Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուսը՝

Հունվար 29,2005 00:00

Երկուսը՝ մեկում Այդին Մորիկյանը կազմել եւ խմբագրել է երկու հեղինակների՝ Վանո Սիրադեղյանի եւ Ավետիս Հարությունյանի հրապարակախոսական ժողովածուները՝ մի գրքում: Վանո Սիրադեղյանի «Երկիր ցպահանջ» եւ Ավետիս Հարությունյանի «Գյադաների ժամանակը» ժողովածուներն հեղինակների՝ տարբեր ժամանակներում հայաստանյան մամուլում հրապարակված հրապարակախոսական հոդվածների, հարցազրույցների հավաքածու են: «Երկիր ցպահանջում» ընդգրկված է նաեւ Վանո Սիրադեղյանի երեք պատմվածք: Գիրքը կազմողը՝ Ա.Մորիկյանը, համարում է, որ այս հեղինակներին կապում է հրապարակախոսությունն ու ժամանակը. «Վ. Սիրադեղյանը փակում է 20-րդ դարը, իսկ Ա. Հարությունյանը՝ բացում 21-րդը»: Եթե Վանո Սիրադեղյանի հետ կապված՝ ամեն ինչ թվում է պարզ է, ապա 21-րդ դարասկզբի լավագույն հրապարակախոսը խորհրդավոր ֆիգուրա է: «Անձամբ ճանաչո՞ւմ եք»՝ մեր հարցին Այդին Մորիկյանը պատասխանեց. «Շատ եմ փնտրել, բայց այդպես էլ չեմ գտել»: Սակայն այս հեղինակներին կապում է նաեւ մտածելակերպը: Խնդրեմ. «Ես մի բանում համոզվեցի, որ մեր Սահմանադրության մեջ չէր կարելի թույլ տալ, որ պետության ընտրվող առաջին դեմքին 5 տարուց ավելի ժամկետ տրվի: Երեւի շատ տասնյակ տարիներ հայերն ընդունակ չեն լինի իշխանության մեջ մնալ եւ իշխանությունը չփչացնել: Սա իմ վերջին տպավորություններից մեկն է, ամենաէական եզրակացություններից մեկը»,- 1998թ. Վանո Սիրադեղյանի արտահայտած այս միտքը մտապահեք, եւ շրջեք գիրքը ու հակառակ կողմից ընթերցեք Ավետիս Հարությունյանի 2001թ. տպագրած հետեւյալ միտքը. «Հիմա գյադաների ժամանակն է: Եվ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եվ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները կամ բանտերում են, կամ հողի տակ, երբ դեռ խրամատները ԱԺ շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները այսպես պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի «խրոխտ» մարշով գնան-գան իշխանության միջանցքներում»: Վանո Սիրադեղյանը 1994-ին, անդրադառնալով Ղարաբաղի հարցին, ասել էր. «Որքան էլ ասեինք՝ Ղարաբաղը մերն է եղել, մերը չի եղել, որովհետեւ արդեն Ադրբեջանինն է եղել սովետների «շնորհիվ»: Այնտեղ արդեն մեծ թվով ադրբեջանցիներ էին ապրում եւ արդեն Ղարաբաղն էլ էին նվաճում Նախիջեւանի նման: Այն մերը չէր, եւ մենք այն վերադարձրինք: Սա շատ կարեւոր հանգամանք է, որը քաղաքական պայքարից կուրացածության պատճառով չեն հասկանում, իսկ հասկացողներն էլ, չգիտեմ ինչու, ձեն չեն հանում»: Այն ժամանակ մենք հաղթող կողմ էինք, հաղթող երկիր: Իսկ երբ 2002-ին Ավետիս Հարությունյանն անդրադարձավ ղարաբաղյան զարգացումներին, նա գրեց. «Ինչու է Թուրքիան հարյուրապատիկ կարծրացրել դիրքորոշումը եւ պահանջում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի եւ Ղարաբաղի ողջ տարածքից: Բացատրությունը մեկն է. Հայաստանի այս չորս տարիների արտաքին տխմար քաղաքականությունը աներեւակայելի չափերի ամրապնդել է Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում»: Վերջին օրերի զարգացումները նկատել են տալիս, թե որքան ճիշտ էր Ավետիս Հարությունյանը: Իսկ գյադաների ժամանակը կարծես դեռ չի ավարտվել: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել