Հավասարակշռվածները Մինչ ԵԽ եվրոպացի պատգամավորները Աթկինսոնի «ղարաբաղյան» զեկույցն ու դրա հիման վրա ընդունված բանաձեւը որակում են իբրեւ հավասարակշռված, մինչ չթաքցված հրճվանքով այն հավասարակշռված են համարում ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակները ու մինչ, որքան էլ տարօրինակ է, բանաձեւը հավասարակշռված են թոթովում նաեւ ՀՀ որոշ պատվիրակներ, Հայաստանում եւ Ադրբեջանում տարօրինակ բաներ են կատարվում: Բանն այն է, որ այդ «տոտալ» հավասարակշռվածությունը, չգիտես ինչու, միանգամայն անհավասար արձագանքներ է հարուցել հակամարտության հակադիր կողմերում: Բանաձեւի՝ ՀՀ-ում եւ Ղարաբաղում հարուցած տրամադրություններին արդեն անդրադարձել ենք. կրկնվել, թերեւս, չարժե: Ընդգծենք միայն, որ չնայած հավասարակշռվածությանը, դրանցում գերակշռում է անբավարարվածության, ափսոսանքի ու չսքողված ցավի զգացումը: Եվ ահա, որքան էլ որ անհասկանալի է, այդ նույն հավասարակշռվածությունը, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում աննախադեպ ցնծության տեղիք է տվել: Հետեւենք Ադրբեջանի առաջատար քաղաքագետների եւ քաղգործիչների գնահատականներին: Վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլու- «Սա Ադրբեջանի համար դիվանագիտական մեծ հաղթանակ էր: Էականն այն է, որ Հայաստանին այլ պետության տարածքների օկուպացման մեջ մեղադրեց եւ ագրեսոր ճանաչեց ոչ թե Իսլամական Կոնֆերանսը, ելնելով մուսուլմանական համերաշխությունից, այլ քրիստոնեական երկրներից բաղկացած ԵԽԽՎ-ն»: Պատգամավոր Այդին Միրզազադե- «Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ միջազգային-իրավական փաստաթղթում Հայաստանը միարժեքորեն անվանված է ագրեսոր երկիր, իսկ Ղարաբաղի ռեժիմը՝ անջատողական: Նույնքան միարժեք կերպով խոսվում է ադրբեջանական տարածքների օկուպացիայի փաստի մասին: Սա խոսում է այն մասին, որ Եվրոպան սկսել է ավելի մեծ շահագրգռություն հանդես բերել հակամարտության արդար կարգավորման հարցում»: Պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլի- «ԵԽԽՎ զեկուցող Աթկինսոնի հաշվետվության մեջ Ադրբեջանում առկա իրողությունների արտացոլումը ուժազուրկ արեց կեղծիքի վրա հիմնված հայկական ագիտացիան: Եվրոպական արժեքներ դավանող եվրապատգամավորները պաշտպանեցին Ադրբեջանի արդար դիրքորոշումը»: Քաղաքագետ Ասիմ Մոլլազադե- «Քաղաքական առումով այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպության կարծիքը, ինչպիսին է Եվրախորհուրդը, հետագայում վճռորոշ կարող է դառնալ այնպիսի կազմակերպությունների գործողությունների համար, որոնք հակամարտության լուծման համար կողմերի վրա ներազդելու ավելի գործուն լծակներ ունեն»: Ահա այսպիսի հետաքրքրաշարժ հավասարակշռվածություն: Նշենք, իհարկե, որ երկուստեք եղել են նաեւ համարժեք գնահատականներ: Օրինակ՝ երկու կողմում էլ ասում են, որ բանաձեւը իրավական հետեւանքներ չի կարող ունենալ: Միայն թե Բաքվում այդ ասում են ափսոսանքով, իսկ Երեւանում՝ դառնաժպիտ ուրախությամբ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ