Առայժմ
գերազանց մրցելույթներ Հայ շախմատիստները վերջին տարիներին որպես կանոն հաջող
են հանդես գալիս միջազգային ամենաբարձր կարգի մրցաշարերում՝ բարձր պահելով Հայաստանի
մարզական դրոշի պատիվը: Այս օրերին Ջիբրալթարում ընթանում է «ACP-Tour-Third
Gibtele.com Chess Festival» միջազգային մրցաշարը: 15 հազար ֆունտ ստեռլինգ մրցանակային
ֆոնդ ունեցող շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարում հանդես են գալիս աշխարհի
120 ուժեղագույն գրոսմայստերներ, միջազգային եւ ազգային վարպետներ: Նրանց մեջ են
մեր հանրապետության երկու երիտասարդ, սակայն տաղանդավոր գրոսմայստերները՝ Լեւոն Արոնյանը
եւ Գաբրիել Սարգսյանը, որոնք պարզապես գերազանց են դրսեւորում իրենց: Խաղացված վեց
տուրից հետո Գաբրիելը տարել է չորս հաղթանակ, երկու պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 5 միավորով
միանձնյա գլխավորում է մրցանակային աղյուսակը: Ինը շախմատիստներ, նրանց մեջ նաեւ
Լեւոն Արոնյանը, 4,5-ական միավորով բաժանում են 2-10-րդ տեղերը: Երեկ պետք
է կայանար 7-րդ տուրը: Գաբրիելը սեւերով հանդիպելու էր Ալեքսեյ Շիրովի, իսկ Լեւոնը
սպիտակներով՝ Վասիլի Կորտինիասի հետ: Լեկոյի հաղթանակով Հոլանդիայի
Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտվեց շախմատի 19-րդ կարգի միջազգային գերմրցաշարը, որի
«A» խմբում հանդես էին գալիս աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն գրոսմայստերները: Շաբաթ
եւ կիրակի օրերին կայացան նախավերջին՝ 12-րդ եւ վերջին՝ 13-րդ պարտիաները: Առաջատարը՝
հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոն, նախ ոչ-ոքի արեց Բուլղարիայի ներկայացուցիչ
Վեսելին Տոպալովի, ապա կարճ պայքարից հետո միավորը բաժանեց իր հայրենակից եւ մրցաշարի
միակ կին մասնակից Յուդիթ Պոլգարի հետ եւ 13 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Նրան
հավասարվել կարող էր հնդիկ Վիշվանաթան Անանդը, եթե վերջին տուրում կարողանար պարտության
մատնել մրցաշարի մշտական ետնապահ Իվան Սոկոլովին: Սակայն վերջինը եզրափակիչ տուրում
համառ դիմադրությունով հասավ ցանկալի խաղաղ արդյունքի: Այսպիսով, Լեկոն, որ Հայաստանի
հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի աղջկա ամուսինն է, առաջին անգամ
դարձավ ավանդական այս մրցաշարի հաղթող: Ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք
ունի. 1. Պետեր Լեկո (Հունգարիա)՝ 8,5 միավոր, 2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)`
8, 3. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)` 7,5, 4-7. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Յուդիթ
Պոլգար (Հունգարիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Մայքլ Ադամս (Անգլիա)` 7-ական,
8-10. Լազարո Բրուզոն (Կուբա), Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա), Լյուկ Վան Վելի (Նիդեռլանդներ)՝
6,5-ական, 11. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 6, 12. Նայջլ Շորթ (Անգլիա)` 5,5, 13.
Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)` 4,5, 14. Իվան Սոկոլով (Նիդեռլանդներ)`3,5: Այս
հաղթանակով Պետեր Լեկոն ճանաչվեց հունվար ամսվա աշխարհի լավագույն շախմատիստ: 11-րդ
տեղում 2006 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Թուրինում
ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Պարային զույգերում Հայաստանը ներկայացնում
էր Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան ինտերնացիոնալ զույգը: Կարճ ծրագրի կատարումից
հետո հայաստանցիները 22 մասնակիցների մեջ գրավեցին 13-րդ հորիզոնականը: Երկրորդ մրցաձեւից
հետո՝ օրիգինալ պար, Անաստասիան եւ Վազգենը մեկ աստիճանով բարելավեցին իրենց դիրքը,
իսկ կամավոր ծրագրի կատարումով նրանք եւս մեկ քայլ վեր բարձրացան եւ ի վերջո հանգրվանեցին
11-րդ տեղում: Մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը գրել էինք, որ մեր գեղասահորդները
մրցանակային տեղերի համար պայքարելու ոչ մի հեռանկար չունեն ու նրանց գերնպատակը
տասնյակ մտնելը պետք է լինի: Խնդիրը լուծելուն մեր գեղասահորդներին ընդամենը մեկ
քայլ չբավականացրեց: «Միկան» կազմն ուժեղացնում է Հայաստանի փոխչեմպիոն
Աշտարակի «Միկան» այս մրցաշրջանում կազմը համալրում է երեք նոր ֆուտբոլիստներով:
Ակումբի ղեկավարությունը երկամյա պայմանագիր է կնքել «Շիրակի» երկու խաղացողների՝
կիսապաշտպան Տիգրան Դավթյանի եւ պաշտպան Արտաշես Անտոնյանի հետ: Իսկ «Միկայի» հարձակման
գիծը համալրել է «Արաքսի» ֆուտբոլիստ Կարեն Ասատրյանը: Խնդիրներ՝ «Շիրակում»
Հանրապետության երկրորդ քաղաքի թիմն անցած մրցաշրջանում մի շարք առաջատար
ֆուտբոլիստների հեռանալու պատճառով խիստ անհաջող հանդես եկավ երկրի բարձրագույն խմբի
առաջնությունում: Գյումրեցիները եզրափակեցին մրցաշարային աղյուսակը եւ միայն հայրենական
ֆուտբոլում ունեցած ծառայությունների շնորհիվ բացառության կարգով բարձրագույն խմբում
այս տարի էլ պայքարելու իրավունք ստացավ: Սակայն ակումբն այս տարի էլ կանգնած է խնդիրների
առջեւ: Մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմի հիմնական կազմի չորս ֆուտբոլիստներ հեռացել
են, իսկ երկուսն էլ ներկայումս փորձարկում են անցնում այլ ակումբներում: Կիլիկիացին`
«Կոտայքում» «Կիլիկիա» ֆուտբոլային թիմի պաշտպան Կարեն Բարսեղյանը
պայմանագիր է կնքել Աբովյանի «Կոտայքի» հետ: