Կոմունիստական այլախոհներն այդպիսի հույս ունեն
Ինչպես հայտնի է, դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին ընդդիմադիր կոմունիստներ Խորեն Սարգսյանը, Նորիկ Պետրոսյանը եւ Սանատրուկ Սահակյանը ՀԿԿ-ի հանրահայտ եւ, ինչպես միշտ, պատմական 36-րդ համագումարից հետո դիմել էին ՀՀ արդարադատության նախարարություն՝ համագումարը չեղյալ հայտարարելու համար: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Խորեն Սարգսյանը եւ Սանատրուկ Սահակյանը ներկայացրին մանրամասները: «Ստեղծվեց կազմկոմիտե, որը որոշում կայացրեց հունվարին համագումար անցկացնել: Դիմեցինք պատկան ատյանին, որպեսզի ամեն ինչ օրինական լինի: Բայց քանի որ իշխանությունն այս գործին խառնված էր, արդարադատության նախարարությունն այլ բան անել չէր կարող, քան մեր դիմումը մերժել՝ պատճառաբանելով, որ կուսակցությունը իրենց չի դիմել վերագրանցման համար, ուստի իրենք անելիք չունեն, մեր գործը պետք է դատարանով որոշվի: Քանի որ լավածանոթ ենք անկախ Հայաստանի դատարանների աշխատանքին, այդ քայլը մի կողմ թողեցինք եւ որոշեցինք նոր համագումար հրավիրելու նախապատրաստական աշխատանքներ տանել: Այժմ շրջանների հետ աշխատանք ենք տանում եւ մինչեւ փետրվարի վերջերն անպայման համագումար կանենք»,- ասաց Խ. Սարգսյանը: «Առավոտի» դիտարկմանը, որ իրավական առումով հարցի կարգավորումը թերի է մնում, քանզի մեկ ՀԿԿ արդեն կա, եւ ըստ օրենքի՝ արդարադատության նախարարությունը չի կարող համանուն եւս մեկ կուսակցություն գրանցել, նա արձագանքեց. «Այդ ժամանակ կգործենք՝ կախված համագումարի որոշումից: Ինչ անվանում էլ դրվի՝ կուսակցականները մեր կողմն են: Իշխանությունների կողմից աշխատանք ունեցող այդ 25 անձինք թող մտածեն»,- ՀԿԿ ներկայիս ղեկավարներին նկատի ունենալով՝ ասաց Խ. Սարգսյանը:
«Ինքնախաբեությամբ զբաղվելով՝ նրանք ոչ մի բանի չեն հասնի: Այդպիսով ապացուցում են, որ ճիշտը մենք ենք: Եթե շատերն իրականությանը տեղյակ չէին, ապա այդ «համագումարի» օրը հասկացան, որ մենք ենք ճիշտը, որ մենք ասելիք ունենք եւ մեզ չեն ուզում լսել, մեր խոսքից վախենում են: Հիմա էլ փորձում են շրջկոմների վրա ճնշումներ գործադրել: Իրենց կամակատար շրջկոմի քարտուղարներին ստիպում են, որպեսզի որոշումներ կայացնեն՝ ի պաշտպանություն այդ համագումարի որոշումների: Կամակատար շրջկոմի քարտուղար ունենալը դեռ չի նշանակում շրջկոմի ակտիվին ստրկամտորեն ենթարկեցնել: Դրա ապացույցներից մեկը վերջերս Էջմիածնի շրջկոմում կազմակերպված պլենումն էր, որտեղ կազմակերպության քարտուղար եւ կենտկոմի բյուրոյի անդամ Սիրեն Եղիազարյանի միջոցով փորձում էին կազմակերպության վզին փաթաթել համագումարի կայացման որոշումը: Ողջ ակտիվը միաձայն ըմբոստացել է այդ որոշման դեմ եւ ստիպել են արձանագրել, որ համագումարը չի կայացել ու կենտկոմից պահանջել են նոր համագումար հրավիրել»,- հավելեց Սանատրուկ Սահակյանը: Նա նաեւ ասաց, որ իրենց կազմակերպելիք համագումարին հրավիրելու են ՀԿԿ ներկայիս ղեկավարներին՝ «Մենք իրենց ասելիքից չենք վախենում, չենք խորշում, մենք էլ մերը կասենք, թող համագումարը որոշի»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ