Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌՈՂՋՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հունվար 29,2005 00:00

Ահա
այս հարցին չեն կարողանում պատասխանել այն ծնողները, ովքեր երեխաներին ուղարկում
են դպրոց՝ միաժամանակ մտածելով, թե կկարողանա՞ երեխան տուն վերադառնալ առողջ, չմրսած:
Արդեն մեկ շաբաթ է, որ պաշտոնապես վերսկսվել են դասերը հանրակրթական հաստատություններում,
սակայն բացակայությունների առումով շատ տխուր վիճակ է մայրաքաղաքի գրեթե բոլոր դպրոցներում:
Նույնիսկ այնտեղ, որտեղ ջեռուցման քաղաքակիրթ համակարգ է գործում, աշակերտները, միեւնույն
է, խուսափում են սառած մայթերով հասնել դպրոց: Այս մասին են վկայում մայրաքաղաքի
դպրոցներում արված մեր հարցումները: Հունվարի 24-ից հակահամաճարակային տեսչության
աշխատակիցներն այցելում են դպրոցներ եւ ջերմաչափումներ անում: Առաջին օրերին արձանագրած՝
դասասենյակների խիստ ցածր ջերմաստիճանից հետո հակահամաճարակային տեսչությունը դիմել
է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչություն եւ հայտնել, որ եթե դասասենյակների
ջերմությունը չբարձրանա գոնե մինչեւ 17 աստիճան, ապա անհրաժեշտություն կծագի դպրոցները
նորից փակել: Քանի որ հանրապետությունում օրեցօր աճող կարմրուկի (եւ օդակաթիլային
ճանապարհով անցնող այլ հիվանդությունների) համար ցածր ջերմաստիճանը նպաստավոր պայմաններ
է ստեղծում զարգանալու: Ի դեպ, վերջին մեկ շաբաթում կրկնակի մեծացել է հոսպիտալացված
կարմրուկով հիվանդների թիվը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ հասնելով մոտ 100-ի:
«Առաջին օրերին ջերմաստիճանը դասասենյակներում պահանջվածից ցածր էր, բայց
հետո մենք դպրոցների հետ համատեղ աշխատանքներ տարանք եւ փորձեցինք որոշ չափով շտկել
իրավիճակը»,- մեզ հետ զրույցում ասաց հակահամաճարակային տեսչության տնօրեն Արտյոմ
Վանյանը: Իսկ իրավիճակը, ըստ պրն Վանյանի, որոշ չափով շտկվել է հետեւյալ կերպ. հյուսիսային
կողմի սենյակներից դասերը տեղափոխվել են հարավային կողմ: Ստացվում է, որ դասասենյակներում
ծանրաբեռնվածությունն այնքան քիչ է, որ մի ամբողջ հյուսիսային կողմ կարող է դաս պարապել
հարավայինի հետ միասին: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի
հետ զրույցից կարելի էր ենթադրել, որ մեր դպրոցներն իրականում ոչ մի խնդիր էլ չունեն:
Ավելին, նա նույնիսկ նոր ստանդարտներ մեջբերեց: Ըստ պրն Վաթյանի, պահանջվող նվազագույն
ջերմաստիճանը դասասենյակներում պետք է լինի ոչ թե 17, այլ՝ 14-18, ինչն էլ, ըստ վարչության
պետի, ապահովված է 140-ից ավելի դպրոցներում: «18 աստիճանից բարձր ջերմային ռեժիմ
է գրանցվել 60 դպրոցում (հիշեցնենք, որ լոկալ ջեռուցման համակարգով ապահովված է ընդամենը
25 դպրոց-Հ. Բ.): Միայն 3-4 դպրոցի դեպքում մենք մտահոգություն ունենք, տագնապալի
բան չկա»,- վստահեցնում է Օ. Վաթյանը: Նա նաեւ ավելացրեց, որ երեկ դպրոցներում 80
տոկոս հաճախելիություն է գրանցվել, 2 օր առաջ՝ 62-68 տոկոս: Հ.
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել