ՆՈԲԵԼՅԱՆԱՑՈՒՆ՝ ՔԻՍԱՉՈՒ ԴԵՄ Արտեմ Հարությունյանի պատասխանը Աբգար Ափինյանին «Ես կզարմանայի, եթե Ափինյանի պես ապաշնորհը՝ Ջրբաշյանի «Գրականագիտություն» հորջորջվող հնացած ձեռնարկից իր գոսացած ամսագրում ցիտատներ բերող այդ անտերուդուս թուղթ մրոտողը ի վիճակի լիներ գնահատել իմ «Հուդայի արձակուրդը» գիրքը»,- ասաց բանաստեղծ Արտեմ Հարությունյանը՝ ի պատասխան «Առավոտում» Ափինյանի օրերս հայտնած կարծիքի: Վերջինս դժգոհել էր Ա. Հարությունյանի վերոնշյալ գրքին մրցանակ շնորհելու կապակցությամբ, իսկ Գրողների միության ղեկավարությանը մեղադրել Ա. Հարությունյանին հովանավորելու մեջ: «Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ Հրանտ Մաթեւոսյանի նախագահ եղած ժամանակ 100 մետր էլ չէի կարող մոտենալ Գրողների միությանը, ապա միանգամից ասեմ, որ նողկանքից չէի մոտենում, քանի որ այնտեղ աշխատում էր Ափինյանի նման գրչակը… Եթե Հրանտի ձեռքին ճար լիներ, հենց նույն րոպեին դուրս կաներ այդ աներես մարդուն, որ չգիտեմ ինչ ձեւերով եկել-խցկվել էր Գրողների միությունում ու իրեն քարտուղար հռչակել: Լավ էր՝ հետո գլխի ընկան, որ նա ոչ մի կապ չունի գրականության հետ»,- շարունակեց պոետավարի զայրանալ պրն Հարությունյանը: Անդրադարձ եղավ «Նոր դար» ընկերության ղեկավարի մտերիմներից մեկի՝ Խաչիկ Մանուկյանի պոեզիային, որին Ափինյանը շատ է ուզում տեսնել Գրողների միության նախագահի պաշտոնում: «Ափինյանն իր ամսագրում, «Հայ գրականության ընտիր էջեր» վերնագրի տակ տպագրում է մեկ այլ սկսնակ ոտանավորչու, անտաղանդ փինաչու՝ Խաչիկ Մանուկյանի նեյնիմները: Օրինակ, մի բանաստեղծության մեջ էդ Խաչիկն ասում է՝ «Պապիս մահակը կիջեցնեմ Եվրախորհրդի վրա»: Պապն էլ, պարզվում է, երկնքում է, որ իջեցնի՝ հենց իրեն՝ Խաչիկին է կպնելու մահակը: Մեղք չի՞ էդ տղան: Կամ գրում է. «Վա՜յ, մեր քուչի մոզին կերավ խոտը, տեղը աթարը փռեց շեմին»: Ես խորհուրդ կտամ մաքրել տան շեմն ու գեղի մերձակայքը, իսկ աթարը վառել՝ տաքացնելու համար իրենց խղճուկ ինտելեկտները: Խաչիկը մասնագիտացել է աթարը պոեզիայում պրոպագանդելու գործում, փորձում է անմեղ աթարը խցկել իր տափակ պոեզիա եւ ոգեղենացնել, բայց փոխանակ գոմաղբը ոգեղենանա, պոեզիան է թրիքանում»,- գրչակցի մասին ահա այսպես արտահայտվեց գրականության գծով Նոբելյան մրցանակի հավակնորդ Արտեմ Հարությունյանը: Վերջինս չխնայեց նաեւ ՀՀ նախագահի նախկին խորհրդական, նախագահի աթոռի (իհարկե՝ Գրողների միության- Գ. Հ.) մեկ այլ հավակնորդ գրողի՝ Ռ. Դավոյանին. «Նա պետք է դեռ շատ աշխատի իր վրա՝ մեյդան գալու համար: Պատկերացնում եմ՝ ոնց է Ռազմիկ Դավոյանը Խաչիկի հետ թեւ թեւի տված զբոսնելու Ափինյանի հիմնած հանճարախնամ ապուշների ակադեմիայում, որի հենասյուները իրենք են լինելու: Ափինյանը մարդիկ է հավաքել, որոնք արդեն կրակած պարկուճ են հիշեցնում»: Արտեմ Հարությունյանի համոզմամբ, Ափինյանի ու նրա ամսագրում տպագրվող բանաստեղծների պատճառով, քայքայվել է շատ ընթերցողների առողջ քիմքը, «սրանք եկել են եւ նեյնիմի պարկապզուկն են փչում իրենց կավե ոտքերով եւ կավե գլուխներով»: Ա. Հարությունյանը զուսպ արտահայտվեց միայն ՀԳՄ նախագահի հնարավոր թեկնածուներից մեկի՝ Զորի Բալայանի հասցեին (հավանաբար, հաշվի առնելով, որ գրող-հրապարակախոսը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հովանավորյալն է). «Զորի Բալայանը տանկի պես աշխատել է Ղարաբաղի համար, արժանի գրող է եւ իր ազգի արժանի զավակը: Բայց Զորիկը ափսոս չէ՞, որ իր ժամանակն այդպես վատնի: Լավ կլինի Լեւոն Անանյանը, որ լավ կազմակերպիչ է եւ վիթխարի գործ է արել, շարունակի իր աշխատանքը, Զորիկն էլ հրաշալի վեպեր գրի ազգային-ազատագրական պայքարի մասին»: Ա. Հարությունյանը համաձայն չէ Ա. Ափինյանի այն դիտարկմանը, թե ներկայիս Գրողների միության կառուցվածքը ժառանգված է ստալինյան ժամանակներից, իսկ Լեւոն Անանյանը ՀԳՄ անհաջող նախագահ է. «Ստալինի ժամանակները Ափինյանն իզուր է կոչում, որովհետեւ իր ձեւերը, պրիոմները տիպիկ ստալինյան վարչական ձեւեր են, իր մտածողությունն էլ նույն պարտիական ընդգրկում ունեցող եւ ժամանակակից գրականության հետ չառնչվող: Ափինյանը լավ կանի Գրողների միությունից դուրս այլ աշխատանք փնտրի, օրինակ, որեւէ բաղնիքում գրականության տեսության քիսաչի աշխատի կամ լքված պրոֆսայուզի պատի թերթի՝ օրավարձով խմբագիր: Իսկ Գրողների միության կատարած աշխատանքը ես դրական եմ գնահատում, մանավանդ Լեւոն Անանյանի գալուց հետո»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ