Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

Փետրվար 03,2005 00:00

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՉԾԱՌԱՅԵՑՆԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ «Առավոտի» հունվարի 27-ի համարում զետեղված Ն. Գրիգորյանի «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք» հոդվածի կապակցությամբ կցանկանայի ձեր ուշադրությանը ներկայացնել արծարծված հիմնախնդրի վերաբերյալ իմ մտահոգությունը: Հիշյալ հոդվածի բովանդակությունը հիմնականում համապատասխանում է իրականությանը: Ավելին, անցած 14 տարիների ընթացքում ոչ միայն դեսպաններ, այլեւ, որքան ցավալի է, ավելի ցածր դիվանագիտական աստիճան ունեցող, միաժամանակ հեռանկարային երիտասարդ կադրեր, ինչ-ինչ պատճառներով, հեռացել են արտգործնախարարությունից: Եթե դեսպանների եւ նախարարության բարձրաստիճան դիվանագետների նշանակումն ու ազատումը, ըստ սահմանված օրենքի, կարգավորվում է նախագահի իրավասությամբ, ապա, դրան զուգահեռ, «վերեւից» իջեցված ցուցումով, կոպտորեն միջամտելով արտգործնախարարության գործառույթներին, հաճախ ավելի ցածր աստիճան ունեցող դիվանագետներ են ուղարկվում արտասահման կամ ետ կանչվում, ինչը «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի կոպիտ խախտում է: Նման մոտեցումը բացասական ազդեցություն է ունենում արտգործնախարարության աշխատանքի արդյունավետության, ինչպես նաեւ համակարգում բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Սա վկայում է հանրապետության դիվանագիտական ծառայության թերի ձեւավորման եւ նախարարությունում տիրող կադրային «իծաշարուկի» մասին: Անդրադառնալով իմ՝ Լիբանանում Հայաստանի նախկին դեսպանի պարտականություններից ազատմանը, ապա իսկությունը հետեւյալն է. 2001 թվականի հունիսին, հերթական ռոտացիայի տարօրինակ պատրվակով ես ետ կանչվեցի Երեւան: Գրում եմ «տարօրինակ», քանի որ Բեյրութում պաշտոնավարում էի ընդամենը 3 տարի: Դեսպանի նման հապճեպ ետկանչը դիվանագիտական պրակտիկայում սովորաբար նշանակում է, որ գործունեության ընթացքում «անուղղելի քաղաքական վնաս» ես հասցրել երկու երկրների հարաբերություններին: Սակայն իմ առաջին իսկ հանդիպումը նախարարի հետ՝ ապացուցեց հակառակը: Պարոն Վ. Օսկանյանը, նշելով, որ իմ աշխատանքից գոհ են, հայտնեց, որ նա նախագահին առաջարկ է ներկայացրել նոր ստեղծվող գլխավոր քարտուղարի կամ փոխնախարարի պաշտոնում իմ նշանակման վերաբերյալ: Ի դեպ՝ փոխնախարարի պաշտոն ես նախկինում զբաղեցրել էի: Նախարարի խոսքերով՝ նման առաջարկը գնահատականն էր իմ արդյունավետ դիվանագիտական գործունեության, որի վկայություններ են նաեւ այն պարգեւատրումները, որոնց արժանացել էի Հայաստանում եւ Լիբանանում աշխատած տարիներին. հուշամեդալ «ՀՀ արտգործնախարարության տասնամյակի կապակցությամբ անբասիր աշխատանքի համար», «Լիբանանի Մայրու մեծ ասպետի» շքանշան (օտարերկրացիների համար սահմանված ամենաբարձր պարգեւն այդ երկրում), ինչպես նաեւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի «Մայրու ասպետ» եւ Հայ կաթողիկե եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշաններ: Այնուհետեւ ձգվեցին նախագահի հրամանագրի սպասման երկար ամիսներ: Ի վերջո, տարեվերջին պարոն Վ. Օսկանյանը հայտարարեց, որ նախագահը նպատակահարմար չի գտնում իմ հետագա ծառայությունը արտգործնախարարության համակարգում, ավելացնելով, որ այդ հարցում որոշիչ նշանակություն է ունեցել նախագահի աշխատակազմի բացասական կարծիքն իմ մասին: Նախարարը հավաստիացրեց, որ ինքը շատ կցանկանար ինձ տեսնել այդ պաշտոններից որեւէ մեկում, սակայն հարցի դրական լուծումը դուրս է իր իրավասության սահմաններից: Այնուհետեւ, այդպես էլ չարժանանալով նախագահի ընդունելությանը՝ պարզելու համար նման անտրամաբանական մոտեցման պատճառները, համարելով վիրավորված իմ՝ կադրային դիվանագետի եւ մարդու արժանապատվությունը, ես ինքնակամ հեռացա արտգործնախարարության համակարգից: Ինչ վերաբերում է թերթի հոդվածի այն պարբերությանը, որ ետ չվերադարձած դեսպաններից «յուրաքանչյուրը այժմ ծաղկում է բիզնեսի մի ոլորտում», կցանկանայի նշել. իմ քառասուն տարվա աշխատանքային գործունեությունը սահմանափակված է եղել լոկ պետական ծառայության շրջանակներում: Ձեռներեցությունը համարելով հասարակության զարգացման կարեւոր գործոններից մեկը եւ հարգելով այն, այնուամենայնիվ, դրանով չեմ զբաղվում նաեւ նախարարությունից հեռանալուց հետո: Այս ամենը վկայում է այն մասին, որ միշտ չէ, երբ դիվանագիտական փորձ ձեռք բերած կադրերը պահանջված են մեր երկրում: Համոզված եմ, որ մի երկիր, որի մեծագույն արժեքներից մեկն էլ ազգի ինտելեկտուալ պոտենցիալն է, չի կարող շռայլություն թույլ տալ՝ անտեսելով ու արհամարհելով իր փորձառու եւ պրոֆեսիոնալ կադրերին: Անդրադառնալով անձամբ ինձ, ես չեմ գտնում, որ իմ փորձը, գիտելիքներն ու միջազգային կապերը պետք է ծառայեցնեմ սոսկ անձնական բարեկեցությանս: Ուստի, ես ապրում եմ Հայաստանում, այն լքելու մտադրություն չունեմ, եւ ներկայումս աշխատում եմ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության կենտրոնական գրասենյակում: ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել