Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՐՏՔ ԵՄ ԱՆԵԼՈՒ՝ ՄԱՏԱՂ ԱՆԵՄ»

Փետրվար 01,2005 00:00

«ՊԱՐՏՔ ԵՄ ԱՆԵԼՈՒ՝ ՄԱՏԱՂ ԱՆԵՄ» Խոստանում է Արմինեն, եթե տանիք գտնի Արմինե Նավասարդյանին տեսա Կառավարական 3-րդ մասնաշենքում՝ տեղեկատվական կենտրոնի մոտ՝ կրթության նախարարության մուտքի թույլտվություն խնդրելիս: Ապակու մյուս կողմից նրան հարցնում էին՝ պայմանավորվա՞ծ եք, ո՞ւմ մոտ եք բարձրանում: Արմինեն ուսերն էր թոթվում. «Ինձ նախագահի նստավայրից են ուղարկել այստեղ: Այնտեղ ասացին, որ նախագահը ձեզ ոչնչով օգնել չի կարող, գնացեք կրթության նախարարություն»: Հերթի կանգնած մարդկանց համար թեմա բացվեց. «Իսկ այդ ի՞նչ հարց է, որ նախագահը չի կարող օգնել, իսկ Սերգո Երիցյանը կարող է…»: – Տան հարց, ապրելու տեղ չունեմ,- բացատրեց Արմինեն: – Ուրեմն դուք սխալ պատուհանի մոտ եք կանգնած, սոցապ նախարարություն պետք է դիմեք,- փորձում էին ուղղորդել Արմինեին: – Ոչ, ինձ այստեղ են ուղարկել, որովհետեւ ես ապրում եմ 115 դպրոցում, ինչքա՞ն կարող եմ մնալ այնտեղ, ինձ մի տանիք է պետք, իսկ կրթության նախարարությունում ինձ կօգեն: – Վերցրեք այս թուղթը եւ դիմում գրեք,- ապակու տակից մի թուղթ սահեցնելով` նրան դիմեց «անցաթուղթ տվող» բարետես աղջիկը:- Բայց գոնե գիտե՞ք գրել, կամ՝ գիտե՞ք ում անունով պետք է գրեք: – Ոչ: -Լավ, հետ տվեք թուղթը, ես կփորձեմ ձեզ ինչ-որ կերպ վերեւ ուղարկել: – Որ գործս լինի, պարտք եմ անելու՝ մատաղ անեմ,- ասում էր Արմինեն,- իմ դարդը ոչ ոք չունի, ես իմ կյանքին վերջ կտամ: – Նե ստո՜՜իտ,- քթի տակ ասաց փախստական մի կին: Հետո ես Արմինեին կորցրի: Ավելի ուշ ինձ օգնեց այն դպրոցի տնօրենը, որտեղ նա ապաստանում էր: Աիդա Մնացականյանն ասաց, որ տարիներ առաջ Արմինեին օգնել է հաշվառվել դպրոցի հասցեում, որպեսզի կարողանա անձնագիր ստանալ: Անձնագիրը, սակայն, ոչնչով չի օգնում Արմինեին, բացի այս ու այն դուռը զարկելիս ընկերակցելուց: «Մայրս եղբորս հետ վարձով ապրում է Սարի թաղում: Եղբայրս էպիլեպսիայով հիվանդ է,- պատմում է Արմինեն:- Մայրս աշխատում էր մի ճաշարանում, աման էր լվանում, հիմա այդ ճաշարանը փակվել է»: «Իսկ ինչպե՞ս են ապրում, էլ չեմ ասում, որ դեռ տան վարձ էլ պետք է տան»,- հարցնում եմ: Ուսերն է թոթվում. «Չգիտեմ… Դիմել եմ Շենգավիթի թաղապետարան, ասում են՝ եթե այստեղ 10 տարվա գրանցում չունես, քեզ չենք կարող վերցնել հերթի (՞)»: Արմինե Նավասարդյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ստանում է 4200 դրամ թոշակ եւ «Փարոսից»՝ 4500 դրամ նպաստ: Ստացած գումարը բավականացնում է միայն «չոր հացի»: Արմինեի պատմելուց հասկանալի էր դառնում, որ դպրոցում երեխաները միշտ չէ, որ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում հաշմանդամի հանդեպ, եւ ինքն այլեւս չի կարող մնալ երեխաների շրջապատում. «Երեխաներ են, ինչ ասես, մեկը չի, երկուսը չի: Մեկ-մեկ երեկոյան գնում եմ ռուսերենի դասատուներից մեկի տուն, մի քիչ նստում եմ, բայց ինչքա՞ն կարող եմ»: Ի դեպ, Արմինեն թեպետ նույնիսկ մայրենի տառերը չգիտի, սակայն խոսելիս անգլերեն եւ ռուսերեն բառեր էր օգտագործում: Նա դրանք սովորել էր դպրոցում՝ դասասենյակների կողքով անցնելիս գուցե, որովհետեւ դասերին նրան չեն թողնում. Արմինեին նաեւ հատուկ կրթություն է պետք, ինչը հիմա խրախուսում է մեր կրթական համակարգը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել