«ՈԳՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ» ՓՈՐՁԱՆՔ ՉԷ՞ ԵԿՄ-ում վստահ են, որ իրենց կազմակերպությունը պառակտում են հենց իշխանությունները՝ թեկուզ «ընդդիմադիր ԵԿՄ» ստեղծելով: Ներքին խմորումները ԵԿՄ-ում վաղուցվա պատմություն ունեն՝ սկսած դեռ 2000թ. գարնանից, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ստանձնեց ՊՆ փոխնախարարի պաշտոնը եւ ԵԿՄ վարչության մի շարք անդամ-գնդապետներ Ռ. Քոչարյանից ստացան գեներալական ուսադիրներ: Այն ժամանակ ԵԿՄ վարչության մի շարք անդամներ սա ընկալեցին որպես իրենց հակառակորդների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի փեշի տակ մտնելու եւ «նրանց կրոնն ընդունելու» խորհրդանշական ակցիա: Տարակարծությունները ԵԿՄ-ում ավելի ու ավելի ակնհայտ դարձան ներքաղաքական զարգացումների ֆոնի վրա, մասնավորապես, երբ ձերբակալվեց, ապա դատապարտվեց ԵԿՄ վարչության անդամ Մուշեղ Սաղաթելյանը: Երկրապահներից շատերն այդպես էլ չհամակերպվեցին ԵԿՄ ղեկավար օղակի լռության հետ: Վարչությունը լռեց նաեւ այն ժամանակ, երբ կալանավորվեց եւ դատապարտվեց Արմեն Սարգսյանը եւ իշխանությունները հետապնդումներ սկսեցին ԵԿՄ վարչության ու շարքային անդամների դեմ, որոնք համարձակվել էին 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո էլ քաղաքական դիրքորոշում հայտնել: Մի խոսքով, ԵԿՄ վարչությունից եւ նրա նախագահ գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանից դժգոհելու բազմաթիվ առիթներ երկրապահներն ունեին, եւ այդ դժգոհությունները հաճախ արտահայտվել են առանձին կառույցների արած հայտարարություններով: Բայց երբեք խոսք չի եղել ԵԿՄ պառակտման մասին: Այդպես չէր եղել նաեւ այն ժամանակ, երբ իշխանությունները ԵԿՄ-ն պառակտելու երկար փորձերից հետո հաջողացրել էին հիմնել ազատամարտի վետերանների միությունը՝ երբ ԵԿՄ-ից հեռացավ վարչության նախկին անդամ Արկադի Թադեւոսյանը՝ «Կոմանդոսը»: Դեռ ԵԿՄ հերթական համագումարից առաջ մեկնաբանելով ԵԿՄ վարչության անդամներ Ալբերտ Բազեյանի, Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի որոշումը՝ համագումարին չմասնակցելու մասին, ԵԿՄ փոխնախագահ Ա. Կետիկյանը հույս էր հայտնել, թե ԵԿՄ-ն Վազգեն Սարգսյանի հիմնադրած այն միակ կառույցն է, որը պառակտել եւ փոշիացնել դեռ չի հաջողվել: Պրն Կետիկյանն այն ժամանակ չգիտեր, որ ընդամենը մեկ-երկու ամիս անց ծնվելու էր «Ոգու փորձությունը»: Հիմա այդ անունը կրող նոր կազմակերպության մասին երկրապահները նախընտրում են չխոսել՝ ոչ լավը, ոչ վատը՝ համարելով, որ այնտեղ հավաքվածներն իրենց մարտական ընկերներն են: Միաժամանակ, այդ նոր կազմակերպության ստեղծումն ու դրա նախաձեռնողների դժգոհությունը ԵԿՄ-ում արդարացի չեն համարում: Այստեղ շատերը նոր կազմակերպության հիմնադրումը արհեստական են համարում եւ պայմանավորում են նրանով, որ իշխանությունները փորձում են ԵԿՄ-ում ղեկավարությունից բողոքող զանգվածի դժգոհության «գոլորշին բաց թողնել»՝ նրանց միավորելով նույն այդ ղեկավարության հետ անհաշտ եւ ընդդիմադիր երկրապահի համբավ ունեցողների շուրջ: Մինչդեռ արդյունքը, ըստ մեր զրուցակիցների, նույնն է լինելու: Ավելին, նրանց դիտարկմամբ, ավելի կառուցողական կլիներ, եթե հիշյալ անձինք ներկա լինեին ԵԿՄ համագումարին, ասեին այն, ինչ ուզում էին: Նրանք կարող էին համագումարում առաջարկել իրենց ցանկալի մարդկանց թեկնածությունը վարչության կազմում, ինչը առաջարկել է նաեւ Մ. Գրիգորյանը, եւ նրանց ձայնը հաստատ լսելի կլիներ, որովհետեւ նրանք ԵԿՄ-ում միշտ էլ հարգանք են վայելել: Համենայնդեպս, ԵԿՄ-ում համաձայն չեն, թե «Երկրապահը» իշխանությունների կողմից վերահսկվում է, քաղաքական խաղերի եւ խարդավանքների մասնակից է, կամ, որ «Ոգու փորձությունը» զերծ է լինելու դրանից, առավել եւս, որ, ըստ որոշ տեղեկությունների, այդ նոր կազմակերպությունը ֆինանսավորվում է նաեւ ԱԺ գործարար պատգամավոր Լեւոն Սարգսյանի եւ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի կողմից: «ԵԿՄ-ն միշտ եղել է ապաքաղաքական, հասարակական կազմակերպություն»,- ասաց Արա Կետիկյանը: Հիշեցնենք, որ 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ այդ կառույցը այդպես էլ չհամալրեց հասարակական այն մեծաթիվ կազմակերպությունների ցանկը, որոնք հանդես եկան Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ: Ավելին, 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների թվում գերակշռող էին հենց ԵԿՄ անդամները, որոնք այնտեղ լինելով՝ հայտնում էին իրենց քաղաքացիական դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, եւ այդ դեպքերից հետո էլ ընդդիմության ակտիվիստները իշխանությունների հետապնդումներից ապաստան էին գտել նաեւ ԵԿՄ-ում: «Եթե այդ նոր կազմակերպությունն ուզում է զերծ մնալ քաղաքական խաղերից, ինչո՞ւ է գովազդում իր ընդդիմադիր լինելը»,- երեկ մեր զրույցի ժամանակ ասաց ԵԿՄ վարչության մեկ այլ անդամ, որի ասելով՝ ԵԿՄ այն անդամները, ովքեր ուզում էին քաղաքականությամբ զբաղվել, դա արել են անարգել՝ անդամակցելով ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների: ԵԿՄ-ում միաժամանակ վստահ են, որ իշխանություններն ուզում էին ԵԿՄ-ն, որպես կենտրոնացված կառույց եւ Վ. Սարգսյանի ժառանգություն, փոշիացնել, որովհետեւ այդպես նա ավելի վտանգավոր էր իշխանությունների համար, քան՝ մասնատված: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ