«ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ԹԱԼԱՆԸ ՉԷ» Ասում է ՀՀ փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանը – Դուք նոր եք վերադարձել Մոսկվայից, որտեղ մասնակցում էիք Փաստաբանների համագործակցության միջազգային միության նիստին: Ի՞նչ հարցեր էին քննարկվում այնտեղ: – Հունվարի 14-ին այդ միության վարչության նիստն էր, ուր մասնակցում էի որպես փոխնախագահ: Կառույցը հին է, գործել է նախկին Խորհրդային Միության տարածքում եւ միությանն անդամակցում են եվրոպական, ԱՊՀ պետությունների (բացառությամբ Ադրբեջանի եւ Վրաստանի) փաստաբանների միությունները: Նիստի ժամանակ փոխվեցին առանձին կառույցների ղեկավարները, հաստատվեց միության բյուջեն: Միության նպատակը միասնական փաստաբանական գործունեության իրականացման խնդիրների լուծումն է, փաստաբանության պաշտպանվածության մեխանիզմների մշակումը: Նախկինում մենք մեր արտոնագրերով, վկայագրերով մասնակցում էինք խորհրդային բոլոր հանրապետությունների քրեական եւ քաղաքացիական գործերին: Խորհրդային Միության փլուզումից հետո մենք այդ իրավունքից զրկվել էինք: Եվ հարց դրվեց վերականգնել նախկին իրավունքները: – Սակայն վերջերս մենք ունեցել ենք քրեական գործով փաստաբան ՌԴ-ից: – Նա քրեական գործով տուժողի ներկայացուցիչ էր, իսկ ընդհանրապես քրեական գործերով արտերկրից որեւէ փաստաբան չի մասնակցել հայաստանյան դատավարություններին: – Պրն Փիլիպոսյան, դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում ընդունվեց «Փաստաբանական գործունեության մասին» նոր օրենքը: Ձեր, փաստաբանների բոլո՞ր առաջարկները տեղ գտան օրենքում: – Գրեթե բոլորը: Դժգոհ եմ միայն, որ օրենքում պահպանվեց այն դրույթը, թե վստահորդ-փաստաբան հարաբերությունները (վարձատրության հարցով) լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Իհարկե, գտնում եմ, որ փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է, որպեսզի փաստաբանն ազատ գործի, բայց մենք այն երկրում չենք, որ ժողովրդին պարտադրենք, որ յուրաքանչյուր փաստաբանի ցանկությունը վճարման հարցում կատարի: Օրենքը պետք է որոշակի դրույթ պարունակի վճարման չափորոշիչները ձեւակերպելու հարցում կամ օրենքով վերապահություն արվեր մեր պալատի խորհրդին՝ այդ չափորոշիչները մշակելու համար: Փաստաբանն աշխատում է գրասենյակում, քաղաքացիները գալիս են ընդունելության եւ պայմանավորվում որոշակի գումարի շուրջ: Քաղաքացին, փաստորեն, նախօրոք չգիտի, թե ինչքան պետք է վճարի: Նախկինում կար կայուն դրամաչափ, որոնք հաստատված էին մեր միության ընդհանուր ժողովի կողմից: Բազմաթիվ դժգոհություններ ունեմ, որ փաստաբանը մեծ գումարներ է վերցրել: – Իսկ ընդհանրապես անցյալ տարվա ընթացքում որքա՞ն դժգոհություններ են եղել Ձեր միության փաստաբաններից: – 4-5 փաստաբանի համար են դիմել եւ միության կարգապահական հանձնաժողովը զբաղվել է նրանցով: – Մեր թերթում եւս հնչել էին տարբեր կարծիքներ՝ կապված պալատի նախագահի ընտրությունների հետ: Ի վերջո, ի՞նչ ունենք մենք: – Նախ անցավ պալատի նախագահի համար փաստաբանական յոթ տարվա ստաժի առաջարկը: Իհարկե, առաջարկվել էր 10-ից մինչեւ 15 տարի: Նորություն էր օրենքում հանրային պաշտպանի ինստիտուտի ձեւավորումը: Ստեղծվելու է հանրային պաշտպանի գրասենյակ: Պետական բյուջեով մոտ 24 մլն դրամ է նախատեսված, որը երեւի դարձյալ քիչ է: Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները առաջին անգամ կմասնակցեն նաեւ քաղաքացիական գործերով վարույթներին (ալիմենտի եւ վնասի հատուցման գործերով), գրասենյակի համար կառանձնացվեն որոշակի փաստաբաններ (25-30) եւ որպեսզի դժգոհություն չլինի, մենք մրցութային կարգ ենք սահմանել: Պալատը կունենա մի կառույց, որը պատասխան կկրի միայն աղքատների պաշտպանության համար: Գրասենյակի վրա է դրված գործերի բաշխումը, նշանակումը, որակի ստուգումը: Այս փաստաբանները կունենան կայուն աշխատավարձ, կվճարվեն համայնքի դատախազի աշխատավարձին համարժեք գումարով՝ 160-180 հազար դրամի չափով: – Իսկ մարզերում ունե՞ք փաստաբանական գրասենյակներ: – Ոչ միայն ունենք, այլեւ այնտեղ առաջիկայում կունենաք հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ: Մեզ համար կարեւորվում է արագ արձագանքման հարցը: Չստացվի այնպես, որ Շիրակի մարզում քննություն կա եւ չկարողանանք ապահովել պաշտպանին որոշակի ժամկետում: Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ