Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստրասբուրգում ֆուտբոլ չեն խաղում

Փետրվար 01,2005 00:00

ԵԽԽՎ պատվիրակությունը վերադարձել է

Ստրասբուրգից վերադարձած Տիգրան Թորոսյանը մամուլի ասուլիսում երեկ հայտարարեց, որ ինքը դժգոհ է Ղարաբաղի մասին Դեյվիդ Աթկինսոնի զեկույցի շուրջ մամուլում հնչած տեսակետներից. «Ես գտնում եմ, որ պետք է մեր հասարակությանը հստակ ներկայացնել եւ այն, ինչ կա այս փաստաթղթում, եւ այն, ինչ պետք է անենք հետագայում: Մարդկանց պետք է օբյեկտիվ եւ ճիշտ պատկեր ներկայացնեն՝ գոնե այս փաստաթղթի հետ կապված, տարբեր մարդիկ պետք է վեր կանգնեն իրենց հատվածական շահերից՝ դրանք կլինեն թե կուսակցական, թե անձնական եւ այլն: Ցավոք, այն, ինչ նկատեցի մեր մամուլում վերջին մի քանի օրերի ընթացքում, չի կարելի այդպես գնահատել: Ի վերջո, ադրբեջանական մամուլի տեսակետները հաստատող մեկնաբանություններ ներկայացնելը ուղղակի անհասկանալի է»: Ըստ ամենայնի, պարոն Թորոսյանն այս ակնարկներով ուզում էր քարը նետել պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանի դաշտ, որը միշտ էլ պատվիրակության ղեկավարին բավականին հակադիր կարծիք է ներկայացրել՝ Ստրասբուրգից վերադառնալիս: Սակայն պարոն Թորոսյանն անուններ չտվեց եւ հնարավոր է՝ մեր այս դիտարկումը հետագայում հերքի: Սակայն Արմեն Ռուստամյանի եւ Տիգրան Թորոսյանի՝ արդեն ավանդական դարձած հակադիր կարծիքները իրավունք են տալիս վերն արված ենթադրությունների:

Տիգրան Թորոսյանը, այնուամենայնիվ, որոշ բաներ պարզապես չէր կարող չասել, մասնավորապես այն, որ «այս զեկույցը մենք ստացել ենք որպես ժառանգություն: Մեր պատվիրակության առաջ մեկ խնդիր էր՝ ամեն ինչ անել, որ ընդունվի այնպիսի բանաձեւ, որը Հայաստանի համար որեւէ վատ հետեւանք չունենա, եւ եթե հնարավոր է` արձանագրվեն դրական ինչ-ինչ դրույթներ»: Ըստ պատվիրակության ղեկավարի, իրենց առջեւ ծառացած երկրորդ խնդիրն էր՝ ամեն ինչ անել, որ ԼՂ-ն դուրս չմնա գործընթացից: Սակայն հայի բախտն այս դեպքում էլ մեր պատվիրակությանը հանգիստ չի թողել. «Խիստ արագացված տեմպերով գնաց ամեն ինչ եւ հաշվի չառնվեց ոչ պատվիրակության ղեկավարի նամակը՝ ԼՂ-ին կլոր սեղաններին ներգրավելու մասին եւ ոչ էլ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի գրած նամակը՝ ուղղված ԵԽԽՎ-ի նախագահին»:

Հաջորդ բարդությունը, ըստ մեր պատ
վիրակության ղեկավարի՝ ուժերի հարաբերակցությունն էր, եւ այն «կենաց-մահու, եթե կարելի է այդպես անվանել, կռիվը, որ ադրբեջանցիները փորձում էին մղել»: Մերոնք, իհարկե, կենաց-մահու կռիվ մղելու խնդիր չունեին, մերը պատմության դասագրքերից է հայտնի՝ բարոյական հաղթանակներն են, որոնք էլ վերջին շրջանում ինչ-որ մեզ երես չեն տալիս:

Տրամաբանական կլիներ, որ պարոն Թորոսյանն ինքնաքննադատաբար մի քանի խոսք ասեր պատվիրակության եւ իր աշխատանքի անարդյունավետության մասին: Սակայն այդպես չեղավ, եւ մեղավորը, ինչպես լինում է նման դեպքերում, դարձյալ հայտարարվեց մամուլը. «Հաղթեցին, պարտվեցին, այս խոսքերը միանգամայն անտեղի են: Ստրասբուրգում ֆուտբոլ չեն խաղում, որ հաղթեն կամ պարտվեն: Ստրասբուրգում ընդունվում են փաստաթղթեր, եւ յուրաքանչյուր պատվիրակության խնդիրն է` այդ փաստաթուղթն առավել նպաստավոր դարձնել իր երկրի համար»: Տիգրան Թորոսյանը, իր ասելով, շատ կուզեր, որ ղարաբաղյան քննարկումները չլինեն խորհրդարանական միջավայրում, «որովհետեւ մոտ 320 պատգամավորներ են այնտեղ, շատ բարդ աշխատանք է եւ բավականին անկանխատեսելի մի լսարան: Միաժամանակ, բոլորին հայտնի է Մինսկի խմբի դերակատարությունը, եւ ճիշտ կլիներ ամեն ինչ թողնել Մինսկի խմբի շրջանակներում լուծելու համար: Սակայն վերջին շրջանում բավականին մեծացել է Խորհրդարանական վեհաժողովի հետաքրքրությունը տարբեր կոնֆլիկտների նկատմամբ»: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը, իսկ այսուհետեւ` ԵԽԽվ Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող բանաձեւը բավականին լուրջ փաստաթուղթ է, որը հետագայում կարող է իբրեւ հակակշիռ ներկայացվել Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքի: Եվ սա ամենեւին էլ հայանպաստ չէ: Թեպետ, ըստ պարոն Թորոսյանի, այս բանաձեւը չի կարող որեւէ ձեւով ազդեցություն ունենալ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացների վրա. «Այս բանաձեւը նույնպես փաստում է, որ խնդրի լուծման բանակցությունները, որոնումները ընթանալու են եւ ընթացել են Մինսկի խմբի շրջանակներում: Այս բանաձեւը լուծում չի առաջարկում եւ չի կարող առաջարկել»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել