Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 29,2005 00:00

ԴԵՊԻ ՀՈԼԻՎՈՒԴ Հոլիվուդյան մարտաֆիլմերն ու մելոդրամները այսօր գրավել են ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ հայաստանյան հեռուստաէկրաններն ու կինոթատրոնները: Թեեւ շատ հաճախ դուր չեն գալիս այդ ֆիլմերի սենտիմենտալ սյուժեները, երբեմն մեզ անհասկանալի ու անհեթեթ է նրանց հումորը, բայց էլի չենք դադարում զարմանալ ու հիանալ հոլիվուդյան կինոինդուստրիայի ֆանտաստիկ տեխնիկական հնարավորություններով: Այս օրերին Երեւանում է ամերիկաբնակ մեր հայրենակից Ժան Նշանյանը, որին հաջողվել է ճեղքել ու անցնել Հոլիվուդի «չինական պատը»: «Դա այնքան էլ անհնարին չէ, որքան թվում է, ուղղակի պետք է հավատալ ու աշխատել»,- համոզված է պրն Նշանյանը (դերասանին հայ հանդիսատեսը կհիշի Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմից, ուր նա մարմնավորել է հոգեբուժարանի գլխավոր բժիշկ Հայկ Բագրատունուն- Ա. Ք.): 2004 թ. հուլիսի սկզբներին Ժ. Նշանյանն ու նրա կինը՝ սիրված դերասանուհի Շաքե Թուխմանյանը, հրավեր էին ստացել Հոլիվուդից՝ նկարահանվելու հանրահայտ կինոռեժիսոր Էնդրյու Նիկոլսի «Պատերազմի տիրակալը» ֆիլմում: Գլխավոր դերում հանդես է գալիս աշխարհահռչակ դերասան Նիկոլաս Քեյջը: Վերջինս ֆիլմում խաղում է Ժ. Նշանյանի եւ Շ. Թուխմանյանի «որդու» դերը: Ն. Քեյջը կինոսիրողներին ծանոթ է որպես «Սիմոնա» ֆիլմի ռեժիսոր: Ժ. Նշանյանը տեղեկացրեց, որ «Պատերազմի տիրակալը» ֆիլմում հոր դերը խաղալու հայտ էր ներկայացրել 150 դերասան, բազմաթիվ թեկնածուներից ընտրվել է ինքը: Այդ մասին դերասանն իմացել է, երբ Երեւանում էր ու պատրաստվում էր խաղալ Վ. Չալդրանյանի նոր՝ «Ագաթանգեղոս» ֆիլմում: Ի տարբերություն հայաստանյան ֆիլմերի, «Պատերազմի տիրակալի» բյուջեն հսկայական է՝ շուրջ 60 միլիոն դոլար: Նկարահանումները իրականացվել են Նյու Յորքում, Չեխիայում, անգամ Աֆրիկայի Քեփթան քաղաքում: Այժմ ֆիլմը մոնտաժման աշխատանքների փուլում է: «Պատերազմի տիրակալը» պատմում է Օդեսայից Ամերիկա մեկնած մի ընտանիքի մասին: Մանրամասն նկարագրվում են էմիգրանտի կարգավիճակում օտար երկրում ապաստանած ընտանիքի կենցաղային ծանր պայմանները ու նրանց պատուհասած դժվարությունները: Ընտանիքի ավագ որդին՝ Յուրան (Ն. Քեյջ) սկսում է զբաղվել զենքի առք ու վաճառքով, իսկ որոշ ժամանակ անց դառնում այդ գործի իսկական մագնատ: Ֆիլմը ողբերգական ավարտ է ունենում: Յուրայի մեղքով զոհվում է կրտսեր եղբայրը: «Մի քանի ամիս շարունակ ապրեցինք իսկական աստղի կյանքով՝ շրջում էինք թիկնապահներով, լավագույն մեքենաներով, գիշերում ամենաբարձրակարգ հյուրանոցներում»,- հիշում է Ժ. Նշանյանը՝ ֆիլմի մասին պատմելով: Նկարահանումների ընթացքում նրանք հասցրել են բավականին մտերմանալ Նիկոլաս Քեյջի հետ: Հոլիվուդյան աստղը հետաքրքրվել է Հայաստանով, համտեսել ու հիացել հայկական թթի օղիով: «Նկարահանումներից մեկի ժամանակ ականջիս մոծակ էր կանգնել: Քեյջը աչքով-ունքով հասկացնում էր, որ դադարեցնեմ նկարահանումը: Ականջս խայթոցից կարմրել, ուռել էր, բայց շարունակում էի խաղալ: Երբ տեսարանն ավարտվեց, Քեյջը մոտեցավ ինձ ու հարցրեց, թե ինչո՞ւ չէի դադարեցնում նկարահանումը: Պատասխանեցի, որ ես հայ եմ, իսկ իմ երկրում՝ Հայաստանում ժապավենի սակավության պատճառով շատ հաճախ տեսարանը մի դուբլով ենք նկարահանում: Այդ փաստը նրանց շատ զարմացրեց ու զվարճացրեց: Երկար ժամանակ հիշում ու ծիծաղում էին»,- պատմեց Ժ. Նշանյանը: Ի դեպ, Ժ. Նշանյանը պատրաստվում է մեկնել Լոս Անջելես: Այնտեղ նա ղեկավարում է Վարդան Աճեմյանի անվան թատերախումբը, որ գործում է 1984 թվականից եւ մինչ օրս շուրջ 30 ներկայացում է բեմադրել: Ինչ վերաբերում է Շաքե Թուխմանյանին, նրա մասնակցությամբ մեկ ուրիշ հոլիվուդյան ֆիլմ՝ Ալեքսանդեր Փեյնի «Կողքի ճանապարհը», վերջերս արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ երկու նոմինացիաներում՝ «Լավագույն կինոկատակերգություն» եւ «Լավագույն սցենար»: Իսկ «Ոսկե գլոբուսը» ընդունված է համարել «Օսկարի» գլխավոր փորձ: «Կողքի ճանապարհը» ֆիլմում Շ. Թուխմանյանը խաղում է մի հայ ընտանիքի մոր դերը: ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել