Շարունակում են հիացնել Ջիբրալթարում ընթացող շախմատի «ACP-Tour-Third Gibtele.com Chess Festival» միջազգային փառատոնում, որի մրցանակային ֆոնդը 15 հազար ֆունտ ստեռլինգ է, հայաստանցի երիտասարդ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը շարունակում են հիացնել իրենց գերազանց մրցելույթներով: Գաբրիելը, որ վեցերորդ տուրից հետո 5 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, յոթերորդում սեւ խաղաքարերով միավորը բաժանեց աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի՝ բավականին երկար ժամանակ Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ալեքսեյ Շիրովի հետ: Իսկ Լեւոնը, որ մինչ այդ ընդամենը կես քայլ էր զիջում իր թիմակցին, սպիտակներով առավելության հասավ հունաստանցի Վասիլիոս Կոտրոնիասի նկատմամբ ու վաստակած միավորների քանակով հավասարվեց նրան: Յոթերորդ պարտիայում հաջողությունն ուղեկցեց նաեւ մեր շախմատիստների գլխավոր մրցակիցներից եւս երկուսին, ու ստացվեց այնպես, որ յոթերորդ տուրից հետո բոլոր չորսն էլ իրենց անվան դիմաց գրանցեցին 5,5-ական միավոր: Նրանք են՝ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, ուկրաինացի Զախար Եֆիմենկոն եւ իսրայելցի Էմիլ Սուտովսկին: Սակայն մրցաշարի ավարտից երեք տուր առաջ մրցաշարային աղյուսակում խիստ «նեղվածություն» է: Միանգամից ինը շախմատիստներ 5-ական միավորով բաժանում են 5-13-րդ հորիզոնականները: Ու քանի որ նրանց եւ առաջատար քառյակի միջեւ ընդամենը կես միավորի տարբերություն է, ուստի ամեն մի վրիպում կարող է ճակատագրական դառնալ յուրաքանչյուրի համար: Երեկ կայանալու էր ութերորդ տուրը: Արոնյանը սեւերով ուժերը չափելու էր Էմիլ Սուտովսկու հետ, իսկ Սարգսյանի մրցակիցը լինելու էր Զախար Եֆիմենկոն: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ