Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՌԱՅԼ Է»

Փետրվար 03,2005 00:00

Նշել
է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի Հայաստանի պարտավորությունների դիտարկման հանձնախումբն
իր 5-րդ ընթացիկ զեկույցում, որը հաստատվել է նախարարների ներկայացուցիչների հունվարի
19-ի հանդիպման ժամանակ: Այս հանձնախումբը Հայաստանում անվանում են «Ագոյի
խումբ», թեեւ այն անցած տարվա հուլիսից ղեկավարում է գերմանացի դեսպան Ռոլանդ Վեգեները:
Ահա 2004-ի նոյեմբերին Հայաստան կատարած այցի արդյունքներով Վեգեների խումբը կազմել
է իր հերթական զեկույցը: Դրա հիման վրա կայացված որոշման առաջին իսկ կետերում նշվում
է, թե ԵԽ Նախարարների կոմիտեի ներկայացուցիչները Հայաստանի իշխանությանն ու ընդդիմությանը
կոչ են անում ջանքեր գործադրել ժողովրդավարական երկխոսություն հաստատելու համար,
եւ ընդգծվում է կարեւորությունը, որ սահմանադրական փոփոխություններն իրականացվեն
քաղաքական ուժերի հետ իրական խորհրդատվություններից հետո: Սակայն նախ ներկայացնենք
զեկույցի գլխավոր եզրակացությունները, որոնք ընդհանուր են ինչպես Հայաստանի, այնպես
էլ Ադրբեջանի համար, ուր նույնպես այցելել են դիտարկման հանձնախմբի անդամները. «Այս
երկու երկրներ այցելությունը նախորդից 8 ամիս անց ցույց տվեց, թե իրավիճակը շատ չի
փոխվել ժողովրդավարական առաջընթացի առումով: Գործող իշխանությունների անկարողությունն
ընդունել, որ իշխանափոխությունը պիտի հնարավոր լինի քվեաթերթիկների միջոցով, լիազորությունների
տարանջատման բացակայությունը, դատական իշխանության եւ ԶԼՄ-ների անկախության նկատմամբ
վերահսկողությունը, հրաժարումը՝ փոփոխել օրենսդրությունը, որը նախատեսում է սահմանափակումներ
արտահայտման եւ ցույցերի ազատության համար՝ ապացույցներ են, թե շատ են նշանները,
որ իշխանություններն ունակ չեն վերջ տալ անցյալի գործելակերպին: Այս երկու երկրներն
ամբողջ ուժով փորձում են հաղթահարել կեղծիքներով անցած ընտրությունների արդյունքները,
որն ընդդիմության հետ երկխոսությունը գոնե դժվարացնում է, եթե ոչ՝ դարձնում անհնարին:
Թուլացած ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են համագործակցել, եւ թվում է՝
սպասում են հաջորդ ընտրություններին, բայց առանց առանձնակի պատրանքների: Ժողովրդավարական
գործընթացների նկատմամբ ընտրողների հավատը կորսված է, քաղաքացիական հասարակությունը՝
հիասթափված»: Անդրադառնալով որոշակիորեն մեր երկրին՝ զեկուցողները նշում են.
«Քաղաքական մթնոլորտը Հայաստանում մռայլ է»: Եվ խոստովանում, թե պատվիրակությունը
ցնցված էր ընդդիմության ու ոչ կառավարական կազմակերպությունների տրամադրություններից,
որոնք դեռեւս չէին ընդունում ընտրությունների արդյունքները, սակայն «թվում է՝ կորցրել
են հավատը, թե կլինեն արագ փոփոխություններ: Երկուսն էլ քննադատում էին Եվրոպայի
ներողամտությունը իշխանությունների նկատմամբ: Եվ այս առնչությամբ հիշատակում էին
ԵԽԽՎ ընդունած բանաձեւը (2004-ի հոկտեմբեր) պարտավորությունների կատարման վերաբերյալ»:
Ռոլանդ Վեգեների խումբն արձանագրում է, որ իշխանության եւ ընդդիմության հարաբերություններում
առկա է ճգնաժամ, որը գագաթնակետին հասավ 2004-ի ապրիլին: Ըստ զեկույցի՝ թեեւ հակամարտությունն
ավարտված է, «իրավիճակը մնում է լարված: Ընդդիմությունը թուլացավ այդ դեպքերից հետո,
եւ թվում է՝ այժմ միայն սպասում է՝ տեսնի, թե ինչ կլինի եւ փնտրում քաղաքական մարտավարության
արդյունավետ ձեւեր»: Նախարարների կոմիտեի դիտարկման խումբը փաստ է համարում,
որ 2004-ի փետրվարից «չի եղել ոչ մի իրական առաջընթաց, եւ իրոք ընդունվել են որոշ
անհաջող որոշումներ՝ ինչպես ցույցերի ազատության վերաբերյալ բավական հետադիմական
օրենքի նախագծի հապշտապ ընդունումն էր, այնպես էլ նոր մերժումը՝ հաճախություն տրամադրել
«Ա1+»-ի հեռարձակման համար»: Զեկույցում հանգամանալից անդրադարձ կա սահմանադրական
բարեփոխումներին. այս առնչությամբ է կոչ արված իշխանությանն ու ընդդիմությանը վերսկսել
երկխոսությունը եւ ապահովել փոխհամաձայնություն՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկների
հիման վրա: Եվ հատուկ նշված է, թե հանրաքվեի պիտի ներկայացվի այն նախագիծը, որը կարժանանա
Վենետիկի հանձնաժողովի հավանությանը, այլ ոչ թե՝ ինչպես 2003-ին էր, մի տեքստ, որում
խախտված էր իշխանության հավասարակշռվածության սկզբունքը: Կարեւորվում է նաեւ
«Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը ու նաեւ այն, որ պատասխանատվության ենթարկվեն
վերջին ընտրություններում խախտումներ կատարածները: Պատվիրակությունն ընդգծել է այս
երկու խնդիրների լուծման կարեւորությունը ընտրությունների նկատմամբ ընտրողների հավատը
վերականգնելու համար: Նաեւ հիշատակված է ընդդիմադիրների առաջադրած նախապայմանն իշխանությանը՝
երկխոսությունը վերսկսելու համար պատժել ընտրակեղծարարներին. «Պատվիրակությունն այս
առնչությամբ որոշակի պատասխան չի ստացել եւ սպասում է տեղեկատվության»: Ի դեպ, զեկույցում
մեջբերում է արված արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ զրույցից, որն ասել է, թե
Հայաստանն այլեւս չի կարող իրեն թույլ տալ անցկացնել անբավարար ընտրություններ: Փաստորեն՝
արտերկրի պատվիրակությունների առջեւ մեր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն
ավելի անկեղծ է եւ խոստովանում է, որ անցկացված ընտրությունների մակարդակը բավարար
չէր: Պատվիրակությունը Հայաստանի իշխանության հետ հանդիպումների ընթացքում
արծարծել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի
փոփոխության հարցը. «Սակայն նախագահն այս առումով առանձնակի ըմբռնում չցուցաբերեց
եւ ընդգծեց, թե այն հնարավորություն ընձեռեց կարգուկանոն պահպանել դժվարին ժամանակահատվածում»:
Զեկույցում նաեւ նշված է, թե ԶԼՄ-ների անկախության առնչությամբ մտահոգությունները
պատվիրակությանն անհարմարության զգացում պատճառեցին. որեւէ փոփոխություն չի արվել
ՀՌԱՀ կազմում, իսկ «Ա1+»-ի առնչությամբ, որի «խորհրդանշական կարեւորությունը» պատվիրակությունն
ընդգծել է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում, էլի լսել է կրկնվող հավաստիացումներ,
թե նախագահը չի կարող միջամտել հաճախությունների տրամադրման գործընթացին: Իսկ պատվիրակներն
ի պատասխան ասել են, թե թափուր հաճախությունն առանց մրցույթի տրամադրվեց ռուսական
հեռուստաընկերությանը: Հիշեցնենք, որ սա արվեց Ռոբերտ Քոչարյանին ինչ-ինչ մտավորականների
նամակ-միջնորդությունից հետո: Եվ դիտարկման հանձնախումբն ի շարս այլ հանձնարարականների,
առաջարկել է, որ Նախարարների կոմիտեն կոչ անի արդյունավետ միջոցներ կիրառել, որպեսզի
օրենքով երաշխավորվեն ԶԼՄ-ներում բազմակարծության, նաեւ ցույցեր անելու ազատությունը
եւ դատական իշխանության անկախությունը: Իսկ այս ամենի արդյունքների վերաբերյալ Վեգեների
խմբի մյուս զեկույցը կներկայացվի 2005-ի ամռանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ.
Գ. Զեկույցում առանձին անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղին, որը կներկայացնենք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել