Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ

Հունվար 29,2005 00:00

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ՉՊԱՀԱՆՋԵԼՈՎ՝ ԶՐԿՎԵՑԻՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՑ ԷԼ ԵԽԽՎ-ում «Արդարություն» խմբակցությունը ներկայացնող Շավարշ Քոչարյանն իր առաջարկներն ուներ ԼՂ բանաձեւի վերաբերյալ: Սակայն պատվիրակության ղեկավարը նրան ասել էր, որ եթե ներկայացնի այդ առաջարկները՝ կարող է վտանգել ընդհանուր գործը, շատ առաջարկները կառաջացնեն հիասթափություն: Ուստիեւ Շավարշ Քոչարյանը չէր ներկայացրել իր առաջարկները: Դրանցից մեկով առաջարկվում էր բանաձեւը լրացնել այս պարբերությամբ. «Վեհաժողովն արձանագրում է, որ ԽՍՀՄ գոյատեւման վերջին տարում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը ինքնորոշվելով՝ ԽՍՀՄ օրենսդրությանը եւ միջազգային իրավունքին լիովին համաձայն, դուրս եկավ Ադրբեջանի կազմից, իսկ Խորհրդային Միության փլուզումով նախկին Ադրբեջանական Միութենական Հանրապետության տարածքի վրա առաջացան երկու անկախ պետություններ. Ադրբեջանի Հանրապետությունը եւ ԼՂՀ-ն: Ղարաբաղի հետ բանակցելուց խուսափելու եւ ուժային մեթոդներով Ղարաբաղը նվաճելու ու հայաթափելու Ադրբեջանի գործողությունները հանգեցրին լայնածավալ ռազմական գործողությունների, որոնց արդյունքում Ղարաբաղին սահմանակից Ադրբեջանի առանձին տարածքներ անցան Լեռնային Ղարաբաղի բանակի վերահսկողության տակ: Վեհաժողովը, կրկին գոհունակություն հայտնելով 1994թ. Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի մասնակցությամբ կայացած զինադադարի առնչությամբ, ափսոսանքով է նշում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ բանակցային գործընթացի բացակայությունը, ինչը չի նպաստում հակամարտության կարգավորմանը»: Շավարշ Քոչարյանի մյուս առաջարկը վերաբերում էր բանաձեւի՝ «Ադրբեջանի տարածքի զգալի մասը դեռեւս գրավված է հայկական զինված ուժերի կողմից» դրույթին: Առաջարկվում էր դրա փոխարեն նշել, թե այդ տարածքը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժերի վերահսկողության ներքո է: Գուցե մեկնաբանություն լինի, թե ակնհայտ է, որ այս առաջարկների ճակատագիրը կանխորոշված էր՝ նրանք չէին անցնի: Սակայն այս մասին թերեւս ավելորդ է խոսելը, երբ ակնհայտ է՝ չանցան նույնիսկ նվազագույն փոփոխությունները: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել