Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՒՆԸ ԵՐԴԻԿԻՑ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Փետրվար 01,2005 00:00

Սոցիալական
քարտ ստացածների թիվն այսօր անցնում է 1,7 մլն-ից: Սակայն դեռ հայտնի չէ, թե ինչքան
մարդ զուր տեղը կտուժի եւ չի ստանա իր նպաստը, թոշակը կամ աշխատավարձը՝ դրանք «ժամանակավոր
կալանքի» տակ են, մինչեւ քարտ ունենալը: Վերջին երկու ամսում տասնապատիկ ավելի,
քան նախորդ ամիսներին էր, ծանրաբեռնված են աշխատում սոցիալական քարտ տրամադրող կենտրոնները:
Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից կիրառման մեջ է մտել սոցիալական քարտի համակարգը,
այն է՝ առանց քարտի քաղաքացին չի կարող եկամուտ ստանալ, բանկային հաշիվ բացել, վճարել
հարկեր, տուրքեր (բացի կոմունալ վճարներից) եւ այլն: «Սոցիալական քարտի մասին» օրենքում
նշված է, որ համակարգի ներդրման նպատակն է՝ իրավասու մարմիններից ստանալ տեղեկություններ,
ճշտել դրանց իսկությունը եւ քարտի տեղեկատվական բազայից տվյալներ տրամադրել իրավասու
մարմիններին: Քարտ ստանալու համար լրացվող հայտում տվյալները հիմնականում վերաբերում
են քաղաքացիների հաշվառման եւ գրանցման մարմնին: Սակայն հենց այս համակարգն է, որ
այժմ պատրաստ չէ միանալ սոցիալական քարտի ընդհանուր տեղեկատվական բազային, որովհետեւ
չունի իր համակարգված տեղեկատվական բազան: Այս գործառույթն իրականացնող մարմինների
(ՆԳ բաժին, ԶԱԳՍ եւ այլն) հետ հայտերում ներկայացված տվյալները ստուգվում են ոչ թե
համակարգչային, այլ «թղթային» ճանապարհով: Նույն խնդիրն առկա է նաեւ տեղական
ինքնակառավարման մարմինների կողմից հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի ոլորտում:
Այսօր համակարգչով աշխատում են հանրապետության ընդամենը 60-70 համայնքներ: Մնացածի
«համակարգչավորումը» դեռ ընթացքի մեջ է: Իսկ հանրապետությունն ունի 1400-ից ավելի
համայնք: Սա նշանակում է, որ քարտում զետեղված տվյալներում կատարվող ցանկացած փոփոխություն՝
կապված գրանցման տեղի, եկամուտների, անձնագրային տվյալների, մահվան եւ այլնի հետ,
շարունակելու են ճշտել կամ համադրել գրավոր տեղեկանքներով: Աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարության սոցապահովության եւ կենսաթոշակային ապահովության վարչության
պետ Արտեմ Ասատրյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ոչ շուտ, քան մեկ ամսից հազիվ կհասցնեն
տվյալների ավտոմատ համադրում ապահովել սոցիալական ոլորտի 4 օղակներում՝ կենսաթոշակային,
աղքատության ընտանեկան նպաստի, հաշմանդամների եւ գործազուրկների: Ընդ որում, պարզվել
է, որ հայտերը այս օղակներում ունեցած փաստաթղթերի հետ համեմատելիս, տվյալների 60-70%-ը
ենթակա է ճշգրտման: Հետեւաբար, սոցիալական քարտի կիրառումը դեռ երկար ժամանակ կմնա
միակողմանի: Այսինքն՝ քաղաքացիներին թոշակ-նպաստ-աշխատավարձից զրկելու սպառնալիքով՝
շտապեցին ապահովել սոցիալական քարտով, մինչդեռ քարտի ամբողջական կիրառումը ապահովված
չէ այլ համակարգերում: Իսկ հնարավոր չէ՞ր հակառակն անել. ստեղծել ամբողջական տեղեկատվական
բազա եւ նոր «քարտավորել»: «Օրենքը սահմանել էր կիրառման կոնկրետ ժամանակ, եւ մենք
ստիպված էինք քաղաքացիներին, եկամուտներից զրկելու գնով, ապահովել սոցիալական քարտով,
թե չէ կիրառման ժամկետը կերկարաձգվեր: Ինչ վերաբերում է տեղեկատվական համակարգերի
միջեւ ավտոմատ համադրմանը, ապա մեր՝ սոցիալական համակարգերի մասով մենք մեր գործն
արել ենք, հարկայինն էլ միացած է, մնում է մյուս մարմիններն էլ միանան: Ամեն դեպքում,
նրանց հետ էլ համադրումը կատարում ենք թղթային ճանապարհով»,- մեր հարցին պատասխանեց
Ա. Ասատրյանը: Եթե նկատի ունենանք, որ հանրապետությունում գրեթե չի իրագործվում քաղաքացիների
հաշվառման կարգը ու փաստացի բնակիչները շատ հաճախ չեն հաշվառվում, եւ ընդհակառակը,
ապա տվյալների այս մասով միշտ էլ թյուրիմացություն կամ անհամապատասխանություն կլինի:
Այսինքն, քարտային համակարգի ներդրման հետ կապված ողջ այս «նյարդատրոփից»
շարքային քաղաքացիներն առայժմ ոչ մի օգուտ չունեն՝ քաշքշուկներից բացի: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել