Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել

Փետրվար 03,2005 00:00

Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք Խոստովանում է թիվ 174 դպրոցի նորընտիր տնօրենը Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 174 դպրոցի ցուրտ դասասենյակում ընթացող տնօրենի ընտրությունները ընդունելության քննություններ էին հիշեցնում: Դպրոցը «էլիտարներից» չէ՝ աշակերտների թիվը փոքր է, կանգնած է փակման վտանգի առաջ, ջեռուցման խնդիր ունի, տանիքը կաթում է եւ այլն: Չնայած այդ ամենին՝ տնօրենի աթոռի համար պայքարում էր 8 թեկնածու: Նրանցից մեկն անհայտ պատճառներով չէր ներկայացել, մեկն էլ թեկնածությունը հանեց հենց «քննության» ժամանակ: Մնացած թեկնածուների կենսագրությունները տակնուվրա անելուց եւ «քանդուքարափ» դպրոցը վերականգնելու մասին թեկնածուների պատկերացումները ճշտելուց հետո հանձնաժողովի հինգ անդամները, չորսը մեկի հարաբերակցությամբ, դպրոցի տնօրեն ընտրեցին մինչ այժմ մանկավարժ աշխատած Գալյա Վասիլյանին: Նկատելի էր, որ, ի տարբերություն մյուս հավակնորդների, Գ. Վասիլյանի կենսագրությունը համեմատաբար քիչ «քրքրեցին»: Նրա «քննության» ժամանակ ավելի շատ հետաքրքրվում էին, թե ինչպես է կազմակերպելու ուսումնական գործընթացը, ապահովելու աշակերտների նվազագույն քանակը (որպեսզի դպրոցը «չօպտիմալացվի»): Նորընտիր տնօրենը հայտնի անեկդոտի մոտիվներով հայտարարեց, որ եկել է ասի, որ իր վրա հույս չդնեն. «Հույս ունեմ, որ օպտիմալացման գործընթացն արդեն ավարտվել է, եւ ես պետք է ապահովեմ միայն խաղաղ պայմաններ՝ աշխատելու համար»: Սրան ի պատասխան՝ կրթության եւ գիտության նախարարության փորձագետ Ալբերտ Ոսկանյանը շտապեց հիասթափեցնել ապագա տնօրենին՝ հայտնելով, որ հույսը չդնի օպտիմալացման ավարտի վրա. «Աշակերտներ չներգրավելու դեպքում օպտիմալացումն անխուսափելի է»: 1700 աշակերտի համար նախատեսված դպրոցն այժմ ունի 460 աշակերտ: Թեկնածությունից հրաժարվողը նույն դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Վարուժան Իսպիրյանն էր, որն իր անակնկալ քայլը պատճառաբանեց այն հանգամանքով, որ չի ճանաչում քննող հանձնաժողովի անդամներից մեկին, որը միաժամանակ դպրոցական խորհրդի անդամ է. «Ես մեր դպրոցական խորհրդի բոլոր նիստերին մասնակցել եմ եւ միշտ հետամուտ եմ եղել խորհրդի աշխատանքներին, սակայն երբեւէ չեմ տեսել այդ կնոջը: Ինչպե՞ս պետք է նա ձայն տա կամ չտա, եթե ինձ չի ճանաչում»: Քննող հանձնաժողովի նախագահ Մարինե Մխոյանը բացատրեց, որ «անծանոթուհին» դպրոցի խորհրդի անդամ լինելուց բացի, թաղապետարանի ներկայացուցիչն է, որի հիմնական գործը տնօրենի ընտրությունը վերահսկելն է, «իսկ դպրոցական բուռն կյանքին պետք է մասնակցեն խորհրդի ներսի անդամները: Այդ նկատառումներով էլ ընտրված է խորհրդի կազմը, այնպես, որ երկուսը լինեն դրսից՝ օբյեկտիվ վերահսկողություն ապահովելու նպատակով, իսկ երեք անդամները՝ դպրոցից. մեկը ծնողական համայնքից է, երկուսը՝ մանկավարժական խորհրդից»: Ուշագրավ է, որ հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ նախարարության ներկայացուցիչը, այդքան մանրամասնորեն հետաքրքրվում էին թեկնածուների կենսագրությամբ (ընդհուպ, թե բուհում սովորելու տարիներին ով է եղել ռեկտորը), սակայն որեւէ խոսակցություն չգնաց դպրոցներում մեծ մասշտաբների հասած արատավոր երեւույթների (դրամահավաք եւ այլն) դեմ պոտենցիալ տնօրենների պայքարի վերաբերյալ պատկերացումների մասին: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել