Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԻԵՎԸ

Հունվար 28,2005 00:00

ԱԼԻԵՎԸ ՊԻՏԻ ԽՈՍԻ «ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ» ՀԵՏ Երեկ ասուլիսում «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին հարց ուղղեց Աթկինսոնի բանաձեւի այն դրույթի վերաբերյալ, թե բանակցությունների ընթացքն ավելի դյուրին կլիներ, եթե ԼՂ ներկայացուցիչները մասնակցեին դրան, եւ հետաքրքրվեց, թե արդյոք ԵԽ-ն այդպիսի նախաձեռնություն կցուցաբերի՞ եւ առհասարակ՝ Ստրասբուրգում ի՞նչ շարունակություն է ունենալու ԼՂ խնդիրը: Թերի Դեւիսն ի պատասխան ասաց. «Այս հարցը վերաբերում է ԼՂ ներկայացուցիչների մասնակցությանն իր ապագային վերաբերող բանավեճին: Նկատել եմ, որ փաստաթղթում դա վերաբերում է 2 համայնքներին էլ՝ նրանց, ովքեր իրենց համարում են հայեր ու ադրբեջանցիներ, նկատել եմ նաեւ, որ բանաձեւն Ադրբեջանի նախագահին եւ իշխանություններին կոչ է անում հանդիպել այդ մարդկանց՝ առանց որեւէ նախապայմանների: Ես աջակցում եմ այդ գաղափարին: Դժվար կլինի հասնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման, եթե այս գործընթացում չընդգրկվեն մարդիկ, ովքեր իրենց համարում են լեռնային ղարաբաղցի: Նրանք պե՛տք է ընդգրկվեն բանակցություններում, այլապես դա նման կլինի նրան, որ Հյուսիսային Կիպրոսի ապագան կարգավորվի՝ առանց ընդգրկելու Հյուսիսային Կիպրոսում ապրող մարդկանց, որոնք թուրքեր են: Ես երբեք չեմ հավատա, թե լուծումը հնարավոր կլինի առանց բանակցություններում ընդգրկելու այն մարդկանց, ովքեր ապրում են այնտեղ՝ Ղարաբաղում: Ես բողոքներ եմ ստացել ԼՂ-ից, այն մարդկանցից, ովքեր ղեկավարում են այնտեղ, թե ճիշտ չեն փորձերը՝ իրենց ապագան կարգավորել իրենց թիկունքում, առանց լսելու իրենց կարծիքը: Այս պատճառաբանված տեսակետը պետք է նկատի առնել: Կարծում եմ, թե առաջընթաց քայլ կլինի, եթե նախագահ Իլհամ Ալիեւը նախաձեռնություն ցուցաբերի՝ ասելով, այո՛, ես գնում եմ առանց որեւէ նախապայմանի խոսելու այդ մարդկանց հետ ԼՂ-ում: Չէ՞ որ իր տեսանկյունից դրանք իր քաղաքացիներն են: Չէ՞ որ մյուս ադրբեջանցիներից բացի՝ քաղաքացիներ են նաեւ ԼՂ-ում ապրողները, եւ նա պարտավորություն ունի խոսելու իր քաղաքացիների հետ: Չեմ կարծում, թե որեւէ նախապայման դնելը ճիշտ է՝ այն ավելի կնվազեցնի բանակցելու հնարավորությունը: Ես լավատես եմ, որ Ալիեւը նկատի կառնի այդ ճանապարհը: Դուք հարցնում եք՝ արդյոք ԵԽ-ն կնախաձեռնի՞ նման բանավեճ: Ո՛չ: Ես ոչինչ չեմ անի, որը կարող է հեռացնել Մինսկի խմբին: Թեեւ ընդունում եմ, որ շատ քննադատություն կա Մինսկի խմբի համանախագահողների հասցեին Ադրբեջանից եւ հասկանում եմ դրա պատճառները»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել