Հոլիվուդյան
մարտաֆիլմերն ու մելոդրամները այսօր գրավել են ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ
հայաստանյան հեռուստաէկրաններն ու կինոթատրոնները: Թեեւ շատ հաճախ դուր
չեն գալիս այդ ֆիլմերի սենտիմենտալ սյուժեները, երբեմն մեզ անհասկանալի ու անհեթեթ
է նրանց հումորը, բայց էլի չենք դադարում զարմանալ ու հիանալ հոլիվուդյան կինոինդուստրիայի
ֆանտաստիկ տեխնիկական հնարավորություններով: Այս օրերին Երեւանում է ամերիկաբնակ
մեր հայրենակից Ժան Նշանյանը, որին հաջողվել է ճեղքել ու անցնել Հոլիվուդի «չինական
պատը»: «Դա այնքան էլ անհնարին չէ, որքան թվում է, ուղղակի պետք է հավատալ ու աշխատել»,-
համոզված է պրն Նշանյանը (դերասանին հայ հանդիսատեսը կհիշի Վիգեն Չալդրանյանի «Լռության
սիմֆոնիա» ֆիլմից, ուր նա մարմնավորել է հոգեբուժարանի գլխավոր բժիշկ Հայկ Բագրատունուն-
Ա. Ք.): 2004 թ. հուլիսի սկզբներին Ժ. Նշանյանն ու նրա կինը՝ սիրված դերասանուհի
Շաքե Թուխմանյանը, հրավեր էին ստացել Հոլիվուդից՝ նկարահանվելու հանրահայտ կինոռեժիսոր
Էնդրյու Նիկոլսի «Պատերազմի տիրակալը» ֆիլմում: Գլխավոր դերում հանդես է գալիս աշխարհահռչակ
դերասան Նիկոլաս Քեյջը: Վերջինս ֆիլմում խաղում է Ժ. Նշանյանի եւ Շ. Թուխմանյանի
«որդու» դերը: Ն. Քեյջը կինոսիրողներին ծանոթ է որպես «Սիմոնա» ֆիլմի ռեժիսոր: Ժ.
Նշանյանը տեղեկացրեց, որ «Պատերազմի տիրակալը» ֆիլմում հոր դերը խաղալու հայտ էր
ներկայացրել 150 դերասան, բազմաթիվ թեկնածուներից ընտրվել է ինքը: Այդ մասին դերասանն
իմացել է, երբ Երեւանում էր ու պատրաստվում էր խաղալ Վ. Չալդրանյանի նոր՝ «Ագաթանգեղոս»
ֆիլմում: Ի տարբերություն հայաստանյան ֆիլմերի, «Պատերազմի տիրակալի» բյուջեն
հսկայական է՝ շուրջ 60 միլիոն դոլար: Նկարահանումները իրականացվել են Նյու Յորքում,
Չեխիայում, անգամ Աֆրիկայի Քեփթան քաղաքում: Այժմ ֆիլմը մոնտաժման աշխատանքների փուլում
է: «Պատերազմի տիրակալը» պատմում է Օդեսայից Ամերիկա մեկնած մի ընտանիքի մասին:
Մանրամասն նկարագրվում են էմիգրանտի կարգավիճակում օտար երկրում ապաստանած ընտանիքի
կենցաղային ծանր պայմանները ու նրանց պատուհասած դժվարությունները: Ընտանիքի ավագ
որդին՝ Յուրան (Ն. Քեյջ) սկսում է զբաղվել զենքի առք ու վաճառքով, իսկ որոշ ժամանակ
անց դառնում այդ գործի իսկական մագնատ: Ֆիլմը ողբերգական ավարտ է ունենում: Յուրայի
մեղքով զոհվում է կրտսեր եղբայրը: «Մի քանի ամիս շարունակ ապրեցինք իսկական
աստղի կյանքով՝ շրջում էինք թիկնապահներով, լավագույն մեքենաներով, գիշերում ամենաբարձրակարգ
հյուրանոցներում»,- հիշում է Ժ. Նշանյանը՝ ֆիլմի մասին պատմելով: Նկարահանումների
ընթացքում նրանք հասցրել են բավականին մտերմանալ Նիկոլաս Քեյջի հետ: Հոլիվուդյան
աստղը հետաքրքրվել է Հայաստանով, համտեսել ու հիացել հայկական թթի օղիով: «Նկարահանումներից
մեկի ժամանակ ականջիս մոծակ էր կանգնել: Քեյջը աչքով-ունքով հասկացնում էր, որ դադարեցնեմ
նկարահանումը: Ականջս խայթոցից կարմրել, ուռել էր, բայց շարունակում էի խաղալ: Երբ
տեսարանն ավարտվեց, Քեյջը մոտեցավ ինձ ու հարցրեց, թե ինչո՞ւ չէի դադարեցնում նկարահանումը:
Պատասխանեցի, որ ես հայ եմ, իսկ իմ երկրում՝ Հայաստանում ժապավենի սակավության պատճառով
շատ հաճախ տեսարանը մի դուբլով ենք նկարահանում: Այդ փաստը նրանց շատ զարմացրեց ու
զվարճացրեց: Երկար ժամանակ հիշում ու ծիծաղում էին»,- պատմեց Ժ. Նշանյանը: Ի դեպ,
Ժ. Նշանյանը պատրաստվում է մեկնել Լոս Անջելես: Այնտեղ նա ղեկավարում է Վարդան Աճեմյանի
անվան թատերախումբը, որ գործում է 1984 թվականից եւ մինչ օրս շուրջ 30 ներկայացում
է բեմադրել: Ինչ վերաբերում է Շաքե Թուխմանյանին, նրա մասնակցությամբ մեկ
ուրիշ հոլիվուդյան ֆիլմ՝ Ալեքսանդեր Փեյնի «Կողքի ճանապարհը», վերջերս արժանացել
է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ երկու նոմինացիաներում՝ «Լավագույն կինոկատակերգություն»
եւ «Լավագույն սցենար»: Իսկ «Ոսկե գլոբուսը» ընդունված է համարել «Օսկարի» գլխավոր
փորձ: «Կողքի ճանապարհը» ֆիլմում Շ. Թուխմանյանը խաղում է մի հայ ընտանիքի մոր դերը:
ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ