Երեկ
Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանը հանդես եկավ հերթական բարեգործությամբ:
Հայոց բանակի օրվա կապակցությամբ, հունվարի 28-ին լույս աշխարհ եկած համայնքի երեք
տղա նորածիններին թաղապետը 100 հազարական դրամ նվիրեց: Լ. Հարությունյանն
իր այս նախաձեռնությունն այսպես պատճառաբանեց. «Ազգի համար զինվոր է ծնվել»: Իսկ
հետո հպարտությամբ ավելացրեց. «Սրանից ուղիղ 13 տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի
28-ին, դրվեց հայոց բանակի հիմնաքարը: Եվ չնայած երկրում տիրող տնտեսական դժվարություններին,
մեր ժողովուրդը կերտեց մարտունակ բանակ: Իմ կարծիքով, պետք է այսօրվանից խրախուսել
մեր ապագա զինվորներին»: Հայոց բանակի վաղվա զինվորներին խրախուսելուց բացի,
համայնքապետի բարեգործությունը ծնելիությունը խթանելու նպատակ էլ ուներ: Նորածիններից
մեկը՝ Էդուարդ Խաչատրյանը ծնվել է Պերինտոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի
կենտրոնի ծննդատանը (նախկին Հանրապետական ծննդատուն), մյուս երկուսը՝ Արթուր Պողոսյանը
եւ Արթուր Ավագյանը՝ երկրորդ կլինիկական ծննդատանը: Բոլոր երեք մանուկներին էլ թաղապետն
անձամբ այցելեց եւ պարգեւները հանձնեց հենց ծննդատանը: Լ. Հարությունյանն
իր բարեմաղթանքները հղեց փոքրիկ արաբկիրցիներին եւ ողջունեց նրանց մուտքը մարդկանց
մոլորակ. «Թող բարի լինի ձեր մուտքը, թող այս մոլորակը ձեզ դիմավորի հավերժ բարությամբ
ու հաջողությամբ: Ծնվել եք մեր այնքան երազած հայկական բանակի ստեղծման օրը, ուրեմն
եղեք ձեր հայրենիքի իսկական զինվորներ եւ միշտ զգացեք հպարտությունը հայ եւ Հայաստանի
Հանրապետության քաղաքացին լինելու: Մուտքդ բարի, կամքդ հաստատ, ճանապարհդ երկար ու
երջանիկ»: Թաղապետի նախաձեռնությունից անակնկալի եկած մանուկների ծնողներն
էլ իրենց հերթին խոստացան հայրենիքին արժանի զավակներ մեծացնել ու դաստիարակել: Փոքրիկ
Էդուարդի ծնողները չբացառեցին, որ իրենց զավակը զինվորական դառնա: Նրանց խոսքերով,
թաղապետի նվիրաբերած գումարն ինչ-որ չափով կթեթեւացնի իրենց հոգսը եւ հավաստիացրին,
որ այն ամբողջությամբ կծախսեն երեխայի բարեկեցության համար: Յուրա եւ Ռուզաննա Պողոսյան
ամուսիններն էլ թաղապետի բարեգործությունից ոգեշնչված՝ խոստացան համայնքին նաեւ աղջիկ
պարգեւել: Փոքրիկ Արթուրը Լիրա եւ Էռնեստ Ավագյան զույգի երկրորդ զավակն է:
Ամուսինները փախստականներ են Բաքվից եւ այսօր բնակվում են հանրակացարանում: Չնայած
սոցիալական ծանր վիճակին, ամուսինները խիզախել էին երկրորդ երեխան ունենալ: Լիրա
Ավագյանի պատմելով, իրենք վերջերս են տեղափոխվել Արաբկիր համայնք եւ արդեն իսկ շոշափելի
է համայնքապետի հոգատարությունը: Լեւոն Հարությունյանի կարծիքով, նմանօրինակ
ակցիաները պետք է ավանդույթ դարձնել: Թաղապետը վստահեցրեց, որ համայնքի աղջիկներին
եւս անակնկալ է սպասվում: Ի դեպ, Արաբկիրի թաղապետարանը հաճախակի նմանատիպ
հաճելի անակնկալներով հանդես գալուց բացի՝ չի մոռանում համայնքի բնակիչների առօրյա
խնդիրները: Ժամանակին արձագանքում է բնակիչների առաջ քաշած հարցերին, կազմակերպում
բակային գեղեցիկ միջոցառումներ եւ այլն: R