Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի քաղաքապետն ինքնահիացած էր

Հունվար 28,2005 00:00

Գյումրիի քաղաքապետն ինքնահիացած էր Երեկ Գյումրիի ավագանու նիստով, առանց «անտեղի» առարկությունների ու առաջարկների, հաստատվեց 2005 թ-ի համայնքի բյուջեն: Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ներկայացնելով՝ այս տարի «ուժեղ» բյուջե են կազմել՝ 1 մլրդ 600 մլն դրամ. «Անգամ եթե որոշ ֆինանսական կառույցներ գան եւ տեսնեն, կմտածեն, որ իրենք նման բեռ վերցնելով՝ գործին կամ ծանոթ չեն, կամ էլ տղայական հայրենասիրություն են արել»: Թեեւ ավագանու նիստ էր, սակայն ամբողջ ընթացքում խոսեց միայն քաղաքապետը, այն էլ՝ մեծ ոգեւորությամբ: Վերջինս «թերահավատներին» փորձում էր «հավատացնել», որ որքան էլ սրտատրոփ սպասեն, միեւնույն է՝ ինքը «պռավալ» տվողներից չէ: Եվ որպես ակնառու օրինակ՝ շնչակտուր համեմատում էր 1999 թվականը (երբ ինքը քաղաքապետ չէր) 2004 եւ 2005 թվականների հետ. օրինակ, 1999-ին քաղաքում 200 կետ էր լուսավորվում, այժմ՝ 1670, այն ժամանակ սեփական եկամուտները 50-70 մլն դրամ էին, այժմ հավաքագրվելու է 835 մլն դրամ: Քաղաքապետի խորին համոզմամբ, փոքրիկ քաղաքում «քրտնաջան» աշխատանք է կատարվել. 2004թ-ի բյուջեն կատարվել է 96,05 տոկոսով, որն էլ Վարդան Ղուկասյանի ասելով՝ «ոչ թե Շիրակի մարզում, այլ ամբողջ հանրապետությունում լավագույն ցուցանիշ է»: Իմիջիայլոց, վերջինիս ելույթը թե ինքնագովեստ էր եւ թե քարոզ: Հարկերի հավաքագրման մասին խոսելիս չմոռացավ շեշտել, որ այն Գյումրիում սկսվում է «Օազիսից»՝ իր եղբոր սրճարանից, եւ որ արդեն 4 տարի է քաղաքում «էդպիսի մարդ չկա», որ հարկեր չմուծի: «Եթե մարդը աշխատում է, բայց չի ուզում էդ գումարները տալ, լավ մարդ չէ՝ սկսած ինձանից՝ որպես սեփականություն ունեցողի, վերջացրած մյուսներով»,- հավատացնում էր քաղաքապետը: Ի դեպ, Գյումրիի հանրային խորհրդի նախաձեռնող խմբից եղան առաջարկներ բյուջեն համալրելու այլընտրանքային, լրացուցիչ միջոցների որոնմամբ, օրինակ՝ գրանտների: Նախաձեռնողների ներկայացնելով՝ դրա համար անհրաժեշտ է քաղաքապետարանում ստեղծել հատուկ բաժին կամ հանձնաժողով: Հետաքրքիրն այն էր, որ ամեն մի առաջարկ լսելով՝ Գյումրիի քաղաքապետը հիշեցնում էր, որ իր մտահղացումը վերցրել, այժմ էլ իրեն են ներկայացնում: Վարդան Ղուկասյանը փորձում էր նաեւ լրագրողներին հավատացնել, որ բյուջեի 215 մլն դրամով ավելանալը ամենեւին էլ կապված չէ սպասվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հետ, որին պատրաստվում է դարձյալ իր թեկնածությունը դնել: Նրա ասելով՝ ամեն տարի 100 մլն դրամով ավելացրել են բյուջեն, դրա համար էլ «էդպիսի արդյունքի են հասել»: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել