Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դժվար ընտրություններ

Փետրվար 01,2005 00:00

Դժվար
ընտրություններ Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ՝
անցած կիրակի Իրաքում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրական
իրավունք ունեցող իրաքցիների մոտ 60 տոկոսը, ինչը թվային արտահայտությամբ կազմում
է ավելի քան 8 մլն մարդ: Դիտորդները նշում են, որ ընտրողների թիվն անհամեմատ
շատ կլիներ, եթե մարդիկ չվախենային ահաբեկչական ակտերից: Նրանց վախը միանգամայն արդարացված
էր. վեց ընտրատեղամաս պայթեցվել է, զոհվել է 45 մարդ: Զոհեր են գրանցվել նաեւ ամերիկյան
եւ բրիտանական զինծառայողների շրջանում: Այնուամենայնիվ, չնայած հոռետեսական կանխատեսումներին,
իրաքյան ընտրությունները կարելի է համարել կայացած: Երկրի ողջ տարածքում տեղակայված
5 հազար տեղամասերում, վատ թե լավ, կատարվել են քվեարկություններ, ինչի արդյունքում
շուտով հայտնի կդառնան Իրաքի խորհրդարանի 275 անդամները: Առաջիկա երկու օրվա ընթացքում
կհրապարակվեն ընտրությունների նախնական արդյունքները: Վերջնական տվյալները կազդարարվեն
10 օրից: Սպիտակ տանն արդեն հասցրել են ընտրական ցուցակներում հաշվառված 13 մլն իրաքցիներից
8 մլն-ի մասնակցության փաստը գնահատել իբրեւ «լավ արդյունք»: Իսկ ընտրատեղամասերի
փակումից անմիջապես հետո Ջորջ Բուշը Իրաքում անցկացված ընտրությունները որակել է
ոչ այլ կերպ, քան «ցնցող հաջողություն»: Իր ուղերձում վերջինս նշել է. «Իրաքցիները
վճռականապես մերժեցին ահաբեկիչների հակաժողովրդավարական գաղափարախոսությունը»: Իրաքյան
ընտրությունները բնորոշվել են մի քանի կանխատեսելի հանգամանքներով: Ընտրողների առավել
մեծ ակտիվություն է գրանցվել շիաների եւ քրդերի կոմպակտ բնակավայրերում: Ընտրություններին
նկատելի «տհաճությամբ» են մասնակցել սունիները: Դրանում, իհարկե, զգալի դեր են խաղացել
այդ բավականաչափ մեծաթիվ համայնքի (երկրի ողջ բնակչության շուրջ 30%-ը, մեծությամբ՝
երկրորդ կրոնական հանրույթը) ծայրահեղական առաջնորդների՝ ընտրությունները բոյկոտելու
կոչերը: Չնայած դրան եւ իհարկե՝ իշխանությունների ու կոալիցիոն ուժերի գործադրած
աննախադեպ ջանքերին, ընտրություններն անցել են առանց մասշտաբային ձախողումների, եւ,
իհարկե, Վաշինգթոնն այժմ բավականաչափ ծանրակշիռ հիմքեր ունի՝ տոնելու իրաքյան «ծիրում»
տարած իր հերթական ու թերեւս ամենակարեւոր քաղաքական հաղթանակը: Թեեւ այս ակնհայտ
հանգամանքն ամենեւին չի խոչընդոտի հակառակ պնդումներով «ներծծված» քննադատությունների
հեղեղի տարածմանը: Ի՞նչ հետեւություններ կարելի է անել Իրաքում կայացած ընտրություններից,
որոնք, ի դեպ, վերջին 50 տարիների ընթացքում առաջին անգամ էին տեղի ունենում: Առաջին՝
չնայած օտարերկրյա ներկայության հակառակորդների աներեւակայելի ջանքերին, բնակչության
մեծամասնությունն, այնուամենայնիվ, ցույց տվեց քիչ թե շատ ժողովրդավարաբար ապրելու
իր ձգտումը, ինչն, իհարկե, ահաբեկիչներին չի խանգարի շարունակել իրենց սեւ գործը:
Երկրորդ՝ սա հրաշալի դաս էր նրանց, ովքեր չունեն նման ձգտում, քանզի այդպիսիներին
ժողովրդավարությունը պարտադրվելու է ուժով: Այդպիսին է այսօրվա աշխարհը: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել