Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՐՑԱՇՐՋԱՆ 2005-ՈՒՄ

Հունվար 28,2005 00:00

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՐՑԱՇՐՋԱՆ 2005-ՈՒՄ Երեկ ՀՖՖ-ում կայացավ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստ: Օրակարգում դրված էր երկու հարց՝ 2005 թվականի ոչ սիրողական ակումբների միջեւ մրցումների անցկացման կանոնակարգի հաստատում եւ «Կոտայք» ֆուտբոլային ակումբի թիմի անվանափոխություն: Ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի պետ Ռոբերտ Դալլաքյանը գործկոմի անդամներին ներկայացրեց եղած առաջարկությունները՝ նշելով, որ դրանք ժամանակին բաժանվել են ակումբներին նախապես ծանոթանալու, դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնելու համար: Առաջ անցնելով՝ տեղեկացնենք, որ «Կոտայք» ակումբը, որի հովանավորներն իրանցիներ են, դիմել է ֆեդերացիա՝ իր թիմի անունը «Էսթեղլալ-Կոտայք» փոխելու առաջարկով: Գործկոմը միաձայն բավարարեց այդ խնդրանքը: Քանի որ մրցաշրջան-2005-ում Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջնությունը նախատեսվում է անցկացնել 9 թիմով, իսկ հաջորդ տարի թիմերի թիվն ավելացնել եւս մեկով, ուստի որոշվեց մրցաշրջանի ավարտին, ի տարբերություն նախորդ տարվա, առաջին խմբի հաղթողին անմիջականորեն բարձրագույն խումբ տեղափոխվելու իրավունք տալ, իսկ երկրորդ թիմին որոշելու համար անցումային հանդիպում կազմակերպել առաջին խմբում 2-րդ տեղը գրավողի եւ բարձրագույն խմբի աղյուսակը եզրափակող թիմի միջեւ: Ռ. Դալլաքյանը տեղեկացրեց, որ եթե անցած տարի առաջնությունն անցկացվեց շրջանաձեւ մրցակարգով՝ չորս շրջանով, այս մրցաշրջանում առաջարկվում է այն կազմակերպել երկու փուլով՝ յուրաքանչյուրը երկու շրջան: Առաջին շրջանի ավարտից հետո վեց առաջին տեղերն զբաղեցնող թիմերը միմյանց միջեւ կպայքարեն չեմպիոնին ու մրցանակակիրներին որոշելու՝ ոսկե միավորներով, իսկ 7-9-րդ տեղեր զբաղեցնողները՝ ընդհանուր միավորների հաշվարկով վերջին տեղը գրավողին որոշելու համար: Գավաթային մրցումները նախատեսվում է սկսել մարտի 8-ին եւ եզրափակել մայիսի 9-ին: Սուպերգավաթի հանդիպումը նշանակվում է մայիսի 27-ին: Հանրապետության բոլոր թիմերը պետք է գավաթային հանդիպումներին, բոլոր առաջնություններին իրենց մասնակցությունը հաստատեն մինչեւ փետրվարի 5-ը, իսկ մուտքավճարները մուծեն մինչեւ փետրվարի 10-ը: Ուշացման դեպքում ակումբները հարկադրված են լինելու վճարել 500 հազար դրամ տուգանք: Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկը նախատեսվում է ապրիլի 12-ին: Թույլատրվում է դուստր թիմերից այսուհետ անսահմանափակ թվով ֆուտբոլիստների իրավունք տալ հանդես գալու բարձրագույն խմբում, իսկ բարձրագույնից ավելի ցածր կարգ անցնելու թիվը սահմանափակել 2-ով: Առաջարկվեց այսուհետ բողոքարկումների դեպքում ակումբների՝ ֆեդերացիա մուտքագրված գումարի վերադարձման չափը ուղիղ համեմատական դարձնել բավարարված կետերին: Գործկոմի անդամները տեղում արեցին մի շարք առաջարկություններ, որոնք հստակություն մտցրին կոնկրետ հարցերում եւ նույնպես քվեարկությամբ ընդունվեցին: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել