«SPFA» ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը հանձն է առել լուծել Գյումրիի անապահով ընտանիքներին ջրաչափեր տրամադրելու հարցը:
Սակայն օրերս մեր թերթին դիմեցին Գյումրիի Անի թաղամասի մի խումբ թոշակառու նպաստառուներ՝ դժգոհելով, որ բարեգործական կազմակերպությունը խտրականություն է դրել՝ չտրամադրելով իրենցից մի մասին հասանելիք ջրաչափերը: Նպաստառուների ասելով, ջրմուղը եւս իրենց խաբել է: Վերջինս թեեւ կնքված պայմանագրի համաձայն պարտավորվում էր իր միջոցներով ջրաչափերը տեղադրել, սակայն որոշակի քաշքշուկներ է ստեղծել՝ խոստումն էսօր-էգուցվա գցելով: Խնդիրն ավելի շատ հուզում է բազմանդամ նպաստառուներին. շուրջօրյա ջրամատակարարման պայմաններում ջրաչափ տեղադրելը ձեռնտու է:
«Եթե ինձ ջրաչափ չի հասնի, ու՞մ կհասնի, թե՞ ջրաչափերն այնքան ծանր են, որ թաղամասի ծայրամասերը չկարողացան հասցնել»,- զայրանում է բողոքողներից մեկը՝ 70-ամյա Անժիկ Գալոյանը, թվարկելով իր «առավելությունները»՝ միաժամանակ թոշակառու, նպաստառու, երրորդ կարգի հաշմանդամ ու անժառանգ լինելը:
«Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանը «Առավոտին» պարզաբանեց, որ ջրամատակարար կազմակերպության միջոցներով ջրաչափերի տեղադրումը կախված է բնակչի հետ կնքած պայմանագրի ձեւից: Գույություն ունի 3 ձեւ եւ միայն երրորդ ձեւով կնքված պայմանագրի պարագայում են իրենք նման պարտականություն ստանձնում: Իսկ մնացած երկու ձեւերի դեպքում բնակչին հնարավորություն է տրվում իր միջոցներով տեղադրել կամ ջրաչափական սարքերից ընդհանրապես հրաժարվել: «Ջրմուղկոյուղու» պաշտոնյան հավաստիացրեց, որ իրենց կառույցը հիշյալ մեղադրանքի հետ ընդհանրապես կապ չունի, չնայած «SPFA»-ի հետ բանակցությունների արդյունքում որոշվել է ջրաչափեր տրամադրել ոչ միայն թաղամասի նպաստառուներին (սկզբնական շրջանում այդպես էր), այլեւ բոլոր բնակիչներին: Սակայն, ըստ Վարդան Մարտիրոսյանի, այժմ ձեւի համար մեկ ջրաչափ անգամ չկա: «Ինչո՞ւ են հուզվել նպաստառուները. փետրվար-մարտ ամիսներին բոլորին էլ կհասնի»,- հավաստիացրեց նա:
«SPFA» կազմակերպության Գյումրիի մասնաճյուղից հաստատեցին, որ ջրաչափեր իրոք չկան, պետք է ներկրվեն այլ երկրից եւ իրենք հազարից ավելի նպաստառուների արդեն տրամադրել են, այժմ էլ առանձին ցուցակ են կազմում, որի մեջ ընդգրկվելու են այն նպաստառուները, ովքեր ստացել են ջրաչափեր, սակայն չեն տեղադրել, այսինքն կազմակերպությունը ջրաչափեր տեղադրելուց զատ նաեւ տեղադրման պարտականությունն է ստանձնել: Աշխատանքի երկրորդ փուլում պետք է վերադարձնեն այն նպաստառուների գումարները, ովքեր իրենց միջոցներով են տեղադրել, երրորդ փուլում նոր պետք է հատկացնեն նրանց, ում չի հասել: Իսկ ընդհանուր առմամբ գործի ճիշտ կազմակերպման համար «SPFA» ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը ջրաչափեր տեղադրելու է շենք առ շենք:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ