Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌՈՂՋՈՒԹՅՈ՞ՒՆ,

Հունվար 29,2005 00:00

ԱՌՈՂՋՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Ահա այս հարցին չեն կարողանում պատասխանել այն ծնողները, ովքեր երեխաներին ուղարկում են դպրոց՝ միաժամանակ մտածելով, թե կկարողանա՞ երեխան տուն վերադառնալ առողջ, չմրսած: Արդեն մեկ շաբաթ է, որ պաշտոնապես վերսկսվել են դասերը հանրակրթական հաստատություններում, սակայն բացակայությունների առումով շատ տխուր վիճակ է մայրաքաղաքի գրեթե բոլոր դպրոցներում: Նույնիսկ այնտեղ, որտեղ ջեռուցման քաղաքակիրթ համակարգ է գործում, աշակերտները, միեւնույն է, խուսափում են սառած մայթերով հասնել դպրոց: Այս մասին են վկայում մայրաքաղաքի դպրոցներում արված մեր հարցումները: Հունվարի 24-ից հակահամաճարակային տեսչության աշխատակիցներն այցելում են դպրոցներ եւ ջերմաչափումներ անում: Առաջին օրերին արձանագրած՝ դասասենյակների խիստ ցածր ջերմաստիճանից հետո հակահամաճարակային տեսչությունը դիմել է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչություն եւ հայտնել, որ եթե դասասենյակների ջերմությունը չբարձրանա գոնե մինչեւ 17 աստիճան, ապա անհրաժեշտություն կծագի դպրոցները նորից փակել: Քանի որ հանրապետությունում օրեցօր աճող կարմրուկի (եւ օդակաթիլային ճանապարհով անցնող այլ հիվանդությունների) համար ցածր ջերմաստիճանը նպաստավոր պայմաններ է ստեղծում զարգանալու: Ի դեպ, վերջին մեկ շաբաթում կրկնակի մեծացել է հոսպիտալացված կարմրուկով հիվանդների թիվը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ հասնելով մոտ 100-ի: «Առաջին օրերին ջերմաստիճանը դասասենյակներում պահանջվածից ցածր էր, բայց հետո մենք դպրոցների հետ համատեղ աշխատանքներ տարանք եւ փորձեցինք որոշ չափով շտկել իրավիճակը»,- մեզ հետ զրույցում ասաց հակահամաճարակային տեսչության տնօրեն Արտյոմ Վանյանը: Իսկ իրավիճակը, ըստ պրն Վանյանի, որոշ չափով շտկվել է հետեւյալ կերպ. հյուսիսային կողմի սենյակներից դասերը տեղափոխվել են հարավային կողմ: Ստացվում է, որ դասասենյակներում ծանրաբեռնվածությունն այնքան քիչ է, որ մի ամբողջ հյուսիսային կողմ կարող է դաս պարապել հարավայինի հետ միասին: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի հետ զրույցից կարելի էր ենթադրել, որ մեր դպրոցներն իրականում ոչ մի խնդիր էլ չունեն: Ավելին, նա նույնիսկ նոր ստանդարտներ մեջբերեց: Ըստ պրն Վաթյանի, պահանջվող նվազագույն ջերմաստիճանը դասասենյակներում պետք է լինի ոչ թե 17, այլ՝ 14-18, ինչն էլ, ըստ վարչության պետի, ապահովված է 140-ից ավելի դպրոցներում: «18 աստիճանից բարձր ջերմային ռեժիմ է գրանցվել 60 դպրոցում (հիշեցնենք, որ լոկալ ջեռուցման համակարգով ապահովված է ընդամենը 25 դպրոց-Հ. Բ.): Միայն 3-4 դպրոցի դեպքում մենք մտահոգություն ունենք, տագնապալի բան չկա»,- վստահեցնում է Օ. Վաթյանը: Նա նաեւ ավելացրեց, որ երեկ դպրոցներում 80 տոկոս հաճախելիություն է գրանցվել, 2 օր առաջ՝ 62-68 տոկոս: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել