենայն հավանականությամբ, նրանք նարդի խաղալիս են եղել: Երեկ նախագահ Սահակաշվիլու
հրամանով վարչապետի պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն: Արդեն
երեկ Վրաստանի ղեկավարությանը ցավակցական հեռագրեր են հղել աշխարհի բազմաթիվ երկրների
ղեկավարներ, այդ թվում՝ Վ. Պուտինը եւ Ռ. Քոչարյանը: ՌԴ նախագահի հեռագրում, մասնավորապես,
նշված է. «Զուրաբ Վիսարիոնովիչը քաջ հայտնի էր Ռուսաստանում որպես ռուս եւ վրացի
ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների զարգացման կողմնակից»: «Հայաստանում
ցավով ընդունեցին վարչապետ Զուրաբ Ժվանիայի ողբերգական մահվան վշտալի լուրը: Ձեզ
հետ կիսում ենք կորստի վիշտը»,- իր հերթին հեռագրել է Ռոբերտ Քոչարյանը: Դեպքի
կապակցությամբ եղել են նաեւ որոշ քաղաքական դիտարկումներ: «Զուրաբ Ժվանիայի մահվամբ
վրացական քաղաքականությունը կարող է կորցնել կանխատեսելիության կարեւոր տարր: Նա
ավելի քիչ էր ենթակա էմոցիաների, ավելի շրջահայաց եւ կանխատեսելի էր, քան Վրաստանի
նախագահը, որն ավելի շատ է հակված արտաքին ազդեցություններին եւ պոպուլիստական քայլերին»,-
հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կ. Զատուլինը: Եղել են նաեւ այնպիսիք,
ովքեր կասկածի տակ են առել վարչապետի մահվան պատահական լինելու պարագան: Վրաստանի
խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Ալեքսանդր Շալամբերիձեն նշել է, թե
Գորիի ահաբեկչությունը եւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահը կապված են միմյանց
հետ: «Ամեն ինչ համընկնում է: Իմ մեջ տպավորություն է ստեղծվում, որ դա հատուկ հենց
հիմա է տեղի ունենում: Այդ ողբերգական փաստերը խոսում են այն մասին, որ որոշակի ուժերի
կողմից առկա է լուրջ միջամտություն եւ այդ ուժերը գործում են Ռուսաստանից»,- ասել
է պատգամավորը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել