Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Փետրվար 04,2005 00:00

Համոզված
է այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդյանը Վրաստանի վարչապետ Զուրաբ
Ժվանիայի ողբերգական մահը տնտեսական լուրջ բարեփոխումներ ապրող այդ երկրի եւ նրա
իշխանությունների համար ծանրագույն հարված էր: Շատ դիտորդներ այսօր Զ. Ժվանիայի մահվան
առնչությամբ ամենատարբեր վարկածներ առաջ քաշելուց եւ վերլուծելուց զատ՝ կանխատեսում
են նաեւ կառավարության ճգնաժամ: Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան
Բայբուրդյանը երեկ մեզ հետ զրույցի ժամանակ հաստատեց Վրաստանում առաջ քաշված պաշտոնական
վարկածը, ըստ որի՝ վարչապետը մահացել է շմոլ գազից: Ինչ վերաբերում է կառավարության
հնարավոր ճգնաժամին՝ պարոն Բայբուրդյանն ասաց. – Ես համոզված եմ, որ Վրաստանում
կառավարության ճգնաժամ չի լինի: Ամեն ինչ վերահսկողության տակ է, եւ ոչ ընդդիմության,
ոչ իշխող կուսակցության, ոչ էլ Զուրաբ Ժվանիայի համակիրների կողմից ոչ մի այնպիսի
քայլեր չկան, որոնք կվկայեն նման վտանգի մասին: Համոզված եմ, որ նման հեռանկար մեզ
չի էլ սպառնում, քանի որ նախագահ Սահակաշվիլին արդեն հայտարարել է կառավարությունը
ժամանակավորապես գլխավորելու մասին: Կարծում եմ՝ 10 օր անց, երբ հայտնի կդառնա նոր
վարչապետի անունը, կառավարությունը հունի մեջ կընկնի: Բոլոր դեպքերում կառավարության
ճգնաժամի հոտ ընդհանրապես չի գալիս: – Իսկ հավանական ի՞նչ թեկնածուներ կան
վարչապետի պաշտոնում: Այսօր խոսվում է Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլու եւ
պաշտպանության նախարար Դավիթ Օկրուաշվիլու մասին: Որքանո՞վ է հավանական նրանցից որեւէ
մեկի նշանակումն այդ պաշտոնում: – Թեկնածուների թիվը կադրային տեսանկյունից
կարող է շատ լինել, բայց այս պարագայում չեմ կարծում, թե ձեր մատնանշած անձինք այժմ
դառնան վարչապետ: – Այդ դեպքում, ձեր դիտարկմամբ, ո՞վ է ավելի հավանական թեկնածուն:
– Դժվարանում եմ ասել: Այդ հարցին կկարողանամ պատասխանել, երբ սկսվեն խորհրդակցությունները
նախագահ Սահակաշվիլու եւ խորհրդարանի միջեւ: Խորհրդարանն է ի վերջո հաստատելու ոչ
միայն վարչապետին, այլեւ՝ կառավարության կազմը: Բայց, Վրաստանի Սահմանադրության համաձայն,
նախագահը նախ խորհրդարանին պետք է վարչապետի իր թեկնածուն առաջադրի: – Նկատի
ունենալով, որ Զուրաբ Ժվանիան երբեւէ եղել է նաեւ իր առանձին կուսակցության ղեկավարը
եւ ունի իր համակիրները խորհրդարանում, արդյոք վարչապետ նշանակելու հարցում կպահպանվի՞
եղած հավասարակշռությունը, թե՞ այլ ուժերից որեւէ թեկնածություն կառաջադրվի: Եվ արդյոք
այդ դեպքում դա Ժվանիայի նախկին կուսակիցների խանդը չի՞ շարժի: – Ժվանիայի
գլխավորած «Ժողովրդական» եւ Սահակաշվիլու գլխավորած «Ազգային շարժում» կուսակցությունները
վաղուց միավորվել են, եւ այդ իմաստով խանդի դրսեւորումներ չկան: Բայց, իհարկե, խորհրդարանում
կա այն թիմը, որ եղել է Ժվանիայի հետ, եւ բոլորը նրանց գիտեն: Այդուհանդերձ, չեմ
կարծում, թե նման հարցեր առաջանան: Իմ կարծիքով՝ Սահակաշվիլին կընտրի այն թեկնածուին,
որը ոչ միայն այդ կուսակցության, այլեւ խորհրդարանական մյուս ուժերի համար նույնպես
ընդունելի կլինի: Նախագահը կխուսափի ճգնաժամային պահեր ստեղծելուց: Ես դրանում համոզված
եմ: – Արդյոք այն կուրսը, որ վարում էր կառավարությունում Զ. Ժվանիան, նոր
վարչապետի պարագայում կշարունակվի՞, թե՞ հնարավոր է, որ այն փոփոխությունների ենթարկվի:
– Թեեւ ես Զ. Ժվանիային համարում եմ մեծ քաղաքագետ եւ վերլուծող, պետական
եւ քաղաքական գործիչ, այդուհանդերձ, ակնհայտ էր, որ նա կառավարությունում իրագործում
էր Վրաստանի նախագահի քաղաքականությունը: Թեեւ Զ. Ժվանիայի մասին չի կարելի ասել,
թե նա «կցորդ վագոն» էր, այդուհանդերձ, նա առանց նախագահի հետ հստակ համաձայնեցնելու՝
որեւէ քայլ չէր նախաձեռնում ոչ կադրային հարցերում, ոչ տնտեսական բարեփոխումներ կամ
սեփականաշնորհում իրականացնելիս, եւ դրա պատճառով երբեւէ աղմուկ չի եղել: Հարցազրույցը՝
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել