Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՒՆԸ

Փետրվար 01,2005 00:00

ՏՈՒՆԸ ԵՐԴԻԿԻՑ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ Սոցիալական քարտ ստացածների թիվն այսօր անցնում է 1,7 մլն-ից: Սակայն դեռ հայտնի չէ, թե ինչքան մարդ զուր տեղը կտուժի եւ չի ստանա իր նպաստը, թոշակը կամ աշխատավարձը՝ դրանք «ժամանակավոր կալանքի» տակ են, մինչեւ քարտ ունենալը: Վերջին երկու ամսում տասնապատիկ ավելի, քան նախորդ ամիսներին էր, ծանրաբեռնված են աշխատում սոցիալական քարտ տրամադրող կենտրոնները: Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից կիրառման մեջ է մտել սոցիալական քարտի համակարգը, այն է՝ առանց քարտի քաղաքացին չի կարող եկամուտ ստանալ, բանկային հաշիվ բացել, վճարել հարկեր, տուրքեր (բացի կոմունալ վճարներից) եւ այլն: «Սոցիալական քարտի մասին» օրենքում նշված է, որ համակարգի ներդրման նպատակն է՝ իրավասու մարմիններից ստանալ տեղեկություններ, ճշտել դրանց իսկությունը եւ քարտի տեղեկատվական բազայից տվյալներ տրամադրել իրավասու մարմիններին: Քարտ ստանալու համար լրացվող հայտում տվյալները հիմնականում վերաբերում են քաղաքացիների հաշվառման եւ գրանցման մարմնին: Սակայն հենց այս համակարգն է, որ այժմ պատրաստ չէ միանալ սոցիալական քարտի ընդհանուր տեղեկատվական բազային, որովհետեւ չունի իր համակարգված տեղեկատվական բազան: Այս գործառույթն իրականացնող մարմինների (ՆԳ բաժին, ԶԱԳՍ եւ այլն) հետ հայտերում ներկայացված տվյալները ստուգվում են ոչ թե համակարգչային, այլ «թղթային» ճանապարհով: Նույն խնդիրն առկա է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի ոլորտում: Այսօր համակարգչով աշխատում են հանրապետության ընդամենը 60-70 համայնքներ: Մնացածի «համակարգչավորումը» դեռ ընթացքի մեջ է: Իսկ հանրապետությունն ունի 1400-ից ավելի համայնք: Սա նշանակում է, որ քարտում զետեղված տվյալներում կատարվող ցանկացած փոփոխություն՝ կապված գրանցման տեղի, եկամուտների, անձնագրային տվյալների, մահվան եւ այլնի հետ, շարունակելու են ճշտել կամ համադրել գրավոր տեղեկանքներով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապահովության եւ կենսաթոշակային ապահովության վարչության պետ Արտեմ Ասատրյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ոչ շուտ, քան մեկ ամսից հազիվ կհասցնեն տվյալների ավտոմատ համադրում ապահովել սոցիալական ոլորտի 4 օղակներում՝ կենսաթոշակային, աղքատության ընտանեկան նպաստի, հաշմանդամների եւ գործազուրկների: Ընդ որում, պարզվել է, որ հայտերը այս օղակներում ունեցած փաստաթղթերի հետ համեմատելիս, տվյալների 60-70%-ը ենթակա է ճշգրտման: Հետեւաբար, սոցիալական քարտի կիրառումը դեռ երկար ժամանակ կմնա միակողմանի: Այսինքն՝ քաղաքացիներին թոշակ-նպաստ-աշխատավարձից զրկելու սպառնալիքով՝ շտապեցին ապահովել սոցիալական քարտով, մինչդեռ քարտի ամբողջական կիրառումը ապահովված չէ այլ համակարգերում: Իսկ հնարավոր չէ՞ր հակառակն անել. ստեղծել ամբողջական տեղեկատվական բազա եւ նոր «քարտավորել»: «Օրենքը սահմանել էր կիրառման կոնկրետ ժամանակ, եւ մենք ստիպված էինք քաղաքացիներին, եկամուտներից զրկելու գնով, ապահովել սոցիալական քարտով, թե չէ կիրառման ժամկետը կերկարաձգվեր: Ինչ վերաբերում է տեղեկատվական համակարգերի միջեւ ավտոմատ համադրմանը, ապա մեր՝ սոցիալական համակարգերի մասով մենք մեր գործն արել ենք, հարկայինն էլ միացած է, մնում է մյուս մարմիններն էլ միանան: Ամեն դեպքում, նրանց հետ էլ համադրումը կատարում ենք թղթային ճանապարհով»,- մեր հարցին պատասխանեց Ա. Ասատրյանը: Եթե նկատի ունենանք, որ հանրապետությունում գրեթե չի իրագործվում քաղաքացիների հաշվառման կարգը ու փաստացի բնակիչները շատ հաճախ չեն հաշվառվում, եւ ընդհակառակը, ապա տվյալների այս մասով միշտ էլ թյուրիմացություն կամ անհամապատասխանություն կլինի: Այսինքն, քարտային համակարգի ներդրման հետ կապված ողջ այս «նյարդատրոփից» շարքային քաղաքացիներն առայժմ ոչ մի օգուտ չունեն՝ քաշքշուկներից բացի: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել