Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Ասատրյանը ընտրարշավ է սկսել

Հունվար 29,2005 00:00

Երեկ Հայաստանի երիտասարդական կուսակցության
(ՀԵԿ) նախագահ Սարգիս Ասատրյանը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2005 թվականին
կուսակցության նախաձեռնած «երիտասարդական» միջոցառումների ցանկը: Եթե ընդդիմությունը
թեժ աշուն կամ գարուն էր խոստանում, ապա ՀԵԿ-ը մի ամբողջ թեժ տարի խոստացավ: Կուսակցության
կազմակերպելիք միջոցառումների գերակշռող մասը մշակութային է լինելու: Եվ քանի որ,
ըստ ՀԵԿ-ի առաջնորդի, «մշակութային քաղաքականություն իրականացնող մշակույթի նախարարությունը
ոչ թե կոնկրետ մշակութային ծրագրեր է իրականացնում, այլ միայն միլիոնավոր դոլարներ
է ծախսում չինովնիկների ճամփորդությունների համար», ուստի Ս. Ասատրյանը որոշել է
ինքը սատարել հայրենի մշակույթին: Նրա կարծիքով, «Այսօր Հայաստանում միակ արտահանվող
արժեքը, որի համար մենք չենք ամաչի, մշակույթն է»: Նրա ներկայացմամբ, միջոցառումները
կազմակերպելու նպատակներից մեկն էլ տաղանդավոր երիտասարդներ ի հայտ բերելն է: Միջոցառումների
շարքը կբացվի փետրվարի 27-ին՝ երիտասարդական առաջին պարային հեռուստափառատոնով: Ս.
Ասատրյանը վստահեցրեց, որ իրենց նախաձեռնությունը կոմերցիոն նպատակ չի հետապնդում
եւ որ կայանալիք մրցույթ-փառատոների ժյուրին կազմված է լինելու միայն «ազնիվ, պարկեշտ
ու բանիմաց» մարդկանցից: Ինչպես, օրինակ՝ պարային հեռուստափառատոնի ժյուրին գլխավորելու
է հայտնի պարուսույց Վանուշ Խանամիրյանը: ՀԵԿ-ը երեխաների, Հայրենական մեծ
պատերազմի եւ Եղեռնի 90-ամյակին նվիրված օրերը հիշելուց բացի, մտադիր է նաեւ Մարտի
8-ին գեղեցկության մրցույթ անցկացնել եւ հայրենի գեղեցկուհիներին բացահայտել: Ապրիլին
բուհերի 50 գերազանցիկ, բայց չկուսակցականացված ուսանողների համար կկազմակերպվի այցելություն
Արեւմտյան Հայաստան: Ս. Ասատրյանը տարեվերջին մի համաժողով էլ Արցախի հիմնահարցի
շուրջ է կազմակերպելու՝ «երիտասարդներին խնդրի ողջ լրջությունը տեսանելի դարձնելու
եւ վերջիններիս կոմպլեքսներից ազատելու համար, թե չէ՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ
այսօր կան քաղաքական եւ հասարակական կառույցներ, որոնք մեծ խանդավառություն են ապրում,
որ այս հարցի հետ կապված պրոբլեմների առաջ ենք կանգնում՝ նպատակ ունենալով ու մտածելով,
որ այդ պրոբլեմները կարող է վաղը իրենց քաղաքական դիվիդենդներ բերեն»: ՀԵԿ-ի
առաջնորդը վստահեցրեց, որ ծախսատար միջոցառումների համար իշխանությունները կամ իշխանամետ
օլիգարխները իրենց չեն ֆինանսավորելու, այլ «հովանավորելու համար հայթայթում ենք
ՀՀ ազնիվ քաղաքացիների, որոնք կողմնակից են Հայաստանում քաղաքացիական հասարակության
ստեղծմանը»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել