Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտահրավերներ՝

Հունվար 28,2005 00:00

Մարտահրավերներ՝ ՀՀ-ի առջեւ Դրանք թվարկում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանը։ Նախկին պաշտոնյան 2005թ.-ին Հայաստանին սպասվող հնարավոր զարգացումները գորշ գույներով պատկերեց: Իր գնահատականներում եւ կանխատեսումներում նա հիմնականում շեշտադրում արեց տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների եւ Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության վրա: Երկրորդելով ՀՀ ներքաղաքական կյանքում իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների զարգացումը՝ նա կարեւորեց մասնավորապես ՀՀ կրթական, սոցիալական ոլորտներում տիրող անմխիթար իրավիճակը եւ մեր երկրի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին դիմագրավելու ներքին ռեսուրսի խնդիրը: «Տարիների ընթացքում, առավել եւս՝ զինադադարից հետո, այդ հակամարտության կարգավորումն աստիճանաբար տեղափոխվում է մեզ համար առավել անբարենպաստ դաշտ: 94-ից հետո մենք շատ ավելի լավ դիրքերում էինք, քան՝ դրանից հետո: Պատճառները եւ օբյեկտիվ էին, եւ սուբյեկտիվ»,- թվարկելով այդ մարտահրավերներից ամենակարեւորը՝ ԼՂ հակամարտության կարգավորումը, արձանագրեց պրն Շիրխանյանը: Ըստ նրա, ԼՂ հարցում հայ ժողովուրդն այլընտրանք չունի, քան հակամարտությունը հայանպաստ ճանապարհով լուծելն է: Մանրամասնելով այս վերջին ձեւակերպումը՝ Վ. Շիրխանյանը մեզ հետ զրույցում ասաց, թե հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա: Իսկ ԼՂ ժողովուրդը ինքնորոշվել եւ հանրաքվեի միջոցով հայտարարել է անկախ պետության կազմավորման մասին: Ինչ վերաբերում է ԼՂ անվտանգության գոտի հանդիսացող «գրավյալ» տարածքներին, ապա, ՊՆ նախկին փոխնախարարի ասելով, դրանք հարցեր են, որոնք կարող են լուծվել բանակցային գործընթացում: «Եթե այդ բանակցությունների արդյունքում հարգվելու է ԼՂ ինքնորոշման իրավունքը՝ կողմերը կարող են համաձայնության գալ ամենատարբեր խնդիրների շուրջ, այդ թվում՝ տարածքների, սպառազինության եւ այլն»,- իր տեսակետը պարզաբանեց Վ. Շիրխանյանը: Նրա դիտարկմամբ, կան արտաքին՝ տարածաշրջանային այլ մարտահրավերներ, որոնք կարող են ազդել ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա: «Դա Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններն են, որոնք նույնիսկ ռազմական գործողությունների բացակայության, բայց այդ հարաբերությունների լարման պայմաններում կարող են հանգեցնել Հայաստան-Իրան սահմանի փակման: Իսկ առավել եւս ռազմական գործողությունների պայմաններում ընդհանրապես որեւէ հարաբերություն՝ Իրան-Հայաստանի, լինել չի կարող: Ես էլ չեմ ասում գազատարի շինարարության մասին»,- կարծիք հայտնեց նա: ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա ազդող մյուս մարտահրավերը նա համարեց Վրաստանում տեղի ունեցող զարգացումները: Ըստ նրա, այս տարի այդ երկրում սկսված բարեփոխումները կշարունակվեն, օրինականությունը կամրապնդվի, կաշառակերության դեմ պայքարը կտա լուրջ արդյունքներ, կավարտվի եւ շահագործման կհանձնվի Բաքու-Ջեյհան նավթամուղը: «Իսկ դրա արդյունքում Վրաստանն ու Ադրբեջանը կունենան բավականին բարձր եւ, ի տարբերություն Հայաստանի, իրական ցուցանիշներ: Այս ֆոնի վրա Հայաստանի սոցիալ-տնտեսական ցուցանիշները հարեւան երկու երկրների համեմատ ավելի ակնառու կլինեն: Իսկ դա անպայմանորեն կազդի ՀՀ ներքաղաքական կյանքի վրա»,- նկատեց Վ. Շիրխանյանը: Որպես Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավեր՝ նա մատնանշեց նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, որոնք, վերջինիս գնահատմամբ, քաղաքական դաշտից տեղափոխվում են «ռազբորկաների» դաշտ: Ն. Մ.Հ.Գ. Վ. Շիրխանյանի հետ ավելի ծավալուն հարցազրույցը՝ առաջիկա համարներից մեկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել