Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿԿ-ն ԱՊՀ-ից պահանջում է ճանաչել Ցեղասպանությունը

Հունվար 29,2005 00:00

Հունվարի 21-ին Մոսկվայում տեղի է ունեցել Կոմունիստական կուսակցությունների միություն-ԽՄԿԿ (ԿԿՄ-ԽՄԿԿ) խորհրդի նիստը:

Նիստին մասնակցել է նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա տեղեկացրեց, որ հայ կոմունիստների նախաձեռնությամբ նիստի քննարկմանն է դրվել եւ ընդունվել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ԱՊՀ երկրների կողմից ճանաչման հարցը: ՀԿԿ-ն այս հարցը բարձրացնելու երկու պատճառ է ունեցել. «Այս տարի լրանում է եղեռնի 90-ամյակը, եւ Եվրախորհուրդը կանաչ ճանապարհ է տվել՝ այս տարվա հոկտեմբերին բանակցություններ սկսել Թուրքիայի հետ, որը հետագայում այդ երկրին կթույլատրի Եվրամիությանն անդամակցել»,- ասում է Ռուբեն Թովմասյանը: Ապա՝ «ԱՊՀ կոմկուսները՝ ելնելով նրանից, որ Թուրքիան այսօր համարվում է միջազգային իմպերիալիստական ուժերի գլխավոր դերակատարներից մեկը, ԱՄՆ-ի սերտ դաշնակիցը, եւ այն հանգամանքը, որ եվրոպական մի քանի երկրներ գտնում են, որ Թուրքիայի հետ վարվող բանակցություններում նախապայման պետք է լինի 1915 թվականի Ցեղասպանության ճանաչումը, միաձայն ընդունեցին հայտարարությունը»: ԱՊՀ կոմկուսներին հանձնարարվել է իրենց հանրապետություններում համապատասխան աշխատանք տանել եւ պահանջել իշխանություններից՝ ճանաչել Ցեղասպանությունը:

«Հասարակությունը սովոր է, որ նման պահանջներ լսի ՀՅԴ-ի կողմից, եւ բացի այդ, կոմկուսի պատմության մեջ չի եղել դեպք, երբ բարձրաձայն խոսվի Ցեղասպանության ճանաչման մասին. ինչո՞վ է պայմանավորված կոմունիստական գաղափարախոսությունում այս նորամուծությունը» «Առավոտի» դիտարկմանը ընկեր Թովմասյանն արձագանքեց. «Կան կուսակցություններ, որոնք ոչնչից մեծ աղմուկ են սարքում, եւ կան կուսակցություններ, որոնք բովանդակալից աշխատում են հայանպաստ հարցերում: Սովետական տարիներին կառուցվեց Եղեռնի հուշարձանը, ընդունվեց ապրիլի 24-ը, հայ ժողովրդի այդ հատվածի պատմությունն արտացոլող կինոնկարներ նկարահանվեցին, գրականություն հրատարակվեց, տեղանքների անվանակոչություններ եղան: Այդ ամենն արվեց համբերատար, բովանդակալից, ժողովրդի մեջ վառ պահելով զոհերի հիշատակը: Շարունակելով հարստացնել մեր ժառանգությունը՝ կոմկուսն այսօր գտնում է, որ ներկայիս իրավիճակում անհրաժեշտ է Ցեղասպանության ճանաչման հարցն առաջ քաշել»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել