Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՀՐԱՀԱՆԳՈ՞Վ

Փետրվար 01,2005 00:00

ՄՈՆՏԱԺՈՒՄ
ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՀՐԱՀԱՆԳՈ՞Վ ՀԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության
ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հրավիրվել էր «Արմ-նյուզի» եթեր՝ մասնակցելու «ՏԵՄՊՈՒՍ»
հաղորդմանը: Հաղորդումը տեսագրված էր եւ եթեր հեռարձակվեց կիրակի՝ հունվարի
30-ին: Սակայն, ինչպես մեզ փոխանցեց ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը,
հաղորդումը բավականին «կողմնակալ մոնտաժի է ենթարկվել» եւ Ստեփան Դեմիրճյանի խոսքը
ներկայացվել է կրճատումներով: Ռուզան Խաչատրյանի ներկայացմամբ. «Հաղորդման հեղինակները
վստահեցրել էին, որ հաղորդումը չի մոնտաժվելու եւ չի կրճատվելու: Սակայն եթերում
դիտելով հաղորդումը՝ մենք զարմացանք, որովհետեւ այն մոնտաժված էր: Հատկապես մոնտաժված
էին այն հատվածները, որտեղ Ստեփան Դեմիրճյանը խոսում էր Ղարաբաղի հիմնահարցի մասին,
ԵԽԽՎ՝ օրերս ընդունած բանաձեւի մասին, որը գնահատել էր որպես վարվող քաղաքականության
արդյունք եւ արտաքին քաղաքականության տապալում»: Ռ. Խաչատրյանը մոնտաժման համար պարզաբանումներ
ստանալու համար դիմել է հաղորդման հեղինակ եւ վարող Մենուա Հարությունյանին. «Նա
ներողություն խնդրեց, ասաց, որ ինքը տեղյակ չի եղել, որ հաղորդումը մոնտաժվել է առանց
իր իմացության, եւ իրեն ընդամենը հաղորդումից 10 րոպե առաջ են ասել, որ զանգահարել
եւ պահանջել են հաղորդումը մոնտաժել: Իմ հարցին, թե որտեղի՞ց են զանգահարել, նա ասաց,
որ մանրամասներն առայժմ չգիտի, բայց նաեւ ասաց, որ վիրավորված է, քանի որ ինքը մինչ
հաղորդումը պատրաստելը համաձայնեցրել է ինչպես Ալիկ Հարությունյանի, այնպես էլ նախագահականի
հետ: Իմ հարցին, թե նախագահականում ո՞ւմ հետ է համաձայնություն եղել, ասաց՝ Արմեն
Գեւորգյանի: Այնուհետեւ հետաքրքրվեցի, թե արդյոք մշտապե՞ս է այդպիսի համաձայնություն
ձեռք բերվում, պատասխանեց, որ ընդհանուր առմամբ՝ ոչ, բայց հանրապետությունում կան
երկու-երեք գործիչ, որոնց մասնակցությունը հաղորդմանը պետք է համաձայնեցվի: Այս ամենից
կարող ենք անել երկու եզրակացություն: Առաջինը՝ հեռուստաընկերությունները շարունակում
են վերահսկվել: Եվ երկրորդ՝ Ս. Դեմիրճյանից նախագահականում դեռ շարունակում են վախենալ»:
Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել