Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավապաշտպան» դատախազներ

Փետրվար 01,2005 00:00

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան
գրասենյակը, USAID-ի ֆինանսավորմամբ, հունվարի 28-30-ը Ծաղկաձորում կազմակերպել էր
քննարկում՝ նվիրված սահմանադրական բարեփոխումների շրջանառվող երեք փաթեթներին: Քննարկմանը
մասնակցում էին դատավորներ, դատախազներ եւ փաստաբաններ: Օրակարգում էին դատական իշխանության
հարցերը: Ամերիկյան իրավաբանների ընկերակցության տնօրեն Քերին Քենդրիքը նկատեց, որ
համատեղ քննարկումների ընթացքում դատավորները, փաստաբանները եւ դատախազները ցույց
տվեցին իրենց «խոր ըմբռնումները»: Մասնակիցները հանդես եկան համատեղ հայտարարությամբ,
որում ԱԺ-ին առաջարկում են ընդլայնել Արդարադատության խորհրդի կազմը, ներկայացուցչականությունն
ու լիազորությունների շրջանակը եւ վերանայել դատախազության լիազորությունները: Էրեբունի
եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Կուբանյանը դատավորների
անունից առաջարկում էր փոխել Արդարադատության խորհրդի (ԱԽ) կազմը: Նա գտնում էր,
որ ԱԽ նախագահը չպետք է լինի հանրապետության նախագահը, այլ վճռաբեկ դատարանի նախագահը:
Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գագիկ Սաֆարյանն էլ ասաց, որ սահմանադրության
փաթեթներում առաջին անգամ տեղ է գտել «ժողովրդավարական օրինականություն» արտահայտությունը,
որի շրջանակներում էլ գործելու են իրենք՝ իրականացնելով իրավապաշտպան գործունեություն:
«Առավոտի» այն դիտարկմանը, թե ինչպե՞ս կարող է մեղադրանք առաջադրող մարմինը իրականացնել
իրավապաշտպան գործունեություն, նա պատասխանեց. «Որպեսզի բացառվեն կամայականությունները,
դատախազությունը պետք է հսկողություն իրականացնի նախաքննության եւ հետաքննության
վրա, պաշտպանելով քաղաքացիների իրավունքները»: Հայաստանի փաստաբանների միության
անդամ Հայկ Ալումյանը նկատեց, որ սահմանադրության փաթեթներում կան մարդու ազատությունների
սահմանափակումներ: Նա ուշադրություն հրավիրեց առաջարկվող 103 հոդվածին, որտեղ սահմանված
է, որ դատախազությունը դատական իշխանություն է: Քննարկումների ժամանակ առանձին
խոսակցության նյութ էր դարձել Սահմանադրական դատարանի լիազորությունների ընդլայնման,
մասնավորապես՝ դիմող սուբյեկտների ավելացման հարցը: Ըստ փաստաբան Հ. Ալումյանի, մենք
ունենք այսպիսի իրավիճակ, երբ քաղաքացին իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան,
իսկ ՍԴ-ն իրավունք չունի լսել նրա բողոքը, քանի որ քաղաքացին դիմող սուբյեկտ չէ:
Իրավաբանների մի մասը գտնում էր, որ Սահմանադրական դատարանը կհեղեղվի քաղաքացիների
դիմումներով: Սակայն Գերմանիայի Դաշնային վարչական դատարանի դատավոր, պրոֆեսոր, դոկտոր
Ռ. Ռուբելի եւ Հեսսենի արդարադատության նախարարության ներկայացուցիչ դոկտոր Շուլթցեի
դիտարկմամբ, «անվերապահորեն ողջունելի է քաղաքացիներին սահմանադրական գանգատի իրավունք
տալը: Սահմանադրական իրավունքի անխտիր պաշտպանության նպատակով պետք է թույլ տրվի
սահմանադրական գանգատ՝ անմիջականորեն օրենքների դեմ, եթե հենց օրենքն է խախտում քաղաքացու
հիմնական իրավունքները»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել