Իսկ
ընտրության իրավունքը հիմա «Հանրապետություն» կուսակցությանն է «Հանրապետություն»
կուսակցությունում, որտեղ երեկ եղանք, նախընտրում են տեղի ունեցող ներկազմակերպչական
խմորումների մասին հրապարակավ չխոսել, թերեւս, այն նույն պատճառաբանությամբ, ինչ
ՀՀ իշխանություններն էին կոչ անում ընդդիմությանը՝ միջազգային հանրության առաջ մեր
կեղտոտ լվացքը չփռել: Բայց դատելով մասնավոր զրույցներից՝ պետք է եզրակացնել, որ
այստեղ հասկանում են լուրջ իրադարձությունները: Դեռ այն ժամանակ, երբ անցյալ
տարեվերջին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ եւ ԵԿՄ վարչության
անդամ Ալբերտ Բազեյանը, ԵԿՄ Երեւանի կառույցի նախագահ Հակոբ Հակոբյանն ու Կոտայքի
մարզային կառույցի ղեկավար Սասուն Միքայելյանը բոյկոտեցին ԵԿՄ հերթական համագումարը,
քաղաքական եւ երկրապահական շրջանակներում շատերը կարծիք հայտնեցին, թե դրա վերջը
ԵԿՄ-ի պառակտումն ու նոր երկրապահական կազմակերպության ծնունդն է լինելու: Այդ կանխատեսումները
իրականացան՝ հակառակ այն բանի, որ ԵԿՄ-ում բոլորը, այդ թվում՝ վարչության նախագահ
Մանվել Գրիգորյանը, հայտարարում եւ հավատում էին, որ այդ կառույցը երբեք չի պառակտվի:
Հիմա քաղաքական շրջանակներում տեսակետներ են հնչում, թե ԵԿՄ պառակտումն ու
«Ոգու փորձության» հիմնադրումը տեղի է ունեցել ոչ առանց իշխանությունների գործադրած
ջանքերի: Եթե այդպես է, ուրեմն այդ կազմակերպության ստեղծումն ու «Հանրապետություն»
կուսակցությունում ծավալվող ներքին խմորումները պատահականություն չեն: Ոմանք
կանխատեսում են, թե «Ոգու փորձությունը» ոչ մոտ ապագայում, բայց ի վերջո վերածվելու
է կուսակցության, ուր միավորվելու է ինչպես ԵԿՄ-ից, այնպես էլ «Հանրապետություն»
կուսակցությունից դժգոհ զանգվածը: Որ այդ նոր երկրապահական կառույցում միավորվելու
նախաձեռնությունը, ըստ էության, քաղաքական շարժառիթներ ունի՝ չեն թաքցնում նաեւ դրա
հիմնադիրները։ Նրանք իրենց համարում են ԵԿՄ-ի այլընտրանք, որն իշխանությունների փեշի
տակ չի լինելու, որ հարկ եղած դեպքում պաշտպանելու է ժողովրդի ընտրության իրավունքը:
Այլ կերպ հասկանալ սա, քան ընդդիմադիր կառույց՝ դժվար է: Իհարկե, ԵԿՄ-ն քանդելն
ավելի դժվար է, քան «Հանրապետություն» կուսակցությունը, որտեղ գաղափարակիցներ են
հավաքված: Այստեղ հավաքվել են Վազգեն Սարգսյանի զինակիցները, որոնք Ռոբերտ Քոչարյանի
եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ, մեղմ ասած, հակակրանք ունեն: Թերեւս այդ էր պատճառը,
որ երբ կուսակցությունում հարց դրվեց արժեքային համակարգի ընտրության եւ Արեւմուտք
կամ Ռուսաստան կողմնորոշման մասին, ի հայտ եկան գրեթե անհարթելի հակասություններ:
Անհարթելի, որովհետեւ դրանք համադրելը պարզապես անհնարին է, իսկ ընտրությունը՝ պարտադիր:
Իշխանություններն, իհարկե, ուրախ են դրա համար եւ վարպետորեն խաղում են մեկ Ալբերտ
Բազեյանի, մեկ՝ համոզված ռուսամետ Վաղարշակ Հարությունյանի նուրբ լարերի վրա: Իշխանության
քարոզչությունն էլ պնդում է, որ «Հանրապետություն» կուսակցությունը դարձել է «բոբո»
ՀՀՇ-ի կցորդը, որ հույսը դրել է Արեւմուտքի կողմից մեր երկրում իշխանափոխություն
անելու վրա: Հենց այս հողի վրա ծավալված տարակարծությունը կուսակցության ներսում
ցեցի նման սկսել է իր գործն անել: Առայժմ, իհարկե, կուսակցության քաղխորհրդի նախագահի
պաշտոնից հրաժարվելու իր մտադրությունից Ա. Բազեյանը ձեռնպահ է մնում՝ գոնե մինչեւ
համագումար: Բայց դա չի նշանակում, թե կուսակցության ներսում հարցը սպառված է: Կուսակցության
«այլախոհները» քաղխորհրդի շատ անդամներից, այդ թվում՝ Արամ Զ. Սարգսյանից գաղտնի
հանդիպումներ են ունենում: Իսկ այդ հանդիպումների մասնակիցները հիմնականում Ա. Բազեյանի
քաղաքապետ եղած ժամանակ նրա շուրջ համախմբված մարդիկ են: Անշուշտ, իշխանությունները
կուզենան «Հանրապետությունը» տեսնել առանց Արամ Սարգսյանի, բայց դա անելու համար
նրանք նախ պետք է կուսակցությանը ֆինանսական աջակցություն ցույց տան: Տվյալ դեպքում
դա անհնարին կլինի, որովհետեւ շարքերը, որ համոզված ընդդիմադիրներ են, դա չեն հանդուրժի:
Մնում է ԵԿՄ-ի օրինակով պառակտել նաեւ «Հանրապետությունը»: Իշխանություններին դա
անհրաժեշտ է երկու նպատակով: Եթե այս կուսակցությունն, ի վերջո, հստակեցնի իր դիրքորոշումը
արժեքային համակարգի իմաստով, այն այլեւս ոչինչ չի ունենա անելու արդեն վաղուց վերահսկվող
«Արդարություն» դաշինքում, բայց կարող է քաղաքական ինքնուրույն եւ ուժեղ գործոն լինել
ընդդիմադիր դաշտում: Նկատի ունենալով Ա. Բազեյանի եւ Վ. Հարությունյանի համոզմունքներն
ու Ա. Սարգսյանի չարդարացված հանդուրժողականությունը սեփական շրջապատի նկատմամբ՝
կարելի է եզրակացնել, որ իշխանությունների ջանքերն այս անգամ եւս ապարդյուն չեն անցնի.
կուսակցությունը կամ կշարունակի մնալ որպես անդեմ միավոր, կամ՝ կպառակտվի: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ